Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ

Մարտ 20,2007 00:00

\"\"Կիրակի օրը Հովիկ Հայրապետյանի հուշագավաթի ավանդական խաղարկությունով Հայաստանում պաշտոնապես բացվեց ձիասպորտի մրցաշրջանը:

Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի ծածկած մանեժում մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի (ՀՁՖ) նախագահ Հայրապետ Հայրապետյանի ողջույնի խոսքից հետո պատվավոր գավաթի համար արգելքների հաղթահարում մրցաձեւում պայքարի մեջ մտավ 23 անձնակազմ: Մասնակիցները առաջին փուլում պետք է հաղթահարեին միջազգային չափորոշիչներին համապատասխանող 120 սմ բարձրությամբ 11 արգելք՝ 325 մետր մրցուղին անցնելով 60 վայրկյանում: Կրկներթի իրավունք ստանում էին նրանք, ովքեր մրցատարածությունը կանցնեին սահմանված ժամկետում եւ առանց տուգանային միավորի: Դա անել հաջողվեց միայն վեց անձնակազմի՝ ձիասպորտի կենտրոնի ներկայացուցիչներ Նորայր Ստեփանյանին՝ «Կովբոյ» նժույգով, Օլիվյե Հարություն Շիշլիյանին (նա հանդես եկավ «Կլեոպատրա» եւ «Սկալդ» նժույգներով ու երկուսով էլ անցավ վճռորոշ փուլ), Ժուլյեն-Սմբատ Համբարձումյանին՝ «Մալիբույով», «Արա եւ Այծեմնիկ» ակումբից Գագիկ Տիտանյանին՝ «Գերանով» եւ «Մուլտի Գրուպ» ակումբից Արայիկ Գեւորգյանին՝ «Խանումով»:

Լրացուցիչ մրցաերթում արգելքների քանակը կրճատվեց 7-ի եւ մրցատարածությունը դարձավ 270 մետր, որն անցնելու համար սահմանվեց 50 վայրկյան: Ու թեեւ բոլորը տեղավորվեցին ժամանակում, սակայն տուգանային միավորներից խուսափել չկարողացան: Օլիվյե Հարություն Շիշլիյանը «Սկալդով» դարձավ հաղթող (36 վրկ./4 տուգանային միավոր), իսկ «Կլեոպատրայով» ցույց տվեց երրորդ արդյունքը (42/4): Երկրորդը Ժուլյեն-Սմբատ Համբարձումյանն էր (41/4):

Մրցումների ավարտից հետո «Առավոտը» կարճ հարցազրույց ունեցավ ՀՁՖ նախագահ Հայրապետ Հայրապետյանի հետ:

– Գո՞հ եք մարզիկների մասնակցությունից:

– Գերազանց՝ չէի ասի: Բայց եթե հաշվի առնենք, որ մրցաշրջանը նոր է սկսվում եւ սա մեր երկրորդ մրցումն է, մասնակցությունը դրական եմ գնահատում: Վստահ եմ, որ մինչեւ աշուն, երբ կանցկացնենք Հայաստանի առաջնությունը եւ, հնարավոր է, միջազգային մրցաշար կազմակերպելու հնարավորություն էլ ունենանք, մեր մարզիկների արդյունքները շատ կաճեն:

– Անցած տարվա վերջին ձիասպորտի ֆեդերացիան կանոնակարգում բավականին խստացումներ մտցրեց՝ կապված միջազգայնորեն սահմանված կարգով ակումբների, մարզիկների ու նժույգների գրանցման հետ, որից բխում է նաեւ ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվելիք մրցումներին նրանց մասնակցել-չմասնակցելը: Որքան տեղյակ եմ՝ հանրապետությունում գործում է ձիասպորտի 13 ակումբ: Բայց ձեր վերջին ասուլիսում հայտարարեցիք, որ ֆեդերացիայում 2007-ին գրանցված կա ընդամենը 8-ը:

– Կարելի է ասել, որ գոյություն ունի արդեն 14 ակումբ: Բայց դրանցից միայն ութն են, որոնց մարզիկներն ու կենդանիները պատրաստ են գրանցվելու եւ մրցումների մասնակցելու: Հույս ունեմ, որ մյուսները տարվա ընթացքում կամ եկող տարի նույնպես կգրանցվեն:

– Այսինքն, ովքեր ժամանակին չեն գրանցվել՝ այս տարի անցկացվելիք մրցումներին չե՞ն կարող մասնակցել:

– Հայաստանի առաջնությանը՝ ոչ: Մեր կազմակերպած մրցումները վարկանիշային են: Այդտեղ են մասնակիցները վարկանիշային միավորներ վաստակում՝ հանրապետության առաջնությանը մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել