Լրահոս
Օրվա լրահոսը

«Օսկանյան-Պետդեպ» կռիվը շարունակվում է

Մարտ 22,2007 00:00

Սպասելի էր, իհարկե, որ Վարդան Օսկանյանը հեշտ չի հաշտվելու նախ՝ ԱՄՆ Պետդեպի զեկույցի, ապա այդ զեկույցին իր տված մեկնաբանությանը հաջորդած՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության բավականաչափ սուր պարզաբանումների հետ:

Եվ ահա, երեկ կայացած հերթական ասուլիսին ՀՀ արտգործնախարարը հատուկ ընդգծեց, որ ԱՄՆ Պետդեպն ընդունել է իր սխալը՝ կապված ԼՂ-ի՝ «Հայաստանի կողմից օկուպացված» լինելու հետ: «Ես լավ հասկանում եմ, որ իմ այս խոսքերը կարդալու են ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները, եւ գիտակցելով պատասխանատվության աստիճանը՝ կարող եմ ասել. ամերիկյան կողմը ընդունել է, որ տեղի է ունեցել «ակնհայտ սխալ»,- հայտարարեց Օսկանյանը: Ըստ նրա, չի բացառվում, որ Պետդեպարտամենտը համապատասխան փոփոխություններ կանի իր պաշտոնական կայքում տեղադրված զեկույցում:

Մինչ Պետդեպն այս կապակցությամբ կհրապարակի իր հաջորդ արձագանքը, անդրադառնանք Օսկանյանի մյուս հայտարարություններին: Վերջինս երեկ նշեց, որ նախօրեին բացված «Իրան-Հայաստան» գազատարը «ռազմավարական կարեւորություն ունի մեզ համար»: «Այն պետք է դիտարկել մեր էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման համատեքստում»,- ասաց նախարարը: Ու թեեւ գազատարը «ՀայՌուսգազարդին» փոխանցելու մասին որոշում դեռեւս կայացված չէ, Օսկանյանի կարծիքով, այդպիսի որոշումը տրամաբանական կլիներ, «քանի որ «ՀայՌուսգազարդը» հայկական ընկերություն է, որը կառավարում է երկրի ամբողջ գազատրանսպորտային համակարգը»: Ըստ այդմ, դա ՀՀ-ի համար «բացասական հետեւանքներ չի ունենա»:

Անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացին՝ Օսկանյանը, մասնավորապես, նշեց. «Ցավոք, այսօր մենք այդքան էլ մոտ չենք փաստաթղթի ստորագրմանը, որը կամրագրեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները, մենք դեռեւս հակասություններ ունենք շատ հարցերի շուրջ, եւ Ժնեւում կայացած վերջին հանդիպումը առաջընթաց համարել չի կարելի»: Այդուհանդերձ, բանախոսը հույս հայտնեց, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման նպատակով կողմերը կշարունակեն խորհրդատվությունները: «1996 թվականին մենք երազել անգամ չէինք կարող այն մասին, որ քննարկելու ենք մի փաստաթուղթ, որի հիմքում դրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովումը հանրաքվեի միջոցով»,- ի ամփոփումն այս թեմայի՝ հուսադրեց Վարդան Օսկանյանը:

ՀՀ ԱԳ նախարարը խոսեց նաեւ Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի՝ Երեւան կատարելիք առաջիկա այցի մասին: Այդ այցի ընթացքում, Օսկանյանի խոսքերով, քննարկվելու են ոչ միայն երկկողմ հարաբերություններն ու ղարաբաղյան հարցը, այլեւ մի շարք այլ՝ տարածաշրջանային եւ գլոբալ ընդգրկում ունեցող խնդիրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել