Այդպիսի ցանկություն է հայտնել «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար, ՀՀԿ ցուցակում 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարեն Կարապետյանը:
– Ձեր դիտարկումներով, որքա՞ն են բարձր ՀՀԿ-ի հավակնությունները խորհրդարանական ընտրություններում:
– Չեմ ուզում շտապել, բայց վստահ եմ, որ բոլորից շատ ձայներ հավաքելու իրական հնարավորություն այսօր ունի Հանրապետականը:
– Երբ խոսում եք իրական հնարավորությունների մասին, արդյո՞ք նկատի ունեք վարչական, ֆինանսական եւ մարդկային այն ամբողջ կապիտալը, որ այսօր հավաքված է իշխող կուսակցության շուրջ:
– Իհարկե, ե՛ւ վարչական, ե՛ւ ֆինանսական ռեսուրսը շատ կարեւոր է, բայց մենք ամենից շատ գնահատում ենք մարդկային ռեսուրսը, իսկ այսօր Հանրապետականի կողքին շատերն են կանգնած: Եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով առաջադրել է 27 թեկնածու, եւ դա ավելին է, քան մյուս կուսակցությունների թեկնածուները, պարզ կդառնա, որ այդ թեկնածուների օգտին քվեարկող ընտրողը իր քվեն կտա նաեւ հանրապետականին: Մյուս կողմից՝ ի տարբերություն նախորդ տարիների, շատ հայրենակցական միություններ այս օրերին հայտարարություններ են անում ՀՀԿ-ին սատարելու մասին: Իսկ դրանք այն ուժերն են, որոնք, կարծում եմ, որոշակի ազդեցություն ունեն լսարանի վրա: Անցած տարիների ընթացքում Հանրապետականը լուրջ աշխատանք է կատարել մարդկանց իր շուրջը համախմբելու համար, եւ այսօր ՀՀԿ-ի թիվ մեկ կապիտալը ես համարում եմ մարդը:
– Արդյոք Հանրապետականի այս նոր ուժեղացումը, ինչը դուք եք շեշտում, պայմանավորվա՞ծ չէ առաջին հերթին նրանով, որ կուսակցության խորհրդի նախագահը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է:
– Կարծում եմ, պաշտպանության նախարարի դերակատարությունը բավականին մեծ է: Նախարարի ազդեցությունը, մարդկային կապերը, նրա եւ վարչապետի ձեւավորած ալյանսը Հանրապետականին թույլ են տալիս որոշակի լուրջ հաջողություններ ակնկալել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
– Այնուամենայնիվ, հիմա շատ դժվար իրավիճակ է, որովհետեւ ե՛ւ Հանրապետականը, ե՛ւ «Բարգավաճ Հայաստանը» իշխանական ուժեր են, սակայն արդեն իսկ իրար դեմ խուլ պայքար կա, առճակատում, նկատի ունեմ ե՛ւ Արմավիրի քաղաքապետի առաջիկա ընտրությունները, ե՛ւ մի քանի ընտրատարածքներ, որոնցում միմյանց դեմ պայքարելու են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Այս իրավիճակը ինչպե՞ս է հարթվելու, երբ ե՛ւ ֆինանսական, ե՛ւ այլ լծակներով միմյանց դեմ գրեթե համահավասար ուժեր են կանգնելու:
– Ես չէի ասի, որ այս երկու ուժերի միջեւ առճակատում կա: Ընդամենը մրցակցություն է, որը նորմալ է: Եթե առողջ մրցակցություն չլինի, կնշանակի՝ մենք ճիշտ ճանապարհով չենք գնում: Իսկ առողջ մրցակցությունը հնարավորություն է տալիս ե՛ւ Հանրապետականին, ե՛ւ «Բարգավաճին» ընտրությունների գնալ ավելի կազմակերպված: Դուք շեշտեցիք, որ ուժերը հավասար են: Ես բոլորովին այդ կարծիքին չեմ եւ վստահ եմ՝ Հանրապետականն է այն կուսակցությունը, որը ռեալ հնարավորություն ունի գերիշխող ուժ դառնալու:
– Իսկ անհանգստություն չունե՞ք, որ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունից կարող են շահել այլ ուժեր:
– Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ կրկնել քիչ առաջ ասվածը, որ ընտրությունները ոչ թե հակամարտություն, այլ մրցակցություն են եւ բնական գործընթաց, ու եթե երկու քաղաքական ուժերը ճիշտ չկազմակերպեն իրենց ընտրարշավը, հնարավոր է՝ երրորդ ուժերը դրանից շահեն: Բայց վստահ եմ, որ երկուսն էլ ունեն բավականաչափ խոհեմություն, որ կարողանան կարգավորել ներքին տարաձայնությունները, որպեսզի դրանք լուրջ հակասությունների չհանգեցնեն: Գործընթացներն աստիճանաբար կզարգանան այնպես, որ մենք ավելի շատ երկխոսության դաշտում կգործենք, ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ մյուսների՝ Դաշնակցության կամ ընդդիմադիր ուժերի հետ: Իհարկե, բնության մեջ բացարձակ արժեքներ գոյություն չունեն, բայց ես իմ ուժերի սահմաններում նպաստելու եմ, որ այս ընտրությունների վրա ստվեր չընկնի, քանզի այդ առիթից օգտվելու են այն ուժերն ու պետությունները, որոնք այս տարածաշրջանում լուրջ շահեր ունեն: Այն ընտրատարածքում, որտեղ ես առաջադրվել եմ երեք անգամ, ՀՀԿ ակտիվիստներին ասել եմ իմ կոշտ մոտեցման մասին՝ եթե որեւէ անձ փորձի որեւէ քաղաքական ուժի հաճոյանալ եւ կեղծել, այդ թվում եւ Հանրապետականի օգտին, որի անդամն եմ նաեւ ես, ապա անձամբ ինքս կեղծողին պատժելու եմ:
– Ասում են, որ դուք բավականին մեծ ֆինանսական ներդրում եք արել Հանրապետականի բյուջե: Նաեւ, որ ձեր նախկին ընտրատարածքում ձեր ազգականին եք առաջադրել:
– Ամեն ինչ խոսում են. նախ, եթե դրա կարիքը լինի, օրենքի սահմաններում ես կփորձեմ ներարկումներ անել, ինչ վերաբերում է իմ բարեկամներին կամ ծանոթներին, այո, ես բարեկամ ունեմ, որ առաջադրվել է թիվ 32 ընտրատարածքում, որտեղ կարող էր առաջադրվել 25 տարին լրացած ՀՀ ցանկացած քաղաքացի, իսկ իմ նախկին ընտրատարածքը դա Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան տարածքներն են՝ իրենց գյուղերով, եւ եթե այստեղ այլ մարդ չի առաջադրվել, կարծում եմ, իրենց համար հաշվարկ են արել, չեմ ուզում խորանալ, սիրուն աչքերի համար նման զիջում չեն անում, ուրեմն մարդիկ ուսումնասիրություններ են արել: