Պատճառը նյարդային լարվածություն առաջացնող աշխատանքը եւ դրա դիմաց տրվող սիմվոլիկ վարձատրությունն է:
ՀՀ ազգային վիճակագրության վարչության ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ կրթության ոլորտում աշխատում է 128. 000 մարդ: Նրանց ընդամենը 25%-ն են տղամարդիկ: Ըստ նույն աղբյուրի, այժմ մանկավարժական բարձրագույն կրթություն են ստանում 19.475 աղջիկ եւ 19.041 տղա: Տղամարդկանց պակասը ցայտուն է արտահայտված հատկապես հանրակրթության ոլորտում:
«Դպրոցներում այսօր երեխաները հիմնականում կանացի դաստիարակություն են ստանում: Նրանք տղամարդկային դաստիարակության մեծ պակաս ունեն»,- փաստեց Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի տնօրեն Մուշեղ Սինամյանը: Այս դպրոցն այն հազվագյուտներից է, որտեղ 5 տղամարդ ուսուցիչների շարքում աշխատում են մաթեմատիկա, աշխարհագրություն դասավանդողներ: «Կան մասնագիտություններ, որտեղ տղամարդիկ անփոխարինելի են, օրինակ՝ աշխատանքի ուսուցումը: Ուստի երբեմն տղամարդ ուսուցիչներին մենք ենք խնդրում, որ գան դասավանդեն: Սակայն լավ վարձատրվող աշխատանք գտնելուն պես՝ նրանք հեռանում են դպրոցից»,- ասաց Մ. Սինամյանը: Տնօրենը նաեւ չի բացառում, որ մի քանի տարի հետո նույնիսկ «պեղելով» հնարավոր չի լինի դպրոցներում տղամարդկանց գտնել: Մեկ դրույքով աշխատող ուսուցիչն այսօր ստանում է 47.000 դրամ: Արդյո՞ք տղամարդը կարող է այդ գումարով ընտանիք պահել: Պերո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյանը եւս փաստեց, որ տղամարդկանց մեծամասնությունը դպրոցից հեռացել է հատկապես 90-ականներին՝ այդ տարիներից սկսած է վարձատրությունը սիմվոլիկ բնույթ ստացել:
Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում տղամարդ ուսուցիչներն ընդամենը երկուսն են, ովքեր դասավանդում են ֆիզիկական կուլտուրա եւ նախնական զինպատրաստություն:
«Այսօրվա երեխաների հետ տղամարդը դժվար լեզու գտնի: Դրա համար համբերություն է պետք: Իսկ սոցիալական ծանր պայմանների պատճառով տղամարդիկ այսօր չունեն այդ համբերությունը: Մինչդեռ կանայք ավելի նրբանկատ են, համբերատար»,- կարծում է թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը: Այս կարծիքին վերապահումով է մոտենում Երեւանի մանկավարժական համալսարանի տարրական կրթության ֆակուլտետի դեկան Սպարտակ Փալիկյանը. «Ցածր դասարաններում, այո, կանացի քնքշության կարիք է զգացվում: Սակայն միջին եւ բարձր դասարաններում աշակերտները հղփանում են եւ միայն տղամարդկային բռունցքը նրանց կարող է կարգի բերել»: Ս. Փալիկյանը ափսոսանքով նշեց, որ տարեցտարի ավելի մեծ թվով տղաներ են «երես թեքում» իրենց ֆակուլտետից: Օրինակ՝ 2000-ին նրանց թիվը 22-ն էր, իսկ անցյալ տարի՝ 16-ը: Եթե նախկինում մի քանի հոգի կրթությունը շարունակում էր նաեւ ասպիրանտուրայում, ապա այսօր մանկավարժության գծով արական սեռի ոչ մի ասպիրանտ չկա: Պատկերը մոտավորապես նույնն է նաեւ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, որտեղ մի կուրսում առավելագույնը 8-9 տղա է սովորում: