Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ

Մարտ 21,2007 00:00

\"\"Օրերս ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Օնտարիո քաղաքում անցկացված մենամարտային ձեւերի աշխարհի 20-րդ առաջնությանը մասնակցած 32 երկրների թվում էր նաեւ Հայաստանի «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ կարատեի» (սա ամերիկյան մարտաոճ է) ազգային հավաքականը: Մեր թիմը մրցավայր ներկայացել էր ութ մարզիկներով: «Շարունակական մենամարտ» մրցաձեւում (մարտն առանց ընդհատման տեւում է մեկ ռաունդ՝ երեք րոպե տեւողությամբ եւ հաղթողը որոշվում է միավորներով) նվաճելով չորս ոսկե եւ մեկ արծաթե մեդալ՝ ընդհանուր թիմային հաշվարկով գրավեց առաջին տեղը: Ըստ քաշային կարգերի չեմպիոն դարձան. 60 կգ՝ Նորայր Ավետիսյան, 65-70՝ Կարլեն Մինասյան, 70-75՝ Էդմոնդ Մուրադյան, 75-80՝ Արայիկ Ավետիսյան: Վահե Մանուկյանը (60-65 կգ քաշային կարգ) կրելով ընդամենը մեկ պարտություն՝ բավարարվեց արծաթե մեդալով:«Տրադիցիոն կատա» մրցաձեւում չեմպիոնի կոչում նվաճեցին 60 կգ քաշային Տիգրան Սեդրակյանը եւ Սոս Կարապետյանը (70-75 կգ), իսկ Կարեն Կարապետյանը 70-75 կգ քաշային կարգում «Զենքով կատա» (նուչակի) ձեւում արժանացավ երկրորդ մրցանակի:Հայաստանի «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ կարատեի» ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը առաջնության ընթացքում հանձնելով համապատասխան քննություն՝ մեկ աստիճանով բարձրացրեց կարգը եւ ստացավ սեւ գոտի 5-րդ մարզական աստիճան, իսկ մրցավարական սեմինարների մասնակցած մեր ֆեդերացիայի դպրոցի տնօրեն Կարեն Կարապետյանին (սեւ գոտի 3-րդ աստիճան) շնորհվեց միջազգային մրցավարի որակավորում:

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԵՐՐՈՐԴ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

\"\"Տոկիոյի «Մետրոպոլիտան Գիմնազիում» մարզասրահում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը պարտադիր ծրագրի (Կոմպուլսորի) կատարումից հետո 29 զույգերի պայքարում 25,04 միավորով զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը: Վաղը կարճ (օրիգինալ) ծրագրի կատարման օրն է, որի ժամանակ մասնակիցները պարելու են տանգո: Հիշեցնենք, որ Նաստյան եւ Վազգենը Թուրինի օլիմպիական խաղերում գրավել էին 20-րդ, իսկ այս տարվա աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում՝ 14-րդ տեղը:

ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ 115-ՐԴՆ ԵՆ

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակել է կանանց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման մարտ ամսվա ցուցակը, որում Հայաստանը 142 հավաքականների մեջ զբաղեցնում է 115-րդ հորիզոնականը: Իսկ լավագույն տասնյակը, ըստ հերթականության, կազմել են. 1. ԱՄՆ, 2. Գերմանիա, 3. Նորվեգիա, 4. Շվեյցարիա, 5. Կորեա, 6. Դանիա, 7. Ֆրանսիա, 8. Բրազիլիա, 9. Ճապոնիա, 10. Կանադա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել