Վստահեցնում է ՀՀԿ խմբակցության քարտուղար, թիվ 41 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրված Գագիկ Մելիքյանը:
– Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀԿ խմբակցության քարտուղարը կուսակցության 112 հոգանոց համամասնական ցուցակում 97-րդն է:
– Ես կուսակցության որոշման համաձայն եմ առաջադրվել մեծամասնական ընտրակարգով: Իսկ ՀՀԿ որոշմամբ՝ մեծամասնականով առաջադրված պատգամավորների համարները համամասնական ցուցակում սկսվում են 66-ից եւ ավարտվում 97-ով՝ ըստ ընտրատարածքների հերթականության: 66-րդ համարը թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ռուբեն Հայրապետյանն է, իսկ 97-րդ համարն ամենավերջին՝ 41-րդ ընտրատարածքում առաջադրված Գագիկ Մելիքյանը: Ընդամենը սա է. ուրիշ պատճառ չկա:
– Ձեր մրցակիցներից մեկը Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն է, որի թեկնածությունը պաշտպանելու մասին ազդարարեց «Ազգային միաբանություն» կուսակցությունը: Առանց այդ էլ Հայաստանի գլխավոր մարքսիստը խիստ կոլորիտային կերպար է՝ այժմ նաեւ ունի ընդդիմության աջակցությունը: Չե՞ք զգուշանում այս մրցակցությունից:
– Ո՛չ, չեմ զգուշանում: Ընդհակառակը՝ բավականին բարձր տրամադրությամբ պատրաստ եմ մրցակցել Դավիթ Հակոբյանի հետ, նրա հետ բանավեճերի մասնակցել եւ այլն:
– Ձեր մյուս մրցակցին՝ «Երեւան գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հակոբ Հակոբյանին առաջադրել է ՕԵԿ-ը: Մամուլում հրապարակում եղավ, թե իշխանությունները թիվ 41 ընտրատարածքում մանդատ են խոստացել հենց Հակոբ Հակոբյանին, քանի որ ՀՀԿ-ն որոշել է խորամանկորեն ազատվել Գագիկ Մելիքյանից: Հավանական համարո՞ւմ եք նման սցենարը:
– Սա քարոզարշավին յուրահատուկ սադրանք է, որը պատահական չէ: Սա «Օրինաց երկրի» ձեռագիրն է՝ միանշանա՛կ: Սա այս կուսակցությանը յուրահատուկ, իրենց հարիր պահվածք է՝ սեւ PR անելով մրցակցի նկատմամբ, փորձել նրան դնել վատ կարգավիճակի մեջ: Բայց սա ընդհանրապես հաշվի չեմ էլ առնելու: Ես գիտեմ, որ իմ կուսակցությունը կանգնած է թիկունքիս՝ եւ միանշանակ պաշտպանում է իմ թեկնածությունը:
– Անցած տարվա հոկտեմբերին ՄԱԿ-ի քաղաքական գործերի դեպարտամենտի քաղաքական հարցերով պատասխանատուի հետ խորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ հայտարարել էիք, թե ՀՀԿ-ն որեւէ ընդդիմադրի թույլ չի տալու ընտրախախտումներ անել։ Եվ բացատրել էիք, որ ընտրակեղծիքների գնում են թույլերը, որոնք նախապես գիտեն, թե պարտվելու են: Կարո՞ղ եք վստահեցնել, թե քանի որ Ձեզ համարում եք ուժեղ թեկնածու՝ ուստի չեք անի ոչ մի խախտում:
– Իրոք՝ հավաստիացնում եմ, որ իմ կողմից չի լինելու որեւէ ընտրակեղծիքային քայլ: Եվ նրանք, ովքեր կփորձեն նման քայլեր անել՝ իմ կողմից անպայման կենթարկվեն խիստ պատասխանատվության: Ես բավական մեծ հսկողություն եմ սահմանելու՝ իմ վստահված անձանցով, ընտրական հանձնաժողովներում ՀՀԿ ներկայացուցիչներով, որ որեւէ ուժի կողմից ընդհանրապես չկատարվի ընտրակեղծիք: (Հավելյալ նշենք, որ Գագիկ Մելիքյանի մյուս մրցակիցը Դիլիջանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Ժորա Սահաբալյանն է.- Ա. Ի.): Ընտրակեղծիքները հատկապես ուժեղներին հարիր չեն: Եվ նման նպատակ մենք չունենք ընդհանրապե՛ս: Հաշվի առնելով այն թիմը եւ ժողովուրդը, որ իմ կողքին են՝ ինձ ոչինչ չի մնում, քան հաղթելը: Իսկ հաղթող թեկնածուին իրոք պետք չէ ընտրակեղծիքներ անել՝ հակառակ պնդումները թույլ ուժերի, ընդդիմադիր դաշտում կեղծ ընդդիմություն խաղացող կուսակցությունների (նա այդպիսին է համարում ՕԵԿ-ին.- Ա. Ի.) մտավարժանքներն են, որոնք միեւնույն է՝ չեն կարող տալ ոչ մի արդյունք:
– Եթե Դուք այդքան ուժեղ թեկնածու եք, ինչո՞ւ եք, հրապարակումների համաձայն, Ձեր հայրենի Բերդ քաղաք ելումուտ անում միայն թիկնազորով:
– Ես ընդհանրապես թիկնազոր չեմ ունեցել, վարորդ էլ չեմ ունեցել: Միշտ շրջում եմ մենակ՝ ե՛ւ քաղաքում, ե՛ւ իմ հայրենի մարզում: Դա բոլորը գիտեն:
– Բոլորն, ըստ մամուլի՝ այլ բաներ գիտեն, որ բենզալցակայաններ ու գազալցակայաններ եք աշխատեցնում Բերդում, Ձեզ են պատկանում սննդի մի շարք խանութներ, արտադրական հզորություններ եւ Ձեր ծննդավայրում ունեք «մոնոպոլիստի» համբավ:
– Ես իմ ծննդավայրում ունեմ հարգված մարդու համբավ: Ընդհանրապես չեմ զբաղվել բիզնեսով եւ չեմ զբաղվում:
– Մեծամասնական ընտրակարգով ընտրված թեկնածուից առավել ակնկալում են, որ տվյալ ընտրատարածքին վերաբերող հարցեր պիտի լուծի: Անցած տարիների ընթացքում արդարացրե՞լ եք նման ակնկալիքները, թե՞ աշխատել իբրեւ զուտ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ:
– Ես որպես 8 տարի գործող պատգամավոր՝ բավական մեծածավալ աշխատանքներ եմ իրականացրել այդ տարածքում: Հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթի, շինարարական՝ ճանապարհներ, ոռոգման ցանցեր, գազաֆիկացում, դպրոցների եւ մշակույթի տների վերանորոգում, բնակարանային որոշ հարցերի լուծում Դիլիջանում, Իջեւանում, Բերդում:
– Այս ամենը Դո՞ւք եք արել, թե՞ կառավարությունը:
– Այս ամենն արվել է ի՛մ առաջարկների հիման վրա, որոնք կառավարությունն ընդունել եւ ներառել է պետբյուջեի ծախսային մասում: Եվ 2007-ի ընթացքում էլ պիտի աշխատանքներ տարվեն Դիլիջանի հիվանդանոցի վերանորոգման, Իջեւանում քաղաքային ճանապարհների վերանորոգման ուղղությամբ, նաեւ Իջեւան-Բերդ հատվածի ճանապարհի նորոգման, որ շուրջ $3,5 մլն-ի արժողության ծրագիր է: Սրանք բոլորն արվել են իմ առաջարկներով:
– Մեծամասնական ընտրակարգով ընտրված յուրաքանչյուր ՀՀԿ-ական կթվարկի նման շարք: Սակայն սոցհարցումներով ՀՀԿ-ն իր վարկանիշով զիջում է «Բարգավաճ Հայաստան»-ին: Ձեր կարծիքով, ինչի՞ հետեւանք է սա:
– Սա ընդամենը սոցհարցումների պատվիրատուին առնչվող հետեւանք է: Ցանկացած սոցհարցում ունի պատվիրատու եւ նպատակ: Ինչ նպատակ որ դրված է՝ պարզ է, որ հարցումները հրապարակվում են այդ նպատակներն իրականացնելու համար:
– Ձեր կարծիքով, ՀՀԿ-ին այնուամենայնիվ կհաջողվի՞ գալիք ԱԺ-ում կազմել մեծամասնություն:
– Կհաջողվի: ՀՀԿ-ն վճռորոշ դերակատարություն կունենա կառավարության ձեւավորման եւ առաջիկա 5 տարիներին՝ ՀՀ տնտեսության զարգացման մեջ: