Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԵՐՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Մարտ 20,2007 00:00

\"\"Ընտրությունների նախաշեմին հանրապետականները գյումրեցի անօթեւաններին բնակարաններ են նվիրում

Շաբաթ օրը Գյումրի էր այցելել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Թեեւ նա լրագրողներին հորդորել էր, որ իր այցելությունը քարոզարշավ չորակեն, այդուամենայնիվ, նրա՝ գյումրեցիների հետ հանդիպումը եւ բարեգործական քայլերը քարոզարշավից բացի ուրիշ ոչինչ չէին հիշեցնում: Օրինակ՝ Գյումրիի դրամատիկական թատրոնում 5 անօթեւան խեղճուկրակ ընտանիքների վարչապետը Հանրապետական կուսակցության անունից հանձնեց 5 բնակարանների բանալիներ, որից մեկը Գյումրիում առաջադրված ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի միջոցներով էր գնվել: Այդպիսի մեկ բնակարան էլ իր ու իր տղայի անունից խոստացավ վարչապետը: Նրան հաջորդեց մեկ այլ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի խոստումը՝ մեկ բնակարան էլ իր կողմից գնելու: Ընդհանրապես, վերջին շրջանում հանրապետականների նվերները ծանրակշիռ են դարձել: Եթե առաջ մի քանի նորածին էին կնքում եւ նրանց վզին ոսկյա խաչ գցում, հիմա այնքան առատաձեռն են դարձել, որ միայն տան բանալիներ են նվիրում:

Բանալիների հանձնման արարողությունից հետո Աշոտ Աղաբաբյանը սկսեց նախընտրական խոստումներ տալ. «Չորս տարվա ընթացքում ես իմ բոլոր հնարավորությունները ներդրել եմ, ընտրվելուց հետո խոստանում եմ շարունակել, 5 տարվա մեջ անօթեւան գյումրեցիների համար 5 բնակարան եմ գնելու: Աշոտ Աղաբաբյանի բնավորությունն այնպիսին է, որ թեկուզ խմած, թեկուզ լուրջ՝ եթե ես խոստանում եմ, միշտ անում եմ»:

Հանրապետականների հավաքը միայն բնակարան նվիրելով չսահմանափակվեց. նրանք ձեռքի հետ էլ հանրապետական «մկրտեցին» 1500 գյումրեցիների: Գյումրիի քաղաքապետ, նորաթուխ հանրապետական Վարդան Ղուկասյանն էլ վարչապետին խոստացավ մոտ օրերս եւս 1500 գյումրեցու հանրապետականացնել: Քաղաքապետը գյումրեցիներին հանրապետական դարձնելու իր ձգտումներն այսպես արդարացրեց. «Գյումրին մինչեւ էսօր քաղաքականացված, կուսակցականացված քաղաք չի եղել, բայց էսօր ես զգում եմ, որ այն կուսակցականացված քաղաք է դառնում եւ այն պատճառով, որ մենք չենք կարող անմասն մնալ մեր ապագայի հանդեպ: Պատկերացրեք՝ ընտանիքի հայրը էսօր ինչքան պրոբլեմներ է ունենում, բա Գյումրիի քաղաքապետն ու քաղաքապետարանն ինչքա՜ն պրոբլեմներ ունեն. դրանք հնարավոր է լուծել երկրի նախագահի ու հանրապետականների՝ վարչապետի աջակցությամբ»,- անկեղծացավ քաղաքապետը:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում վարչապետը ընդդիմադիր կուսակցությունների այն գնահատականներին, թե ընտրություններն արդեն իսկ կեղծված են, որովհետեւ իշխանական կուսակցությունները մեծ լծակներ ունեն եւ այսպիսի բարեգործություններ են անում՝ ժողովրդին գրավելու համար, Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. «Բայց իրենց ձեռքն ո՞վ է բռնել, որ իրենք էլ ժողովրդի հետ աշխատեն եւ ասեն, որ եթե մենք էլ գանք իշխանության՝ մենք էլ այդպիսի հարցերի լուծում կտանք: Հիմնականում այն կուսակցությունները, որոնք արդեն գիտեն, թե ընտրություններից հետո իրենց վիճակն ինչ է լինելու, եթե 5 հոգանոց կուսակցություն է՝ գիտի, որ ընդամենը 0.01 տոկոս է հավաքելու եւ պետք է արդարացնի մասնակցելու կամ չմասնակցելու խնդիրը՝ ասում է, թե ընտրությունները կեղծվելու են: Ի՞նչ փաստերից ելնելով են դա ասում. մենք միջազգային դիտորդների՝ ընտրության վերաբերյալ կարծիքը հաշվի առնելով՝ այս 4 տարիների ընթացքում հսկայական փոփոխություններ կատարեցինք Սահմանադրությունում, Ընտրական, Քրեական, Վարչական օրենսգրքերում, եւ այն բոլոր առաջարկությունները, որոնք, ըստ իրենց ասածի, պայմաններ էին ստեղծում կեղծիքներ կատարելու համար՝ վերացրեցինք. գոնե սպասեն ընտրությունները ավարտվեն, արդյունքները ամփոփվեն, նոր տեսնեն՝ կեղծիքներ կատարվե՞լ են, թե՞ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել