Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾԻ ԳԼԽԻՆ ՏԵՐ Է ՊԵՏՔ»

Մարտ 20,2007 00:00

\"\"Ասում է «Հայկարշին» ՍՊԸ տնօրեն Արագած Ախոյանը, ով առաջիկա ԱԺ ընտրություններում թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական կարգով ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու:

Դժվարին ու բեղմնավոր է եղել Արագած Ախոյանի աշխատանքային ուղին: Ծնվել է 1962թ.՝ Աշտարակի շրջանի Ձորափ գյուղում: Կրթություն ստանալուց եւ խորհրդային բանակում ծառայելուց հետո աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի գովազդային բաժնում, որպես հատային հրատարակչության խմբագիր: Մասնակցել է մի քանի ճանաչված ֆիլմերի նկարահանմանը: Արվեստի ոլորտը նրա համար հետաքրքիր ու գրավիչ էր, սակայն լինելով հորը կորցրած բազմանդամ ընտանիքի ավագ որդին եւ իր ուսերին կրելով ընտանիքի հոգսը, սոցիալական պայմաններից դրդված, թողնում է աշխատանքը «Հայֆիլմում» եւ աշխատանքի անցնում շինարարությունում՝ որպես բանվոր: Այնուհետեւ, աշխատանքի մեջ վարպետանալով, դառնում է շինարարության վերահսկող եւ աստիճանաբար կատարում ավելի պատասխանատու աշխատանքներ: Տարիների ընթացքում շինարարությունը դառնում է Արագած Ախոյանի տարերքը, եւ նա իր աշխատանքին սկսում է նայել որպես արվեստի՝ ստեղծագործաբար: «Իմ կառուցած ամեն մի շենքի ու շինության մեջ ես իմ հոգին եմ դրել, կառուցել եմ սիրով, իսկ յուրաքանչյուր ավարտված կառույց ինձ համար կարծես նոր ծնված երեխա լինի»,- ասում է վաստակաշատ շինարարն ու հպարտությամբ թվարկում իր կողմից իրականացված կառույցները: Այնուհետեւ տարիների ընթացքում սեփական քրտինքով հավաքած միջոցներով սկսում է ձեռք բերել շինարարական տեխնիկա եւ 2001-ին ստեղծում է «Սպիտակ տնակ» շինկազմակերպությունը, իսկ 2004-ին՝ «Հայկարշինը»: Արագած Ախոյանը Հայաստանի շինարարների միության անդամ է: Քաղաքականության մեջ Արագած Ախոյանն իրեն երբեք չի պատկերացրել: Սակայն այսօր դուրս է եկել ընտրապայքարի: Իր այս շրջադարձային որոշումը՝ մտնել քաղաքականության մեջ, պարոն Ախոյանը մեկնաբանում է այսպես. «Ծանոթությունը ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա քաղաքական ծրագրերի հետ՝ ինձ համար դարձավ վճռորոշ, քանի որ դա երկրի տնտեսության զարգացման ծրագիր է եւ նպատակաուղղված է բարելավել ժողովրդի սոցիալական վիճակը: Ուստի ես պարտավորվեցի դառնալ այդ ծրագրերի իրականացման մասնակիցը: Քաղաքականության մեջ կան ինձ համար շատ խորթ ու անընդունելի բաներ, ինչպես, օրինակ՝ այն տեսակետը, թե քաղաքական պայքարում ամեն մեթոդ ընդունելի է, ընդհուպ մինչեւ դիմացինին մրոտելը: Ես չեմ կիսում նման կարծիքները եւ կարծում եմ, որ մարդն առաջին հերթին պետք է անաղարտ պահի իր բարոյական նկարագիրը՝ անկախ այն բանից, թե որ ոլորտում կամ բնագավառում է»:

Արագած Ախոյանը կարեւորում է երկրում առկա շատ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը. «Գյուղատնտեսական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնց լուծումը մեծ դժվարություն չի ներկայացնում, պարզապես ուշադրություն է անհրաժեշտ, գործի գլխին տեր է պետք: Համայնքներ կան, որոնք անգամ կոմբայն չունեն, եւ սպասում են, թե հարեւան համայնքում երբ պետք է աշխատանքն ավարտեն, որ կոմբայնը բերեն: Իսկ այն ստեղծելը մեծ պրոբլեմ չէ: Իհարկե, կան նաեւ գլոբալ խնդիրներ: Կարեւոր է աշխատատեղերի ստեղծումը, մանր ու միջին բիզնեսի զարգացմանը նպաստելը, միջին խավի ձեւավորումը: Այսօր մեր հանրապետությունը նման է դեգեներատ երեխայի, որի գլուխը մարմնի համեմատ անհամաչափ է մեծանում: Հանրապետությունում աճում, զարգանում է միայն Երեւանը, մարզերը դուրս են մնում այդ զարգացման շրջանակներից: Դրան նպաստում են տարբեր գործոններ, թեկուզ՝ վարկավորման եղանակները. մարդը մինչեւ մայրաքաղաքում բնակարան չունենա գրավադնելու համար, նրան գյուղատնտեսական վարկ չեն տալիս, մինչդեռ նա կարող է ունենալ շատ լավ ծրագրեր: Պետք է հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար: Ժողովուրդը շատ նրբազգաց է, խելացի, կարող է բարձրացնել նրան, ում սիրում է, եւ տապալել նրան՝ ում չի սիրում: Իսկ նրա պահանջներն այդքան էլ շատ չեն, անհրաժեշտ է միայն մի փոքր ուշադրություն: Ընտրության հաջորդ օրը ես Աշտարակում հիմնելու եմ իմ շտաբը, որտեղ կաշխատեն իրավաբան, գործերի կառավարիչ: Մարդիկ իրենց հարցերով կարող են դիմել մեզ, կպահպանվի կապը պատգամավորի եւ բնակչության հետ»:

Ըստ Ձորափ գյուղի բնակիչների. «Արդեն քանի տարի է՝ մեր պատգամավորը Արագածն է: Ով ինչ հարցով դիմում է՝ չի մերժում, իսկ գյուղի տղամարդկանց մեծամասնությանը ապահովել է աշխատանքով եւ իր անձնական ավտոբուսով ամեն օր տանում է աշխատանքի: Մենք նրա աշխատանքներն արդեն տեսել ենք եւ, բնականաբար, վստահում ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել