Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջերմուկ գրուպը» դիմելու է Եվրոդատարան

Մարտ 20,2007 00:00

\"\"Ընկերությունը հույս ունի, որ իր վնասված գործարար համբավը միայն այդ տարբերակով կարող է վերականգնել:

Որքան էլ «Ջերմուկ գրուպի» ներկայացուցիչները հերքեցին ամերիկյան գործակալության այն մեղադրանքները, թե «Ջերմուկ» հանքային ջրում մկնդեղի պարունակությունը սահմանված նորմայից գերազանցված է, այնուամենայնիվ՝ նույնիսկ տեղական շուկայում այս օրերին «Ջերմուկի» սպառման ծավալները նվազել են: Սա երեկ «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ ընկերության կոմերցիոն բաժնի տնօրեն Սամվել Արսենյանը: Ըստ նրա, Հայաստանում «Ջերմուկի» սպառումը մոտ 10%-ով նվազել է: Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ ԱՄՆ կառավարության դեղորայքի եւ սննդամթերքի գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որ ԱՄՆ ներմուծվող «Ջերմուկի» մեջ մկնդեղի (արսենիում) քանակը, որը պետք է 1 լիտրում լինի 10 միկրոգրամ, 500-600 է եղել, ինչը, ըստ ամերիկացիների, խիստ վտանգավոր է մարդու առողջության համար: Այս առնչությամբ «Ջերմուկ գրուպը», հակադարձելով ամերիկյան գործակալության հայտարարությանը, վստահեցրել էր, որ իրենց հանքային ջուրը միանգամայն անվնաս է, եւ որ գործակալությունը, վնասելով իրենց բարի համբավը, ընդամենը սեւ քարոզչություն է իրականացնում՝ «Ջերմուկը» ամերիկյան շուկայից դուրս մղելու համար:

Երեկ «Առավոտը» պարոն Արսենյանից հետաքրքրվեց, թե իրենց գործարար համբավը վնասելու համար չե՞ն պատրաստվում դիմել դատարան: Հարցին ի պատասխան՝ Սամվել Արսենյանը տեղեկացրեց, որ արդեն փաստաթղթերն են պատրաստում եւ դիմելու են միջազգային դատարան. «Ամերիկացիներին թվում է, թե տարիների ընթացքում ձեռք բերած անունը կարող են մի օրում գցել: «Ջերմուկի» ամբողջ գոյության ընթացքում ոչ մի թունավորման կամ արտակարգ դեպք չի գրանցվել, իսկ ամերիկացիների կյանքի համար վտանգավո՞ր է: Դատից հետո գուցե մեր կրած վնասները փոխհատուցեն, բայց մեր իմիջն են վնասում: Ամեն անգամ Նահանգներ ներմուծելուց առաջ սահմանի վրա՝ մաքսակետում, նույն այդ ամերիկյան գործակալությունը համապատասխան զննում էր անցկացնում, հետո նոր թույլատրում անցկացնել սահմանը: Միշտ նույն «Ջերմուկն» ենք արտահանել, ոչ մի տարբերություն չի եղել. փաստորեն, գործակալությունն իր ժողովրդին այսքան տարի խաբել է, թող ամերիկացիները գործակալությանը դատի տան դրա համար»:

Պարոն Արսենյանի կարծիքով՝ «Ջերմուկի» արգելումը Միացյալ Նահանգներ ունի նաեւ քաղաքական դրդապատճառ: Ս. Արսենյանի ներկայացմամբ՝ Ամերիկան նույն խաղն է խաղում Հայաստանի հետ, ինչ խաղաց Ռուսաստանը՝ Վրաստանի հետ. խոսքն այն դեպքի մասին է, երբ Ռուսաստանն արգելեց վրացական «Բորժոմի» հանքային ջուրը ներմուծել այդ երկիր, այդ ժամանակ վրացական ջրերի տեղը գրավեց «Ջերմուկը»: Ս. Արսենյանի դիտարկմամբ՝ «Վրաստանը Ամերիկայի դաշնակից երկիր է, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի: Գուցե Ամերիկային պետք է, որ «Ջերմուկի» տեղը իր բարեկամ Վրաստանի «Բորժոմին» լինի իրենց երկրում: Ես ինքս տեղյակ եմ, որ արդեն 40 նավ «Բորժոմի» է մտել Միացյալ Նահանգներ, սա այն դեպքում, երբ Լատվիան էլ արգելեց այդ հանքային ջրի ներմուծումը: Իսկ «Բորժոմիի» մեջ արսենիումի պարունակությունը, «Ջերմուկի» համեմատ, 4 անգամ գերազանցում է ԱՄՆ-ի կողմից թույլատրելի չափը»:

Նկատենք, որ «Ջերմուկի» հետ կապված ամերիկյան գործակալության սարքած սկանդալին կարելի է մեկընդմիշտ վերջ տալ. օրինակ, ընկերությունն իր բարի համբավը վերականգնելու համար կարող է միջազգային որեւէ հեղինակավոր փորձագիտական կազմակերպության պատվիրել, որպեսզի ստուգվի «Ջերմուկի» բաղադրությունը, ու այս հարցին վերջնական լուծում կտրվի: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Ս. Արսենյանն ասաց. «Մենք դրա կարիքը չունենք, քանի որ եվրոպական որակի սերտիֆիկատ արդեն իսկ ունենք, որն այդ հարցերի պատասխանը տալիս է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել