Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մարտ 21,2007 00:00

\"\"Երեւանում արդեն սկսվել է իրականացվել Ճապոնիայում նախագծված մի ծրագիր, որը նախատեսում է փոքր տարածքների վրա բազմահարկ ավտոտնակների կառուցում:

Ինչպես նշում են փորձագետները, նախագիծը շատ արդյունավետ է եւ մեծ պահանջարկ ունի զարգացած երկրներում: Նախագծի առավելությունները պայմանավորված են մի շարք գործոններով, օրինակ՝ մոտ 20 ավտոմեքենայի կայանման համար բազմահարկ ավտոտնակ կառուցելու համար անհրաժեշտ է ընդամենը երկու սովորական ավտոտնակի տարածք: Հենց միայն այս հանգամանքը, փորձագետների կարծիքով, առավել քան բավարար է, որպեսզի նման նախագծերը մեծ պահանջարկ ունենան խոշոր քաղաքների կառուցապատման համար, որտեղ գերխնդիր է նվազող ազատ տարածքների հնարավորինս արդյունավետ օգտագործումը: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ճապոնական բազմահարկ ավտոտնակների մոդելներն այսօր մեծ թափով սկսել են կառուցվել գերծանրաբեռնված քաղաքներում եւ երկրներում, օրինակ՝ Նյու Յորքում, Գերմանիայում, Մոսկվայում, Հունաստանում եւ, իհարկե, Ճապոնիայում: Առաջին հերթին նման ավտոտնակներ կառուցվում են այն բնակելի շենքերի կամ գերատեսչական ու արտադրական համալիրների տարածքներում, որտեղ անհնար է կառուցել ստորգետնյա կառույցներ, այդ թվում՝ նաեւ ավտոտնակներ։ Փորձը ցույց է տալիս, որ այդ մոդելի կիրառումը բավականին նպաստում է թե բնակելի շենքերի բակերի, թե պետական գերատեսչությունների տարածքների բեռնաթափմանը: Այս ծրագիրը, թերեւս ոչ ամբողջովին, բայց բավարար չափով հնարավորություն կընձեռի լուծել ամենակարեւոր խնդիրներից մեկը, այն է՝ ծանրաբեռնված տարածքների բեռնաթափումը, ինչն իր հերթին հնարավորություն կընձեռի ազատված տարածքները, օրինակ՝ բակերը, տրամադրել արդեն խաղահրապարակներ կառուցելու համար: Բացի բնակչությանը հուզող այս խնդրի լուծման կարգավորմանը նպաստելուց, որ օրեցօր ավելացող մեքենաների պատճառով այսօր բակերում անգամ ազատ քայլելու տեղ չկա, բազմահարկ ավտոտնակները նաեւ շատ հարմարավետ ու անվտանգ են: Մեքենան կայանելու համար վարորդից պահանջվում է ընդամենը այն կանգնեցնել առաջին հարկում գտնվող վերելակի վրա, եւ մնացածը կարգավորվում է արդեն ավտոմատ համակարգի միջոցով, որը մեքենան բարձրացնում եւ տեղավորում է նախօրոք նշված համարում: Եվ այդ ողջ գործողությունը տեւում է միջինը 30 վայրկյան, ընդամենը մի վահանակի օգնությամբ: Իսկ անվտանգության տեսակետից, բնական է, որ համեմատության եզրեր չկան սովորական եւ նոր նախագծերով կառուցվող բազմահարկ ավտոտնակների միջեւ, որոնք հագեցած են արդիական անվտանգության ազդանշանային համակարգերով: Բացի արդյունավետությունից ու ապահովվածությունից, բազմահարկ ավտոտնակներն աչքի են ընկնում նաեւ ուրույն ճարտարապետական լուծումներով եւ արտաքինից ավելի շատ նմանվում են փոքրիկ, գեղեցիկ համալիրների, այլ ոչ թե ավտոտնակների, որոնց «խորհրդային» դիզայնի ու տեղադրումների դեմ պայքարը՝ նույն խորհրդային ժամանակներից սկսած, շարունակվում է մինչ օրս։ Եվ պատահական չէ, որ Երեւանի քաղաքապետարանը, քաղաքի կառուցապատման ծրագրերի համար ներկայացված նախագծերում, ի թիվս բազում այլ առաջարկների, հավանություն է տվել Հայաստանյան «AGA» ընկերության այս թանկ, բայց արդյունավետ ծրագրին, որը սկզբնական շրջանում իրականացվելու է արտասահմանյան մասնագետների օգնությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել