Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ «ՕՊԵՐԱՑԻԱՆ» ՍԿՍՎԵԼ Է

Մարտ 21,2007 00:00

«Ձեր անհատական տվյալները սրան-նրան մի բաժանեք»,- երեկ ՀՀ քաղաքացիներին այսպիսի կոչով դիմեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

ՀՀ խորհրդարանական ընտրությունները ազատ, արդար ու թափանցիկ անցկացնելու ՀՀ իշխանությունների մտադրություններին հավատացողները սակավաթիվ են: Ավելին, հայաստանյան բոլոր ընդդիմադիր ուժերն են վստահ, որ առաջիկա ընտրություններն անցնելու են ճիշտ այնպես, ինչպես 2003թ.-ին էր, կամ դրանից ավելի վատ: Նման տեսակետները փաստարկվում են արդեն այսօր տեղի ունեցող նախընտրական գործընթացներով, որոնք ուղեկցվում են ՀՀ ողջ տարածքում մարդկանց անձնագրերի զանգվածային հավաքմամբ եւ ընտրողի մեկ ձայնի համար կլորիկ գումար խոստանալով: Նման դեպքերի մասին մեր խմբագրությունն էլ է ահազանգեր ստանում Արաբկիր, Էրեբունի եւ Կենտրոն համայնքների բնակիչներից: Ընդ որում, այստեղ մարդկանց անձնագրերով հետաքրքրված են իշխանական երկու կուսակցություններն էլ՝ ե՛ւ «Հանրապետականը», ե՛ւ «Բարգավաճ Հայաստանը»:

Այս երկու կուսակցությունների ներկայացուցիչները վերջին մի քանի օրերի ընթացքում, ըստ մեր աղբյուրների, մասնավորապես Երեւանի համայնքներից մեկի՝ Չարբախի Շիրակի փողոցում տնից տուն ընկած անձնագրեր են հավաքել՝ դրա դիմաց վճարելով կամ խոստանալով վճարել 10 հազար դրամ: Ընդ որում, բնակիչներից մեկի փոխանցմամբ, կուսակցությունների «գզիրները» ձեռքի հետ նաեւ անձնագրի տիրոջ լուսանկարն են ուզում՝ իրենց կուսակցությանն անդամագրելու համար:

Հստակ տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ Դանիել Վարուժանի անվան դպրոցի տնօրեն, ԲՀԿ անդամ եւ կուսակցության համամասնական ցուցակի 31-րդ հորիզոնականում հայտնված Օֆելյա Պետրոսյանն է իր գլխավորած դպրոցի աշակերտների ծնողներից անձնագրեր հավաքել:

Հավաստի են նաեւ մեր ունեցած այն լուրերը, ըստ որոնց՝ ՀՀԿ-ն Մալաթիա-Սեբաստիա համայնքում ոչ միայն հավաքել է մարդկանց անձնագրերը կամ դրանց տվյալները, այլեւ հետո այդ անձնագրերի տերերին բաժանել է ՀՀԿ անդամատոմսեր: Մեր զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ իր անունը մամուլում հրապարակել, ասաց, որ ինքը մինչեւ անդամատոմս ստանալը չի էլ իմացել, որ այլեւս ՀՀԿ-ական է: Իրենց անձնագրերը հավաքելու փաստերի մասին են ահազանգում նաեւ կրթության եւ առողջապահության ոլորտի առանձին աշխատողներ, ովքեր ներկայանալուց խուսափում են՝ վախենալով, որ իրենց աշխատանքից կարող են ազատել:

Անձնագրերի հավաքման փաստեր են եղել նաեւ Արմավիրի մարզում եւ մասնավորապես՝ նաեւ Արմավիր քաղաքում: Այստեղ անձնագրեր են հավաքվում մասնավորապես քաղաքապետի թեկնածուներից մեկի՝ ԲՀԿ-ն ներկայացնող Արայիկ Աղաբաբյանի նախընտրական շտաբում: Մեր աղբյուրների ասելով, անգամ մեծ հերթեր են գոյանում, թերեւս այն պատճառով, որ սոցիալապես անապահով ընտրողներին մատուցվող ծառայությունն է չափից ավելի գայթակղիչ թվում: Իհարկե, դժվար է ասել, թե տվյալ դեպքում անձնագրերը հավաքվում են քաղաքապետի թեկնածուներից մեկի օգտին քվեարկելո՞ւ, թե՞ նաեւ առաջիկա ընտրությունների համար:

Ընդ որում, առաջիկա ընտրությունները կեղծելուն միտված այս «պրոցեդուրան» այնքան զանգվածային եւ վտանգավոր բնույթ է ստացել, որ երեկ դրա առնչությամբ ԱԺ-ում հայտարարություն արեց խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Նրա արձանագրմամբ, հասարակական, քաղաքական կազմակերպությունների, նաեւ պետական տարբեր ատյանների մի շարք ներկայացուցիչներ եւ առանձին անհատներ մարդկանց ներկայանում են եւ տվյալների բազաներ հավաքագրում մեր քաղաքացիների մասին: «Ցանկեր, որը արգելել հնարավոր չէ, բայց մենք ունենք ՀՀ օրենք՝ «Անհատական տվյալների մասին», եւ բոլոր նրանք, ովքեր հավաքում են մարդկանց անձնագրերը, պետք է իմանան, որ օրենքի խախտում են կատարում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը եւ ՀՀ քաղաքացիներին զգուշացրեց. «Սիրելի քաղաքացինե՛ր, դուք ոչ մեկին պարտավոր չեք տալ ձեր անձնագիրը: Ավելին, անձնագիրը ՀՀ-ի սեփականությունն է, որը տրված է ձեզ՝ որպես վկայական: Դուք իրավունք չունեք այն տալու ոչ մեկին՝ ինչ էլ որ նա ներկայանա եւ ինչ էլ որ դրա դիմաց խոստանա: Իհարկե, դուք ազատ եք ձեր անձնագրի տվյալները տրամադրել այդ մարդկանց, բայց կարող եմ ասել, որ տվյալները պաշտպանված են օրենքով, եւ եթե դուք կամավոր տալիս եք ձեր տվյալները՝ դա կարող է հետո ձեզ շատ լուրջ պրոբլեմների առջեւ կանգնեցնել: Ձեր անձնագրով կարող են գնումներ կատարվել, վարկեր վերցվել, ձեր անհատական տվյալները կարող են օգտագործվել ինտերնետային գնումների, տարբեր հարցերի լուծման համար, ինչը ձեզ վերջում դնելու է շատ ծանր իրավիճակի մեջ, եւ պատասխանող չի լինելու, որովհետեւ թվում է, թե դուք դա արել եք կամավոր: Եվ ամենակարեւոր վերջին նախազգուշացումը. իմացեք, ով էլ հավաքի ձեր անձնագրերը կամ ձեր անձնագրերի համարները գրանցի, դուք միեւնույն է՝ ազատ եք լինելու ձեր ընտրության մեջ: Ոչ ոք եւ ոչ մի կերպ, ոչ մի մեխանիզմով չի կարող ստուգել, թե ով ինչպես քվեարկեց, եւ դա մեր ժողովրդի հիմնական ազատությունն է: Քվեարկությունը գաղտնի է, քվեարկությունը փակ է, եւ ոչ ոք, սիրելի հայրենակիցնե՛ր, չի իմանալու, թե ինչպես եք դուք քվեարկելու: Քվեարկե՛ք ազատ եւ ձեզ վերաբերող անհատական տվյալները սրան-նրան մի բաժանեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել