Մարտի 17-ին Կապան այցելած ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը զրկված է եղել թե՛ հյուրանոցում գիշերելու, թե՛ դահլիճում հանդիպում կազմակերպելու հնարավորությունից:
ԱԺՄ Կապանի գրասենյակի ղեկավար Ալբերտ Ղոնյանը echannel.am-ի թղթակցին պատմել է, որ ինքը նախօրոք «Դարիստ» հյուրանոցում սենյակ էր պատվիրել Վազգեն Մանուկյանի եւ նրան ուղեկցողների համար: Սակայն, երբ ԱԺՄ նախագահը մարտի 16-ին ժամանել է հյուրանոց՝ նրան ասել են, թե սենյակները զբաղված են, քանի որ Սյունիք է այցելելու Ռոբերտ Քոչարյանը՝ իր ուղեկիցներով: Վազգեն Մանուկյանն ու իր 3 ուղեկիցները ստիպված են եղել գիշերել Ղոնյանի տանը: Ի դեպ, Վազգեն Մանուկյանը «Դարիստ»-ում գիշերելու էր մեկ գիշեր ու մարտի 17-ին հեռանալու էր Կապանից, իսկ Քոչարյանը մարտի 19-ին մասնակցեց Իրան-Հայաստան գազատարի բացման արարողությանը: Նա Կապան ժամանեց մարտի 18-ին, եւ գիշերն էլ անցկացրեց Պղնձամոլիբդենային կոմբինատի հանգստարանում՝ «պրոֆիլակտորիա»-ում: Իսկ «Դարիստ»-ում ՀՀ նախագահի համար ամրագրված սենյակները մնացին դատարկ:
Տեղական ԶԼՄ-ներով հայտարարվել էր, որ ԱԺՄ ղեկավարի հետ հանդիպումը կկայանա Կապանի արվեստի քոլեջի դահլիճում: ԱԺՄ Կապանի կառույցը նախնական պայմանավորվածություն ուներ նաեւ դահլիճի համար: Սակայն, երբ մարտի 17-ին Վազգեն Մանուկյանն ու հանդիպման համար հավաքվածները եկան Կապանի արվեստի քոլեջի փոքր դահլիճ՝ պարզվեց, որ շենքի դռները փակ են: Քոլեջի տնօրեն Լիանա Հակոբյանը ՆՏ-ի թղթակցին տեղեկացրել է, որ առանց իր հետ ճշտելու է հայտարարություն տրվել. «Ես գտա կազմակերպչին, ասացի, որ այդ օրերին՝ մարտի 17-19-ը փառատոն է կազմակերպվել, ինչո՞ւ են առանց ճշտելու հայտարարությունը տվել»:
«Դաշինք» կուսակցության Կապանի կառույցի ղեկավար Վարդան Հարությունյանի առաջարկությամբ, հանդիպումը կայացել է «Դաշինքի» տեղական գրասենյակում: «Կներեք, որ այստեղ ենք հավաքվել, բայց գիտեք, թե ինչ երկրում ենք ապրում,- ներկաներին ասել է Վազգեն Մանուկյանը:- Ժամանակին ադրբեջանցիներին շատ եմ վնաս տվել, բայց որ հիմա գնայի Ադրբեջան՝ հյուրանոց էլ կտային, դահլիճ էլ, դառնությամբ եմ ասում: Իսկ եթե իշխանությունները նման քայլեր են անում, նշանակում է՝ վախեցած են»:
Վազգեն Մանուկյանը հայտնել է, թե չի եկել քարոզչություն անելու, այլ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանում, եւ այն, որ հյուրանոցն էլ, դահլիճն էլ չտրամադրեցին՝ բավական էր, որ հասկանա: