Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը խուսափում է դատավարությունից

Մարտ 21,2007 00:00

Դատարանը որոշում կկայացնի՞ այսօր

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվեց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությանը հանրահավաք անցկացնելու համար հնարավորություն չտալու հայցը՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: Դատական նիստը նախագահում էր դատավոր Էդիկ Ավետիսյանը:

Մինչ օրս հանրահավաքի նախաձեռնողներին չի տրամադրվել հավաքը արգելելու մասին որոշումը՝ «Այլընտրանքը» Երեւանի քաղաքապետարանից պահանջում է վերջինս չեղյալ հայտարարել: Պատասխանող կողմը՝ քաղաքապետարանը, երեկ չներկայացավ դատարան:

Երեկ «Այլընտրանքի» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք մարտի 13-ին Երեւանի քաղաքապետարանին իրազեկել էին մարտի 23-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին: Ն. Փաշինյանը նաեւ նշեց. «ՀՀ օրենքով քաղաքապետարանը պետք է ընդունի կամ կոնկրետ դեպքերում արգելի հանրահավաքի անցկացումը, մինչդեռ արգելման ոչ մի հիմք չի ներկայացրել՝ նիստի արդյունքում էլ ոչ իրազեկումն են ընդունել, ոչ էլ արգելելու մասին որոշում տվել: Սա օրենքով անգործություն է»: «Հայկական ժամանակի» խմբագրի փոխանցմամբ. «Մենք հայցը դատարան տանելով՝ փորձել ենք պարտավորեցնել դատարանին, որպեսզի նա էլ քաղաքապետարանին պարտավորեցնի՝ կամ արգելել հանրահավաքը, կամ էլ որոշում կայացնել իրենց իրազեկումն ընդունելու մասին: Մարտի 19-ին դատարանի դահլիճում ենք տեղեկացել հանրահավաքն արգելելու վերաբերյալ քաղաքապետարանի որոշման մասին: Իսկ օրենքով նրանք 1 օրվա ընթացքում պիտի մեզ տեղեկացնեին այդ մասին: Մենք շարունակ պնդում էինք, որ մեզ ինչ-որ որոշում ներկայացնեն, իսկ քաղաքապետարանը հրաժարվել է՝ ասելով, որ իրենք որոշում չեն կայացրել(՞): Եվ միայն 7-8 օր հետո է պարզվում, որ գոյություն ունի հանրահավաքի արգելման մասին որոշում, որը, փաստորեն, ստեղծվել է մեր հայցից հետո»:

Ն. Փաշինյանը պնդում է, որ քաղաքապետարանը ապօրինություններ է արել եւ կեղծ թղթեր ներկայացրել դատարան: Նա համոզված է, որ քաղաքապետարանի՝ դատարան չներկայանալը բացատրվում է նրանով, որ ո՛չ քաղաքապետը, ո՛չ փոխքաղաքապետը, ո՛չ մշակույթի վարչության պետը եւ ո՛չ էլ մյուսները չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվությունը:

«Քաղաքապետարանի ներկայացրած փաստաթուղթը, որտեղ նշված է, թե հանրահավաքի օրը պետք է «Գարուն-2007» միջոցառումը լիներ, կեղծ էր, չնայած նույնիսկ այդ դեպքում քաղաքապետարանը պետք է իրազեկեր այդ մասին: Օրենքի համաձայն, միջոցառումներ կարող է անցկացնել իրավաբանական կամ ֆիզիկական անձը, իսկ այդ միջոցառումը («Գարուն 2007»-ը) անցկացնում է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը, վերջինս ո՛չ ֆիզիկական, ո՛չ էլ իրավաբանական անձ է, իրավաբանական անձը քաղաքապետարանն է:

Ի դեպ, ըստ քաղաքապետարանի ներկայացված միջոցառումների ցանկի, պետք է 4 միջոցառում տեղի ունեցած լիներ, մինչդեռ դրանք չեն կայացել:

Մենք զանգահարել ենք նշված միջոցառումների պատասխանատուներին, նրանցից ոչ ոք այդ մասին տեղյակ չի եղել: Անգամ դատարանին միջնորդել ենք վկաներ կանչել, սակայն մեր միջնորդությունը նույնպես կիսատ-պռատ է թողնվել: Եթե դատարանը հավատարիմ մնա օրենքին, մեր հայցը կբավարարվի ամբողջությամբ, իսկ եթե այն իշխանությունների սպասարկուն է՝ հակառակը կլինի»,- ասաց Ն. Փաշինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել