Ասում է «Գործարար» պատգամավորական խմբի ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Գրիգոր Մարգարյանը:
– Պարոն Մարգարյան, ձեր գլխավորած խմբի անդամները տարբեր կերպ տնօրինեցին իրենց ճակատագիրը, ոմանք մտան Տիգրան Կարապետովիչի ցուցակ, մյուսներն առանձին են մասնակցում ընտրություններին, ոմանք ընդհանրապես չեն մասնակցելու, խումբը ունե՞ր ազատ լինելու որոշում:
– Այո, մեր խումբը որոշում ուներ ազատ գործել, եւ ես բավականին նորմալ եմ վերաբերվում իմ խմբի անդամների որոշումներին: Նրանք երեխաներ չեն, գիտակ մարդիկ են եւ իրենք են պատասխանատու իրենց որոշումների համար: Յուրաքանչյուրի անձնական խնդիրն է, թե որ կուսակցության հետ կամ որ կուսակցության ցուցակում են ուզում մասնակցել ընտրություններին:
– Դուք դարձյալ առաջադրվեցիք նույն ընտրատարածքում, ինչո՞ւ, մանավանդ՝ ձեր ընտրատարածքում թեկնածուները բավականին շատ են:
– Ասեմ՝ ինչու. նախ ես այդ համայնքի բնակիչ եմ, Շենգավիթում եմ ծնվել, մեծացել, դպրոց գնացել եւ ապրում եմ մինչեւ այսօր: Կարծում եմ, իմ ընտրողներն անցած չորս տարիներին իմ կատարած աշխատանքից գոհ են, քանի որ ես ծառայել եմ իմ ժողովրդին, արել եմ ամեն հնարավորը իմ ընտրողների համար: Արածս գործերի մասին խոսել չեմ սիրում, ասեմ միայն, որ օգնել եմ մարդկանց, իրենց կողքին կանգնած եմ եղել միշտ եւ նախորդ ընտրությունների ժամանակ տրված իմ բոլոր խոստումները եւ ծրագրերը, կարծում եմ, կատարել եմ: Իսկ ծրագրերը հիմնականում ուղղված են եղել դպրոցաշինությանը, եւ միայն այս տարի, իմ ջանքերով, կառավարությունը մոտ 270 միլիոն դրամ է տրամադրել Շենգավիթ համայնքի չորս դպրոցներին: Այն, ինչ որպես պատգամավոր պարտավոր եմ անել իմ ընտրողների համար, անում եմ: Կարծում եմ, իմ ընտրողների վստահությունը կերեւա ընտրություններին ինձ տրված քվեներով:
– Նույն ընտրատարածքում առաջադրվել է նաեւ ձեր երբեմնի կուսակից գործընկերուհին՝ «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը: Ինչպե՞ս եք մրցելու տիկնոջ հետ:
– Նորմալ եմ համարում, որ ՕԵԿ-ը այս ընտրատարածքում ունի իր թեկնածուն, կարծում եմ՝ նորմալ պայքար կլինի եւ ազնիվ պայքարում կհաղթի ուժեղագույնը: Ես հարգանքով եմ վերաբերվում իր անձին եւ ոչ մի խնդիր չեմ տեսնում:
– Ձեր մյուս մրցակիցը եւս բավականին հետաքրքիր է՝ Իսրայել Հակոբկոխյանը:
– Ես իր հետ անձամբ ծանոթ չեմ, մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ բոլոր մրցակիցներին, իսկ Իսրայել Հակոբկոխյանին ճանաչում եմ որպես բոքսի աշխարհի չեմպիոն:
– Իսկ դուք բոքսի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունեք: Ինքներդ պարապե՞լ եք երբեւէ:
– Փոքր ժամանակ՝ այո, մի քիչ պարապել եմ, բայց ես ընտրեցի իրավաբանի մասնագիտությունը:
– Դուք առաջադրվել եք քաղաքացիական նախաձեռնությամբ, սակայն հայտնի է, որ մեր իրականության մեջ առանց որեւէ քաղաքական ուժի աջակցության հնարավոր չէ ընտրություններում հաջողության հասնել: Ո՞ր կուսակցության աջակցությունն եք ակնկալում ընտրությունների ժամանակ:
– Ինձ սատարում են հիմնականում իշխանական կուսակցությունները, եւ ժամանակին կերեւա, ինչո՞ւ ոչ, հնարավոր է, որ ինձ սատարեն նաեւ ընդդիմադիր ուժերը:
– Սակայն երբ դուք դուրս եկաք «Օրինաց երկրից», հայտարարեցիք, որ ձեզ չեք տեսնում ընդդիմադիր դաշտում, հիմա ինչպե՞ս եք ընդունելու ընդդիմադիրների աջակցությունը, եթե դա, ինչպես ասում եք, հնարավոր լինի:
– Ես իմ ընտրողների համար անում եմ ամեն ինչ եւ չեմ նայում՝ նա ընդդիմադիր է, թե իշխանական: Այո, չեմ բացառում, որ որոշ ընդդիմադիր ուժեր ինձ կպաշտպանեն, ինչո՞ւ չէ:
– 2007-ի ընտրություններում շատ ավելի վարչական, ֆինանսական եւ այլ լծակներ են գործի դրվելու, քան երբեւէ, եւ այս վերլուծությունների արդյունքում հանգում ես եզրակացության, որ այս անգամ շատ ավելի լարված ընտրություններ են լինելու, քան երբեւէ: Կլինե՞ն, արդյոք, կրակոցներ եւ այլ արտառոց բաներ:
– Աստված հեռու պահի այդ կարգի բաներից, եւ այդ հարցերը ես չեմ էլ ուզում քննարկել: Իմ կարծիքով, ամեն ինչ նորմալ եւ հավասարակշռված է լինելու, եւ այս անգամ, ընդհակառակը, ունենալու ենք շատ ավելի կարգին եւ արդար ընտրություններ: