ՆԺԿ նախագահի ասելով՝ կեղծվելու են «ցինիկաբար»
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով օրերս է վերադարձել Մոսկվա կատարած հերթական շրջագայությունից, երեկ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձավ ամենատարբեր հարցերի:
ԱԺ ընտրություններ
ՆԺԿ նախագահի համոզմամբ, որը հիմնված է իր ունեցած տեղեկությունների վրա, այս անգամ եւս իշխանություններն ընտրությունները կեղծելու են եւ կեղծելու են, ըստ նրա՝ «ցինիկաբար» եւ ՀՀ ոստիկանության վիզաների վարչության հետ ձեռք ձեռքի՝ արհեստականորեն ուռճացնելով ընտրողների թիվը: Ա. Կարապետյանի ասելով, իշխանությունները փորձելու են համոզել, որ Հայաստանում կա 1,7 միլիոն ընտրող: Այդ դեպքում, ըստ նրա, կուսակցություններին 5 տոկոսանոց արգելքը հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի հավաքել 85 հազար քվե, ինչը նշանակում է, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվելու, որպեսզի հնարավորինս քիչ կուսակցություններ կարողանան հաղթահարել 5 տոկոսի շեմը:
Ա. Կարապետյանը մտահոգություն հայտնեց նաեւ, որ հայաստանյան ուժային կառույցները շարունակում են աշխատել հօգուտ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի: Նա նաեւ արձանագրեց, որ Երեւանի առանձին համայնքներում՝ Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի, արդեն իսկ սկսվել է ընտրողների անձնագրերի հավաքումը, որով իշխանությունները հետո քվեարկելու են իշխանական այս կամ այն կուսակցության օգտին:
Ա. Կարապետյանին մտահոգում էր նաեւ այն փաստը, որ այսօր արդեն իշխանության տարբեր թեւերի, մասնավորապես՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տեղի են ունենում բախումներ, որոնց պատճառներն ու հետեւանքները փորձ է արվում թաքցնել հասարակությունից: Նրա փոխանցմամբ, այդ բախումները նախագահի ընտրություններում կվերածվեն ճակատամարտի. 2008 թվականի ընտրությունների ժամանակ, Արամ Կարապետյանի ասելով՝ «Ավարայրի ճակատամարտը կլինի ամբողջական»:
Երեկ ՆԺԿ նախագահը հարցադրման տեսքով հայտարարեց, թե «ամեն ամիս մաքսանենգ ճանապարհով Մաքսային ծառայությունում կուտակվում է 6 միլիոն դոլար, որը բաժանվում է մի քանի իշխանավորների միջեւ», եւ որոնք ուղղվելու են առաջիկա խորհրդարանական ընտրությունների կեղծմանը:
ՆԺԿ նախագահը նաեւ արձանագրեց, որ ընտրությունների հերթական կեղծումը կարող է մեծ հարված հասցնել Հայաստանին եւ վերջնականապես «թաղել ընտրությունների գաղափարը»: Դրա արդյունքում, ըստ նրա, լուրջ արտաքին ճնշումներ են լինելու մասնավորապես ԼՂ հարցի լուծման համատեքստում, իսկ ոչ լեգիտիմ իշխանություններն ի վիճակի չեն լինելու դիմակայել այդ ճնշումներին:
Կրիմինալ չկա
Երեկ Ա. Կարապետյանը լրագրողներին նաեւ տեղեկացրեց, թե ժամանակին ինքը հայաստանյան տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների վերաբերյալ ավելի քան մեկ տասնյակ դիմումներ էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց վերջինս պատասխանել է մեկ նախադասությամբ՝ «Ձեր նշած փաստերում քրեորեն հետապնդելի արարք չկա»:
Ո՞ւր է տանում կծիկի թելը
ՆԺԿ նախագահն անդրադառնալով Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով «Կինոերեւանցի Հայկոյի»՝ Հայկ Իսրայելյանի կալանավորման փաստին՝ հայտարարեց, թե իր տեղեկություններով, կալանավորված այդ անձնավորությունը ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» բարեկամն է: Իսկ եթե դա այդպես է, ապա ըստ Ա. Կարապետյանի՝ «հարց է առաջանում՝ ո՞ւր է տանում Հովասափյանի սպանությունը, որովհետեւ բոլորը գիտեն, թե իր ալրաղացը ձեռք բերելու ճանապարհին ինչպիսի գործընկերներ է ձեռք բերել Լյովիկը, նույնիսկ տղայի անունն է Սերժ դրել»: