Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Մարտ 20,2007 00:00

\"\"Անցած շաբաթվա վերջին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության հիմնադրամի եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության նախաձեռնությամբ Վանաձորում կազմակերպել էր կլոր սեղան:

«Խոսքի ազատությունը Հայաստանում եւ խորհրդարանական ընտրությունները» թեմայով քննարկումներին մասնակցեցին տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Այլընտրանք», Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի տեղական գրասենյակ, Օրհուսի կենտրոն, Հասարակական կազմակերպությունների կենտրոն ու Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն՝ հասարակական կազմակերպությունները:

Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց ԵՄԱ մոնիթորինգի տվյալները: Դիտարկվել էր համազգային 7 հեռուստաալիք: Նա ներկայացրեց մի շարք հարցեր. որքանո՞վ է հեռուստալսարանը տեղեկացված, կա՞, արդյոք, վերահսկում, համաչա՞փ են մեկնաբանվում օրվա իրադարձությունները, ինչո՞ւ են «ակտիվ խաղացող կուսակցությունները» («Ժառանգություն», «Նոր Ժամանակներ», «Հանրապետություն») զրկված հեռուստաեթերից: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ անդրադարձավ ԶԼՄ-ների նկատմամբ նախընտրական շրջանում թաքնված գրաքննության դրսեւորումներին: Նշենք, որ Վանաձորում ԶԼՄ-ների ազատության խնդրով նմանօրինակ այց կատարվել էր երեք ամիս առաջ:

Տեղական հեռուստաընկերության՝ «Միգի» տնօրեն Սամվել Հարությունյանը «Առավոտի» հետ մասնավոր զրույցում ասաց, որ իրենք ընտրությունների կգնան ֆինանսական եւ տեխնիկական լուրջ պրոբլեմներով: Մեր այցելության օրերին այդ հեռուստաընկերության լուրերում հաճախակի լուսաբանվում էին թիվ 30 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանի միջոցառումները: «Առավոտի» հարցին, թե «քարոզարշավը վաղ չի՞ սկսված», «Միգի» տնօրենը պատասխանեց. «Մենք գիտենք, որ քարոզչությունը սկսվելու է ապրիլի 8-ից: Գործող պատգամավորի գործունեությունը միշտ էլ լուսաբանվել է, որը, ի տարբերություն այլ պատգամավորների, այցելությունների կամ ընդունելությունների ձեւով համարյա ամեն շաբաթ միջոցառումներ ունի»: «Միգի» տնօրենը հավելեց, որ «Վ. Բաղդասարյանը պարբերաբար մեր հեռուստաընկերությանը օգնում է»:

Ի դեպ, այս օրերին հեռուստաընկերության «գլխավոր լուրն» այն էր, թե վերոհիշյալ «գործող պատգամավորը» ինչպես է նվերներ բաժանում կանանց «միամսյակի» առթիվ՝ ուսուցիչներին, բուժաշխատողներին: Մեկ այլ հեռուստաընկերություն էլ՝ «Լոռին», լուսաբանում էր նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված մյուս «գործող պատգամավոր» Վիկտոր Դալլաքյանի միջոցառումները: Նա էլ «միամսյակի» առթիվ Աբելյանի անվան թատրոնում «Աշնան արեւի» ներկայացման տոմսերն էր գնել:

Վանաձորի ԶԼՄ-ները հրատապ, օպերատիվ տեղական տեղեկատվության պակաս ունեն: Նրանք չէին անդրադարձել այս օրերին իրենց պատանի շախմատիստների թիմի՝ հանրապետական օլիմպիադայում տարած հաղթանակին: Շրջելով Վանաձորում՝ տեղեկացել էինք, որ գողություն էր տեղի ունեցել տեղի տպարանում, դարձյալ չունեին տեղեկություններ: Առանձնապես չէր լուսաբանվում նաեւ այն լուրը, որ քաղաքացիական նախաձեռնության խումբ էր ստեղծվել՝ տեղական հանրաքվե անցկացնելու հարցով: Ընդ որում, հանրաքվեի պահանջը քաղաքապետի դեմ անվստահության հարցով էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել