Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԾՐՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԽԵԼՈՔ ԱՇԽԱՏՈՂ Է

Մարտ 22,2007 00:00

\"\"Համենայնդեպս, նա վերջին երկու ամսում ծառ չի կտրել

Աջափնյակ համայնքի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանի 100 օրն էլ չի լրացել, ինչ նա զբաղեցնում է բնապահպանության փոխնախարարի պաշտոնը: Նրա՝ թաղապետ լինելու օրոք համայնքի բնակիչները մեծ դժգոհություններ ունեին, որ Արծրուն Խաչատրյանի անմիջական մասնակցությամբ կտրվել են մի շարք ծառեր եւ տեղը կրպակաշարեր են տեղադրվել, ուստի, բնակիչների ներկայացմամբ, «բնությունը ոչնչացնող նման մարդն» ամենաքի՛չը իրավունք ուներ զբաղեցնելու բնապահպանության փոխնախարարի պաշտոնը: Խոսքը մասնավորապես համայնքի Մարգարյան փողոցի թիվ 19 շենքի հարեւանությամբ տեղադրված կրպակաշարի մասին է: Հինգ կրպակ զբաղեցրել է ամբողջ մայթը, եւ մարդիկ այդ հատվածով անցնելիս ստիպված են փողոցով քայլել, որովհետեւ մայթից նույնիսկ ոտքի տեղ չի մնացել: Անգամ փողոցը լուսավորող էլեկտրասյունն է կրպակի միջով անցնում:

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի վերջին ասուլիսի ժամանակ, երբ տեղեկացրին նախարարին, թե իր նորանշանակ տեղակալը թաղապետ լինելու օրոք ծառ կտրողի համբավ է վայելել, Վ. Այվազյանը՝ ի պաշտպանություն փոխնախարարի, ոչինչ չկարողացավ ասել, պատճառաբանելով, որ «15 օր է, ինչ նրան ճանաչում եմ եւ չեմ կարող ասել՝ ինչպիսի բարոյական կերպար ունի նա: Ես նրան կճանաչեմ, հետո ձեր հարցին կպատասխանեմ»: Ասուլիսից անցել է մեկ ամիս, ուստի Վ. Այվազյանը պետք է որ այս ժամանակահատվածում որոշ չափով ճանաչած լիներ Արծրուն Խաչատրյանին:

Երեկ «Առավոտը» նախարարից հետաքրքրվեց՝ հիմա ինչ է կարծում, իր տեղակալն ընդունա՞կ է ծառ կտրելու, թե՞ ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ Վ. Այվազյանն ասաց. «Չեմ կարծում, որ նա որպես թաղապետ թույլ տար, որ իր համայնքում ծառեր հատվեր եւ հետո, եթե նման դեպք է եղել, թող բողոքողները դատարան դիմեին եւ փաստերով դա ապացուցեին, այլ ոչ թե անտեղի այդ մարդուն մեղադրեին»: Այնուամենայնիվ, Վ. Այվազյանը վստահեցրեց, որ «նախարարությունում աշխատելու ընթացքում Արծրուն Խաչատրյանը ոչ մի ծառ չի կտրել: Նրանը ընդերքի բլոկն է եւ իր համար խելոք աշխատում է»: Երեկվա դրությամբ էլ նախարարը Ա. Խաչատրյանին դեռ լավ չէր ճանաչում, քանի որ «նրա պաշտոնավարման 100 օրը դեռ չի լրացել: Կլրանա՝ նոր միայն նրա աշխատանքի մասին գնահատական կտամ»:

Մեզ հետ զրույցում Արծրուն Խաչատրյանը վստահեցրեց, որ այն ամենը, ինչ իր մասին պատմում են՝ հերյուրանք է եւ իր հակառակորդների ձեռքի գործն է. «Թաղապետ աշխատելու օրոք ես բազմաթիվ անգամ առարկել եմ, որ մեր համայնքում կրպակներ տեղադրվեն, բայց մարդիկ գալիս էին քաղաքապետարանի տված օրինական թույլտվությունը ձեռքներին, էդ դեպքում մենք ի՞նչ կարող էինք անել: Համայնքի ղեկավարը իրավունք չուներ այդ թույլտվության տակ գոնե իր համաձայնությունը կամ առարկությունը հայտնելու: Կոնկրետ Մարգարյան փողոցում գտնվող կրպակաշարի դեպքում, չնայած նրան, որ այդ մարդիկ ունեին այդ տարածքում կրպակներ տեղադրելու քաղաքապետարանի թույլտվությունը, թաղապետարանը դրանք քանդեց, ինչի համար էլ կրպակատերերը մեզ դատի տվեցին: Սակայն դատարանի երեք ատյանն էլ որոշեց, որ կրպակներն օրինական են, իսկ մենք 3-4 հազար դոլար տուգանք մուծեցինք: Կրպակատերերը պատճառաբանեցին, որ քանդելու ժամանակ թաղապետարանն իրենց գույքը վնասել է: Ես այդ հատվածում նույնիսկ ոռոգման ցանցի խողովակաշար եմ անցկացրել, ի՞նչ է՝ անցկացրել եմ, որ ծառերը կտրե՞մ: Փառք Աստծո, Արծրուն Խաչատրյանը այդ համայնքում ոչ մի կրպակ չունի»: Ինչ վերաբերում է աջափնյակցիների՝ նախկին թաղապետի հասցեին հնչեցրած դժգոհություններին, պարոն Խաչատրյանը նկատեց. «Բա էդ ինչի՞ թիվ 19 շենքի բնակիչները չեն ասում, որ իրենք իրենց շենքի մերձակայքի հողատարածքները ապօրինի գրավել էին եւ վարձակալությամբ տալիս էին կրպակներ տեղադրելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել