Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԽԱՆՈՒԹՅԱՆ»

Մարտ 21,2007 00:00

Այս եզրակացությանն է հանգել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ Սյունիքի մարզ անցած շաբաթավերջին իր այցից հետո. «Սովորական խանություն է, որտեղ մարզպետն իր ձեռքում է կենտրոնացրել հարկայինը, ոստիկանությունը, եւ դրանց միջոցով ցանկացածի վրա կարող է ազդել»:

Երեկ ասուլիսում Վազգեն Մանուկյանն իր այցը խոչընդոտելու վերաբերյալ մեր արդեն իսկ հրապարակած մանրամասներին հավելեց եւս մեկը՝ ճնշել են նաեւ Գորիսի «Եղեգնուտ» հյուրանոցի սեփականատիրոջը, ուր հանգրվանել է ԱԺՄ նախագահը. «Ոստիկանությունից եւ հարկայինից անընդհատ զանգել ու սպառնացել են հյուրանոցի տիրոջը, թե մեր թշնամի Վազգեն Մանուկյանն ի՞նչ գործ ունի հյուրանոցում»: Նրան հեռախոսով ուղղված սպառնալիքի կապակցությամբ, թե «մինչեւ մայիսի 12-ը ոտք չդնես Սյունիք»՝ «Առավոտը» հետաքրքրվեց, թե մտադի՞ր է դիմել իրավապահներին: «Երբե՛ք չեմ դիմելու այդ մարմիններին,- պատասխանեց պրն Մանուկյանը:- Սա ոչ թե մի դեպք է, թե մի քաղաքացու ինչ-որ մեկը վիրավորել է ու նա մինչեւ վերջ պիտի գնա դատական համակարգով, այլ սա երեւույթ է, որը ցույց է տալիս Հայաստանի վիճակը»: Ասուլիսից հետո ԱԺՄ նախագահը հայտնեց «Առավոտին», որ փորձել է հանդիպել Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանին, որը նույնպես ՀՀԿ անդամ է, սակայն ասել են, թե նա քաղաքում չէ:

«Ես Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին չեմ դիմում: Իրենք Ադրբեջանի կոմկուսի եւ կոմսոմոլի նոմենկլատուրայի մեջ աշխատում էին, այնտեղ կարիերա էին ուզում անել, իրավիճակը փոխվեց, հիմա այստեղ են կարիերա անում,- ասաց Վազգեն Մանուկյանը:- Ուզում եմ դիմել Անդրանիկ Մարգարյանին. ուրեմն Նժդեհին, որը զարգացած, խելոք, ազատամիտ ու խիստ բարոյական մարդ էր, ու որը կարողացավ Զանգեզուրը պահել մեզ համար, փոխարինել է Լիցկա՞ն՝ քրեական հանցագործ եւ անգրագետ մի մարդ: Ուրեմն՝ Հանրապետական կուսակցությունն այդպե՞ս է տեսնում իր նժդեհականությունը… Մի քանի ձայն ավելի հավաքելու համար պահում են, հետո չգիտեմ՝ կարող է դեն շպրտեն իրենց այս մարզպետին, ուրիշ մարդ բերեն»: Վազգեն Մանուկյանը վերահաստատեց, թե մասնակցելու է Սամվել Բաբայանի քարոզարշավին, որ նրա մրցակիցը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը չդառնա պատգամավոր. «Եթե այստեղ նրա եղբայրը չընտրվի, ապա դա Սերժ Սարգսյանի համար մեծ հարված կլինի: Ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը մեծ հարված ստանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել