Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորիսի Մելոյի» զորամասում ստուգումներ են

Մարտ 22,2007 00:00

Ասում են՝ այստեղ անհայտ պայմաններում զենք է անհետացել

«Առավոտի» տեղեկություններով, մոտ 20 օր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ սպառազինությունների վարչության պետ Ալիկ Միրզաբեկյանին եւ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանին հանձնարարել է համատեղ ստուգումներ անցկացնել ՀՀ ՊՆ բանակային թիվ 1 կորպուսի (հրամանատարն է Գարիկ Գաբրիելյանը) Գորիսում տեղակայված N զորամասում: Այդ զորամասը մեր հանրությանն ավելի ծանոթ է իր հրամանատար՝ գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի անունով՝ որպես «Գորիսի Մելոյի» զորամաս: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարարի սույն հանձնարարականի համար շարժառիթ է եղել այն տեղեկությունը, թե հիշյալ զորամասից անհայտ պայմաններում անհետացել է 10 անուն հրազեն՝ հիմնականում ատրճանակներ եւ ավտոմատներ: Կասկածներ կան, որ այդ զենքը կարող է ոչ թե գողացված, այլ վաճառված լինել: Ըստ ամենայնի, նախարարը հիմք է ունեցել այդ տեղեկատվությանը հավատալու համար եւ հանձնարարականում շեշտված է եղել՝ առանց աղմուկի, բայց մանրակրկիտ ստուգումներ կատարել: Մեր աղբյուրների մատուցմամբ, Ս. Սարգսյանը մտահոգություն ունի, որ իր այդ տեղեկությունը իրականության համապատասխանելու դեպքում կարող է նախընտրական այս փուլում ավելորդ անգամ շահարկումների առարկա դառնալ եւ օգտագործվել իր դեմ:

Ստուգումները Գորիսի նշված զորամասում արդեն ընթանում են եւ դրանց մասնակցում են ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ Ռազմական ոստիկանության եւ Զինվորական դատախազության ներկայացուցիչները: Երեկ մենք այս տեղեկությունները ճշտելու՝ պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանին: Վերջինս մի փոքր լռությունից հետո ասաց, թե ինքն այդ տեղեկությունն առաջին անգամ լսում է մեզանից:

Այդուհանդերձ, Գորիսում մեր աղբյուրները չեն բացառում, որ դա կարող է որոշակի առնչություններ ունենալ նաեւ նախընտրական գործընթացների հետ, մանավանդ որ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, կասկածներ կան, թե զորամասից անհետացած զենքը կարող է հայտնված լինել թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Բաբայանի մոտ: Թե որքանով է զենքերի կորուստը կապված «Դաշինք» կուսակցության ղեկավարի հետ՝ դժվար է ասել, բայց փոխարենը քաղաքական շրջանակներում փորձում են նաեւ դրանով բացատրել Ս. Բաբայանի վարորդին բերման ենթարկելու եւ իրավապահների կողմից Ս. Բաբայանի ավտոմեքենան զննելու փաստը:

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, մի քանի օր առաջ Ս. Բաբայանի ավտոմեքենան իրավապահները փորձել էին զննել՝ պահանջելով բացել ավտոմեքենայի բեռնախցիկը, ինչը վարորդը հրաժարվել էր անել առանց «կամանդույուշչիի» հրահանգի: Մեքենայի բեռնախցիկը, մեր ունեցած տվյալներով, այնուամենայնիվ, բացվել էր եւ հենց՝ Ս. Բաբայանի ներկայությամբ: Այնտեղ հայտնաբերվել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանի անունով գրանցված ատրճանակ: Դրանից հետո «Դաշինքի» առաջնորդին հրավիրել էին ԱԱԾ, որտեղ նրա հետ շուրջ չորս ժամ զրուցել էր անձամբ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը:

Տեղի ունեցած հիշյալ զարգացումներին հետեւող մեր աղբյուրների մեկնաբանությամբ, ե՛ւ Գորիսի զորամասում կատարվածը, ե՛ւ Ս. Բաբայանի նկատմամբ իրավապահների դրսեւորած հետաքրքրությունը որոշակիորեն առնչվում են խորհրդարանական ընտրություններին: Հիշեցնենք, որ թիվ 37 ընտրատարածքում Սամվել Բաբայանի մրցակիցը նույն Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել