Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Մարտ 22,2007 00:00

«Առավոտը» երեկ ստացավ «ՍԻՄ լրատվական ծառայություն» եւ «Հայկ Բաբուխանյանի աջակցության խումբ» ստորագրություններով մի հաղորդագրություն, ըստ որի՝ Երեւանի ոստիկանության քննչական վարչության ավագ քննիչ Ռ. Դարբինյանը մարտի 21-ին մեղադրանք է ներկայացրել թիվ 5 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հայկ Բաբուխանյանին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ նրա նկատմամբ սահմանվել է խափանման միջոց՝ ստորագրություն չբացակայելու մասին: Ըստ հաղորդագրության՝ «Հայկ Բաբուխանյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանի արժանապատվությունը ստորացնելու մեջ»: Վիրավորանքը հաջորդել էր ՍԻՄ-ի գրասենյակում ծավալված դեպքերին, երբ Հրանտ Խաչատրյանը թիկունքից հարվածել էր Հայկ Բաբուխանյանին, եւ վերջինս ասուլիսում հայտարարել էր, թե «նա որպես «փալաս» եւ «իշխանությունների կամակատար օգտագործվում է իշխանությունների կողմից» ընդդիմության դեմ ԱԺ ընտրությունների նախաշեմին»:

Ըստ հաղորդագրության՝ Հայկ Բաբուխանյանն այժմ նշելով, «որ նույն օրը, դրանից առաջ եւ հետո ՍԻՄ-ի եւ իր դեմ կատարված բազմաթիվ քրեական գործողությունները մնացել են անհետեւանք, սակայն ընդգծված կողմնակալությամբ՝ իր դեմ Հրանտ Խաչատրյանի բողոքները քննվում են շատ օպերատիվ, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: «Ստացվում է, եթե մենք ընդդիմություն ենք, ապա մեզ կարելի է վիրավորել, թիկունքից հարվածել, հայհոյել, իսկ մենք նույնիսկ չենք կարող գնահատել դա որպես իշխանությունների պատվեր: Մեր դեմ կատարվածի վրա բոլորը աչք են փակում, իսկ ինձ քրեորեն հետապնդում են քաղաքական գնահատական տալու համար»,- ասաց Հայկ Բաբուխանյանը»: Նաեւ հայտարարել է, որ իր դեմ քրեական մեղադրանք ներկայացնելը, «ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, որն իրականացվում է իր քաղաքական հայացքների եւ համոզմունքների հետեւանքով եւ նպատակ ունի խափանել իր նախընտրական ընտրարշավը, միջազգային գործունեությունը, խոչընդոտել «Իսկական Իրավունքի» հրատարակմանը, առավել եւս նախընտրական ընթացքում»: Այն հոդվածը, որով ներկայացվել է մեղադրանքը, նախատեսում է տուգանք կամ մինչեւ 6 ամիս ուղղիչ աշխատանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել