Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

Մարտ 21,2007 00:00

\"\"Վանաձորի իրավական խճանկարը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության հիմնադրամի եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության նախաձեռնությամբ Վանաձորում կազմակերպել էր կլոր սեղան, քննարկումներ՝ նվիրված խոսքի ազատության հիմնահարցերին: Օգտվելով ընձեռված հնարավորությունից, «Առավոտը» ծանոթացավ նաեւ Վանաձորի իրավական խնդիրներին:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի առաջին հարկում փակցված էր դատալսումների գրաֆիկը: Ըստ այս գրաֆիկի, գերիշխում էին քաղաքացիական հայցերը, մասնավորապես, քաղաքապետի հայցերն ընդդեմ իր բնակիչների՝ աղբահանության վճարի բռնագանձման պահանջով: Գումարները սկսում էին 10 հազարից, հասնում 20-25 հազարի:

Քրեական գործերից մեկը, որին նախաքննության ժամանակ անդրադարձել է նաեւ «Առավոտը», Վրաստանի Գյուլիբաղ գյուղի բնակիչ, ՌԴ քաղաքացի Գագիկ Չատինյանի գործն էր: Գ. Չատինյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը սկսվեց երեկվանից: Նա մեղադրվում էր ՀՀ տարածքում մեկ ծառ կտրելու համար:

Վանաձորում «Առավոտին» տրամադրվեց այս գործի հետ առնչվող Ջիլիզայի անտառտնտեսության Խոժոռնու ներկայիս անտառապետ Տիգրան Ղարիբյանի գրավոր տեղեկությունն այն մասին, որ Չատինյանի քրեական գործը հարուցվել է այն ժամանակ, երբ անտառապետը Գագիկ Սարգսյանն էր, ոչ թե ինքը: «Տեղեկացնեմ, որ իմ օրոք մի քանի գերատեսչություններ մանրակրկիտ ստուգումներ են կատարել անտառտնտեսության՝ իմ պատասխանատվության տակ գտնվող տարածքում եւ էական խախտումներ չեն հայտնաբերել», նշել էր անտառապետ Տ. Ղարիբյանը, ի պատասխան «Առավոտում» գյուլիբաղցիների հնչեցրած ահազանգի: Տեղեկացանք, որ այս գործով հետախուզում է հայտարարվել երկու վկաների՝ Վրաստանի քաղաքացի Վաղո Չատինյանի եւ ՌԴ քաղաքացի Սարգիս Արջյանի նկատմամբ: Մինչդեռ, ըստ մեր աղբյուրների, երկուսն էլ բարեխղճորեն ներկայացել են իրավապահների կանչին, բացատրություններ տվել, ապա զգուշացրել են, որ վերադառնալու են իրենց բնակավայրերը:

Դատարանի երկրորդ հարկում, որքան էլ տարօրինակ է, փաստաբանները քաղաքացիներին իրավաբանական օգնություն էին ցույց տալիս: Նրանց գրասենյակները, ի հեճուկս օրենքի պահանջների, չէին հանվել դատարանի շենքից: Դատարաններից եւ դատավորներից կախման մեջ չգտնվելու համար դատական բարեփոխումների շրջանում Հայաստանի բոլոր դատարաններից հանվեցին փաստաբանների գրասենյակները:

Դատարանից քիչ այն կողմ գտնվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի իրավախորհրդատվական բաժնի համակարգող, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը (նրան անվանում են «Հովհաննես Թումանյանի տղա»՝ հայրանվան պատճառով) մեզ տեղեկացրեց, որ այս տարվա երեք ամիսների ընթացքում իրեն գրավոր դիմումներով դիմել է 104 քաղաքացի: Ըստ իրավաբանի, գրասենյակը դիմում է հիմնականում հողային խնդիրներով, տեղեկատվություն չտրամադրելու, աշխատավարձը չվճարելու, ոստիկանության եւ դատախազական մարմինների կանչերի հետ կապված: Նշենք, որ իրավապաշտպանի ծառայությունն անվճար է:

«Աղմկահարույց» հայցերից մեկը Դոնարա Մելքոնյանի ամուսնու՝ Արտաշես Գրիգորյանի ավանդի պատմությունն էր: Վերջինս հաշվառված լինելով փոխհատուցման ցուցակում, մահացել էր գումարը ստանալու օրը: Կնոջը, որը հանդիսանում էր օրինական ժառանգը, 159. 600 դրամ փոխհատուցման գումարը չէին տվել: Դ. Մելքոնյանը դատի էր տվել «Հայփոստ» ՓԲԸ Վանաձորի փոստային մասնաճյուղին, Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությանը, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարություններին: Կարեն Թումանյանը, որը Դ. Մելքոնյանի ներկայացուցիչն էր, ասաց, որ հայցն առաջին ատյանի դատարանը վերջերս բավարարել է:

«Քաղաքացիական նախաձեռնություն» իրավապաշտպան ուղղվածության պարբերաթերթը հաճախակի է անդրադառնում իրադարձային՝ քիմկոմբինատի 1, 2, 3, 4, 5 տնակային ավանների հողատարածքների խնդրին: Առանց բնակիչների գիտության, այս հողատարածքները դրվել են աճուրդի, ապա վերավաճառվել:

«Մատաղիսի գործով», ինչպես հայտնի է, Ռոմա Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ մեղադրվում էր նաեւ վանաձորցի Արայիկ Զալյանը: Նա «Առավոտին» ասաց, որ անցյալ տարվա դեկտեմբերի 22-ից, ինչ իր խափանման միջոցը փոխվել է, հաշվառվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցում, թիվ 3 պոլիկլինիկայում էլ հետազոտվում է: «Քնի պրոբլեմ ունեմ: Որովայնիս շրջանի ծակոցներն ինձ հանգիստ չեն տալիս»,- ասում է նա: Մեր զրույցի ժամանակ նա տեղեկացրեց, որ մայրը՝ Հռիփսիմե Գալաջյանը, մեկնել է Երեւան՝ մասնակցելու բողոքի ակցիային: Ա. Զալյանը գտնում է, որ զինդատախազության վարույթից իրենց գործը պետք է տեղափոխել Գլխավոր դատախազության վարույթ: «Խոշտանգումների մասով դեռ ոչինչ չեն ձեռնարկում»,- շարունակում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել