Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մարտ 19,2007 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

\"a\"Գիրք չորրորդ

Գլուխ տասներկուերորդ

ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՆԱՐԱՏ

– Էդ աղջկերքին հեչ կարգին չենք էլ ճանաչում, Դանիկ ձյաձյա,- խոսակցությանը խառնվեցի ես.- էսօր առավոտ ենք հետները ծանոթացել:

– Էսօր առավոտ հետները ծանոթացել եք, ու գիշերն ուզում եք դրանց ըստեղ պահե՞ք,- գոռաց Դանիկը.- կարող ա՞ էս գյուղը ձեր համար բոզանոց ա:

– Թասիբի հարց ա, պա՛պ,- կմկմաց Ռոլանդը:- Ես իրանց ձեւական հրավիրեցի գյուղ, բայց իրանք վռազ համաձայնվեցին. էլ չէի կարա խոսքիցս հետ կայնեմ:

– Իմ ասածն ես հաստատում,- ասաց Դանիկը:

– Ո՞ր ասածդ եմ հաստատում,- հարցրեց Ռոլանդը:

– Բոզը պոզովպոչով ա՞ ըլնում,- ասաց Դանիկը:- Հարեւանները հարցնում են՝ էդ ի՞նչ աղջկերք են, չեմ կարում պատասխանեմ. հո չե՞մ ասի՝ տղիս բոզերն են:

– Ասա՝ Արմենի բարեկամներն են,- ժպտաց Ռոլանդը:

– Արմենի ազգուտակին վարկաբեկե՞մ,- ասաց Դանիկը:- Արմոյենց բարեկամներն Արմոյենց գյուղ կէթային. մեր գյո՞ւղ խի էին գալի:

– Արմոյենք գյուղ չունեն,- ասաց Ռոլանդը:

– Հերնումերդ բախտավոր մարդիկ են, Արմո՛ ջան,- ասաց Դանիկը:

– Ի՞նչ իմաստով,- հարցրի ես:

– Որ գյուղ չունեն,- ասաց Դանիկը.- որ գյուղ ունենային՝ մի օր էլ իրա՛նց գյուղը պիտի բարդակ սարքեիք:

– Որ ասին՝ գալիս ենք, կարող ա՞ ասեի՝ մի էկեք,- կմկմաց Ռոլանդը:

– Որ էկել են՝ թող իրանց տեղաշորներն էլ հետները բերեին,- գոռաց Դանիկը:

– Ո՞նց,- զարմացավ Ռոլանդը:

– Շատ հասարակ,- ասաց Դանիկը:- Քու մերն էդ բոզերի տակ կարող ա՞ մեր տան յորղանդոշակը փռի:

– Վերջին ավտոբուսը ե՞րբ ա Երեւան գնում,- Ռոլանդին հարցրի ես:

– Թալինից ժամը ութին Երեւան գնացող ավտոբուս կա,- ասաց Ռոլանդն ու ժամացույցին նայելով՝ ավելացրեց.- էրկու ժամից ավել ժամանակ կա. որ ուզենանք՝ կարանք հասցնենք:

– Ինչի՞ն հասցնեք,- զարմացավ Դանիկը:

– Ութի ավտոբուսին,- ասացի ես:

– Ութի ավտոբուսին հասնեք, որ ի՞նչ անեք,- ավելի զարմացավ Դանիկը:

– Որ էթանք Երեւան,- ասաց Ռոլանդը:

– Այսինքն, ինձի դվայնոյ ե՞ք ուզում խայտառակ անեք,- գոռաց Դանիկը.- հիմի էլ աջուձախ տարածեն, թե Դանիկն իրա ղոնաղներին տնից քշել ա:

– Ո՞վ պիտի տարածի,- հարցրի ես:

– Հենց ձեր էդ քածերը,- ասաց Դանիկը:- Աշխարհով մեկ կտարածեն, որ գրող Շառոյան Լոլիկի հերն անշնորհք մարդ ա:

– Քեզնից բան չեմ հասկանում,- հոգոց հանեց Ռոլանդը.- մեկ մի՛ բան ես ասում, մեկ էլ՝ սավսեմ ուրիշ բան:

– Հեչ կապ չունի՝ ինչ եմ ասում,- ասաց Դանիկն ու ավելացրեց.- էշին նստելը մի՛ այիբ ա, իջնելը՝ էրկու:

– Էլի չեմ հասկանում,- տրտնջաց Ռոլանդը:

– Հասկացողի՛ համար եմ ասում,- ասաց Դանիկը.- հեն ա՝ Արմոն քթի տակ խնդմնդում ա. ասածս լավ էլ հասկացել ա:

– Ի՞նչ ա հասկացել,- հարցրեց Ռոլանդը:

– Իրա՛ն հարցրու,- ասաց Դանիկը.- ի՞նչ ես հասկացել, Արմո ջան:

– Էշին նստելը մի՛ այիբ ա, իջնելը՝ էրկու,- ասացի ես:

– Այսի՛նքն,- ասաց Ռոլանդը.- էշը էդ աղջկե՞րքն են:

– Եսիմ,- ասացի ես:

– Էդ առակի մեջ կարեւորն էշը չի,- ասաց Դանիկը:

– Առակ չի. ասացվածք ա,- ասաց Ռոլանդը:

– Ոչ էլ առակն ու ասացվածքն են կարեւոր,- ասաց Դանիկը.- կարեւորն էշին նստողն ու էշից իջնողն ա:

– Էշին նստողն ու իջնողն ո՞վ ա,- հարցրեց Ռոլանդը:

– Փաստորեն, Դանիկ ձյաձյան ա,- ծիծաղեցի ես.- ինքը նստել ա էշին ու չի ուզում իջնի:

– Էշն էլ էդ աղջկերքն ե՞ն,- հարցրեց Ռոլանդը:

– Փաստորեն, ըտենց ա ստացվում,- ասացի ես:- Փաստորեն, Դանիկ ձյաձյան չի ուզում, որ ութի ռեյսով Երեւան գնանք: Ճիշտ ե՞մ ասում, Դանիկ ձյաձյա:

– Որ ուղեղներդ մի քիչ աշխատացնում եք, լավ էլ հասկանում եք,- ասաց Դանիկն ու ավելացրեց.- որ էդքանը հասկանում ես, տղիս խի՞ չես բացատրել, որ իրա հորական օջախ բոզ չբերի:

– Էդ աղջկերքը բոզ չեն,- կմկմաց Ռոլանդը:

– Օրինակի համար եմ ասում,- ասաց Դանիկը:

– Օրինակի համար ուրի՛շ բան ասա,- ասաց Ռոլանդը:

– Ի՞նչ ասեմ,- գոռաց Դանիկը.- կարող ա՞ ձեր էդ քածերին դնեմ գլխիս ու դուս գամ գեղամեջ:

Արդեն մոտեցել էինք Ռոլանդենց տներին, եւ Ռոլանդը Դանիկին ասաց.

– Մի՛ գոռա. կլսեն:

– Ո՞վ պիտի լսի,- հարցրեց Դանիկը.- ձեր էդ քածերն ընենց են գլուխները խորովածի մեջ կոխել, որ ականջների տակ թնդանոթ էլ կրակես՝ դժվար թե լսեն:

– Պրծանք,- Դանիկին ասաց Ռոլանդը, երբ արդեն մոտեցել էինք իրենց դռանը.- էդ թեման փակում ենք:

– Քածերի թեմա՞ն,- ժպտաց Դանիկը:

– Վերջացրո՛ւ,- ասաց Ռոլանդը.- խայտառակ չենք:

– Խայտառակից մի բան էլ ավել ենք,- ասաց Դանիկը:

– Որ հարցնող ըլնի, կասենք՝ Արմոյի բարեկամներն են,- ծիծաղեց Ռոլանդը:

– Քաշելիք ունես, Արմո ջան,- ժպտաց Դանիկը:

– Ավելի ճիշտ, կասենք՝ Արմոյի ընկերուհիներն են,- ասաց Ռոլանդը:

– Էրկուսն է՞լ,- ինձ նայելով՝ ժպտաց Դանիկը.- էրկուսը քեզ շատ չի՞, Արմո ջան:

– Մեկին քեզ եմ տալի, Դանիկ ձյաձյա,- ծիծաղեցի ես:

– Չաղի՞ն,- ժպտաց Դանիկը:

– Որին սիրտդ ուզի,- ասացի ես:

– Ձեր գործը շատ բարդ ա,- ժպտաց Ռոլանդը.- էրկուսդ էլ չաղ սիրող եք:

– Քու գործը չի, ա՛յ նորափեսա,- ասաց Դանիկը.- ես ու Արմոն իրար հետ լեզու կգտնենք:

– Ձեզ ըլնեն,- ժպտաց Ռոլանդն, ու ներս մտանք բակ:

– Էս ո՞ւր եք կորել, ա՛յ էրեխեք,- մեզ տեսնելով՝ ուրախացավ Ռոլանդի մայրը՝ տիկին Սեդան:

– Տղեդ Արմոյին Չաուշի թանգարանն էր ցույց տալի,- ասաց Դանիկը:

– Ա՛յ Լոլիկ, էս ղոնաղներին թողել եք վրես՝ կորել եք,- ասաց տիկին Սեդան:- Չգիտեմ էլ՝ էդ էրեխեքի հետ ինչ խոսամ:

– Լավ էրեխա ես գտել,- ասաց Դանիկը.- իշու մոր թայն են:

– Կարող ա՞ վրեքն աչք ունես, ա՛յ բիձա,- Դանիկին խեթ-խեթ նայեց տիկին Սեդան:

– Նոր էդ էին խոսում,- ժպտաց Ռոլանդը:- Ինքն է՛լ, Արմոն է՛լ չաղ սիրող են. էրկուսի աչքն էլ էն չաղի վրեն ա:

– Որ չաղ սիրող էր՝ ո՞նց ինձ առավ,- ժպտաց տիկին Սեդան:

– Էն վախտերն էս հիմիկվա խելքս վրես չէր,- ասաց Դանիկը:

– Բա քե՞զ, ա՛յ բալա,- անսպասելի հարցրեց Ռոլանդի մայրը եւ Դանիկին նայելով՝ ասաց.- Արմոյի հետ արդեն մեջմեջ ե՞ք արել. բա իմ տղին փայ չի հասնո՞ւմ:

– Քու տղեն թազա պսակված ա. իրան արգելվում ա,- ասաց Դանիկը:

– Մի՛ գոռա. կլսեն,- ասաց Ռոլանդը:

– Ո՞վ կլսի,- զարմացավ մայրը:

– Էդ աղջկերքը,- ասաց Ռոլանդը:

– Էդ աղջկերքը մեռելի պես քնած են,- ասաց մայրը:

– Ո՞նց են քնած,- զարմացավ Ռոլանդը:

– Մի կտոր խորոված կերան՝ պառկան,- ասաց տիկին Սեդան.- ավելի ճիշտ, տեսա հոգնած են՝ ե՛ս իրանց ասեցի, որ պառկեն հանգստանան:

– Հիմի պառկա՞ծ են,- հարցրեց Դանիկը:

– Քնած են,- ասաց տիկին Սեդան:- Իրանց պառկելն ու քնելը մեկ էղավ:

– Էն խորովածից գոնե բան թողի՞ն,- հարցրեց Դանիկը:

– Խորովածը ոնց որ կար՝ ըտենց էլ մնացել ա,- ասաց տիկին Սեդան.- խեղճերը մի կտորից ավել չկարեցան ուտեն: Էնքան ուշացաք, որ էդ խորովածն էլ սառավ:

– Էդ քածերի տեղաշորներն ո՞ւր ես քցել,- հարցրեց Դանիկը:

– Էլի սկսա՞ր,- ասաց տիկին Սեդան:- Չըլնեմ չիմանամ՝ բերանդ շաղ տաս:

– Հիմի իրանք ո՞ւր են քնած,- հարցրեց Դանիկը:

– Էրեխեքի սպալնիայում,- ասաց տիկին Սեդան:- Կարող ա՞ սիրտդ քաշում ա:

– Անոթի ենք. մի կտոր խորոված ուտենք՝ հետո,- ժպտաց Դանիկն ու ինձ նայելով՝ հարցրեց.- Արմո ջան, հիմի գինի՞ ենք խմում, թե՝ արաղ:

– Իմ համար մեկ ա,- ասացի ես:- Ռոլանդն ու դու ի՞նչ եք խմելու:

– Լոլիկը թազա պսակված ա. իրան չի կարելի,- ծիծաղեց Դանիկը:

– Ես կարամ վաբշե չխմեմ,- ասաց Ռոլանդը:

– Կարող ա՞ տղիս նեղացրել եք,- Դանիկին թարս նայեց տիկին Սեդան:

– Հա. նեղացել ա,- ասաց Դանիկը:

– Ինչի՞ց,- հարցրեց Ռոլանդի մայրը:

– Նեղացել ա, որ էդ աղջկերքին Արմոն ու ես մեջմեջ արինք,- ասաց Դանիկը:

– Հավը էրազում կորեկ ա տենում,- ծիծաղեց տիկին Սեդան.- էդ աղջկերքը ոչ մեկիդ փայն էլ չեն:

– Ի՞նչ իմացար,- հարցրեց Դանիկը:

– Ճակատներին էր գրած,- ասաց տիկին Սեդան:

– Ռուսերեն է՞ր գրած,- ծիծաղեց Դանիկը:

– Հա,- ասաց տիկին Սեդան.- լավ էլ պարզ գրած էր:

– Մոռացել էի, որ ռուսերենից ուժեղ ես,- փռթկացրեց Դանիկը:

– Սաղ առարկաներից էլ ուժեղ էի,- ասաց տիկին Սեդան:- Որ քեզ ռաստ չգայի, վայ թե դասախոս էլ դառնայի:

– Էն թթի արաղը բեր, դասախո՛ս ջան,- ժպտաց Դանիկը:

Մենք նստոտեցինք պատշգամբում դրված սեղանի շուրջ, եւ քիչ անց տիկին Սեդան օղին, գինին, խորովածն ու ամեն ինչը բերեց: Չնայած քաղցած էինք, բայց մի քանի կտոր խորովածից անմիջապես կշտացանք, եւ քիչ անց Դանիկը նարդին բերեց: Տիկին Սեդան պատշգամբի սեղանի ծայրին նարդու համար տեղ ազատեց, եւ առաջինը ես ու Դանիկն իրար դեմ նստեցինք: Մենք համ խմում էինք, համ՝ խաղում, եւ Դանիկն սկզբում ինձ հաղթեց, հետո՝ Ռոլանդին, հետո նորից՝ ինձ, հետո՝ էլի Ռոլանդին:

Ես էս պատմությունն էսքան մանրամասն պատմելու ու էսքան ձգձգելու մտադրություն չունեի. ընդամենը պիտի մի քանի բառով մեր Աշնակ գալը նկարագրեի ու արագ հասնեի էս պատմության վերջաբանին՝ Դանիկի հայհոյանքով ավարտելով աշնակյան էս պատմությունը, ու չնայած էս պատմությանս ամբողջ իմաստը Դանիկի առավոտվա ուշունցին հասնելս է, բայց, փաստորեն, ես առ էս պահն էս պատմությունը հնարավորինս ձգձգում եմ, որպեսզի հնարավորինս ուշ հասնեմ հաջորդ առավոտվան ու Դանիկի էդ հայհոյանքին, եւ չնայած, ինչպես միշտ, Դանիկն էդ ամբողջ իրիկուն է՛լ էր իր համեմունքներն աջուձախ շաղ տալիս, բայց առավոտվա իր հայհոյանքը նույնիսկ Դանիկին մոտիկից ճանաչողներիս համար էր անսպասելի, իսկ մեր իրիկնային նարդու ողջ ընթացքում հնչած իր ուշունցները միանգամայն սովորական էին, ավելի ճիշտ՝ Դանիկին մոտիկից ճանաչողներիս համար էին սովորական, եւ շատ շուտով կոնսերվատորիայի էդ աղջկերքի՝ Սյուզիի ու Եվգենյայի համար է՛լ սովորական դարձան, ու էդ հայհոյանքներն առավել սաստկացան, երբ երրորդ փորձից հետո ինձ վերջապես հաջողվեց կանգնեցնել Դանիկի հաղթարշավը, եւ երբ իմ դիմաց Ռոլանդը նստեց, Դանիկը պահարանից հանեց խաղաթղթերը, եւ նոր-նոր զարթնած Սյուզիի ու Եվգենյայի հետ սկսեցին «Դուռակ» խաղալ, եւ իրենց էդ «Դուռակն» էլ էր շարունակաբար Դանիկի հայհոյանքներով համեմվում, բայց Սյուզին ու Եվգենյան արդեն սովոր էին եւ Դանիկի էդ համեմունքներից արդեն չէին նեղվում, մանավանդ որ՝ Դանիկի էդ հիշոցների մեծ մասը Սասնա բարբառով էին ու չափազանց բազմահարկ, այսինքն՝ Եվգենյան ու Սյուզին դրանց մեծ մասը չէին հասկանում եւ եթե որոշ ու որոշակի արտահայտություններ հասկանում է՛լ էին, վերստին չէին նեղվում ու չէին խրտնում, որովհետեւ, ինչպես միշտ, Դանիկի էդ ուշունցները չափազանց տեղին, բնական ու համուհոտով էին, եւ իր էդ հիշոցներից խրտնում ու անակնկալի էին գալիս միայն Դանիկին չճանաչողները եւ առաջին անգամ նրան տեսնողներն ու լսողները, եւ չնայած Սյուզին ու Եվգենյան է՛լ էին Դանիկին առաջին անգամ տեսնում, բայց հետն արդեն լավ էլ մերվել էին՝ էնքան էին մերվել, որ երբ Ռոլանդին հաղթելով՝ Դանիկին վերստին նարդու հրավիրեցի, ինքը կտրականապես հրաժարվեց՝ էնքան որ իր համար արդեն հաճելի էր Սյուզիի ու Եվգենյայի ընկերակցությունը, եւ տիկին Սեդայի համար է՛լ էր հաճելի Դանիկի ու աղջկերքի էդ համերաշխ ընկերակցությունը. այսինքն, տիկին Սեդան իրեն լավ էր զգում, որ Դանիկն իրեն լավ է զգում, եւ տիկին Սեդան ու բոլորս հասկանում էինք, որ հենց Դանիկն է բոլորիս բարձր տրամադրության գրավականը, եւ երբ տիկին Սեդան առաջին անգամ աղջկերքի առաջ թարմ կաթ դրեց, եւ երբ Սյուզին կում անելուց հետո դեմքը ծամածռեց ու ասաց՝ «էս ի՞նչ էր», եւ երբ տիկին Սեդան բացատրեց ու ասաց՝ «կովի թարմ կաթ ա, բալե՛ս», Դանիկը տիկին Սեդային ասաց՝ «իզուր էլ բացատրում ես. էնքան են Էրեւանի արհեստական քաքերին վարժվել, որ իսկականն ու բնականն արդեն դուրները չի գա», եւ երբ Դանիկն էդ ասաց, Եվգենյան, որ նույնպես զզվանքով էր մի քանի կում արել, միանգամից ու մի շնչով իր բաժակը դատարկեց, ու Եվգենյայից հետո էլ Սյուզին նույնն արեց, եւ երբ տիկին Սեդան աղջկերքին հարցրեց ու ասաց՝ «մի հատ էլ կխմե՞ք», Դանիկն աղջկերքի փոխարեն պատասխանեց եւ ասաց՝ «էն մեծ գրաֆինկով բեր. մինչեւ մի քանի գրաֆինկա չխմեն՝ բնականին ու իսկականին չեն վարժվի», եւ երբ տիկին Սեդան հսկայական սափորով լիքը կաթը բերեց, աղջկերքն իրենք է՛լ չզգացին՝ ինչպես րոպեական էդ ամբողջ սափորը դատարկեցին, եւ քիչ անց, երբ տիկին Սեդան բոլորիս հարցրեց՝ «կոֆե կխմե՞ք», Սյուզին ասաց. «Եթե կարելի է, մեզ կովի բնական կաթ բերեք, Սեդա ծյոծյա»:

Հիմա էս ամենը հիշելով՝ էս պատմությունը երկարացնում ու ձգձգում եմ ո՛չ միայն էն պատճառով, որ էդ իրիկուն մենք իսկապես շատ երկար նստեցինք, եւ էդ ընթացքում Սյուզին ու Եվգենյան էլ եւս մի քանի սափոր կովի անարատ ու բնական կաթ կոնծեցին, այլեւ ու առաջին հերթին է՛ն պատճառով, որ եթե էդ իրիկվա իրենց «Դուռակն» ու մեր նարդին արագ ավարտելով՝ առավոտվա իրադարձությանն անցնեմ, ստիպված պիտի լինեմ բառացի ձեզ փոխանցել Դանիկի առավոտվա հայհոյանքը, որ էդ առավոտվա եւ ընդհանրապես էս պատմության հիմնական ու գլխավոր իրադարձությունն է, եւ Դանիկը կոնկրետ է՛դ հայհոյանքը նկատի ունենալով է ինձ էդ պատմության սղագրությունն ու տարեգրությունը պատվիրել, ու չնայած առավոտվա իր էդ հայհոյանքն արդեն մեր շրջապատում գրեթե բոլորը գիտեն, այդուհանդերձ, դեռեւս վճռականությունս գագաթնակետին չի հասել, որ հանգիստ խղճով ու թեթեւ ձեռով շարադրեմ էդ առավոտ տեղի ունեցածը՝ Դանիկի համեմունքով հանդերձ, որովհետեւ, չնայած Դանիկն էդ առավոտ էդ ուշունցն է՛լ Սասնա առոգանությամբ հնչեցրեց, բայց իր էդ երկու, ավելի ճշգրիտ՝ երեք բառանի հայհոյանքն էնքան պարզ, էնքան հասկանալի ու էնքան ժամանակակից էր, որ երբ Դանիկը բոլորիս համար անսպասելի հնչեցրեց այն, նույնիսկ տիկին Սեդան ու Ռոլանդն ապշեցին, եւ նույնիսկ եմ ասում, որովհետեւ տիկին Սեդան ու Ռոլանդն իրենց կյանքում Դանիկից հազարավոր ու հազար տեսակ հայհոյանքներ էին լսել եւ վաղուց դրանց վարժված էին, եւ, կարելի է ասել, ես է՛լ էի վարժված, որովհետեւ ես է՛լ էի Դանիկի կատարմամբ զանազան ու զարմանազան հիշոցներ լսել ու որոնք էլ չէի լսել՝ ուրիշների պատմածներից գիտեի, եւ չնայած անձամբ լսածս ու ուրիշներից լսածս ահագին էր, այդուհանդերձ, ես է՛լ էի ապշել էդ առավոտվա անսպասելի ու ահավոր ուշունցից, իսկ ինչ վերաբերում է Սյուզիին ու Եվգենյային, նրանց ապշահար աչքերն ուղղակի ճակատները թռան, ու չնայած Դանիկն իր պարզ ու համառոտ ուշունցին մի քիչ Սասնա հնչերանգ էր գումարել ու չնայած իր էդ ուշունցին վարպետորեն նաեւ հարցական հնչերանգ գումարեց, եւ չնայած Դանիկի հիշոցից անմիջապես հետո կոնսերվատորիայի աղջկերքը ճակատները թռած աչքերով հարցական իրար նայեցին, այդուհանդերձ, հարցական ոչինչ չկար, եւ Դանիկի բերանից թռածը միանգամայն հաստատ ու հաստատական էր, այսինքն, Դանիկն ասել էր հենց այն, ինչը ներկաներս հրաշալի լսել ու անմիջապես ընկալել էինք, եւ մեզ մնում էր հնարավորինս հարթել տհաճ ու անհարմար իրավիճակը, եւ առաջինը տիկին Սեդան փորձեց էդ բանն անել. փորձեց ժպտալ ու էդպիսով աղջկերքին հասկացնել, որ Դանիկի էդ ասածն ընդամենը կատակ էր, բայց տիկին Սեդայի ժպիտը կեղծ ստացվեց, ավելի ճիշտ՝ չստացվեց, եւ եթե ստացվեր էլ, որեւէ նշանակություն չէր կարող ունենալ, որովհետեւ աղջկերքն է՛լ էին հասկանում, որ Դանիկի ուշունցն ընդամենը կատակ էր, եւ ամենից լավ հենց Դանիկը գիտեր, որ իր ասածն ընդամենը կատակ էր, եւ, իմանալով հանդերձ, Դանիկն ինքն է՛լ էր ապշած, որ իր էդ բառերն իր բերանից էին դուրս պրծել, ու Դանիկը ո՛չ միայն ապշած էր, այլեւ՝ շփոթված, որովհետեւ, ամեն ինչից զատ, Դանիկը մեծագույն արտիստ է ու սովոր չի, որ իր հայհոյանքներն ունկնդրին ուրախություն ու երջանկություն չպարգեւեն, եւ սովոր է, որ իր ռեպերտուարն ունկնդիրներին միայն դրական իմաստով ապշեցնի, եւ որ իր ռեպերտուարին էս ընթացքում հայհոյանք, քֆուր, ուշունց կամ հիշոց անվանումներն եմ տալիս, դա նրանից է, որ իր ռեպերտուարի ճշգրիտ անվանումը չեմ գտնում ու երեւի մեղավոր էլ չեմ, որ չեմ գտնում, որովհետեւ էդ բառը գոյություն չունի էն պարզ պատճառով, որ Դանիկից առաջ պիտի գոնե մի Դանիկ եղած լիներ, որպեսզի հայհոյանքից ու հայհոյանքի հոմանիշներից տարբեր էդ բառը ստեղծվեր ու գոյանար, եւ եթե հետագայում եւս վճռականությունս չհերիքի Դանիկի էդ ասածը գրավոր ձեզ մատուցել, գոնե պիտի հաջողացնեմ Դանիկի ռեպերտուարն ու Դանիկի արվեստն արտահայտող էդ տերմինն ստեղծել ու առաջացնել կամ գոնե Դանիկի էդ, ուրեմն, ստեղծած ժանրի սպառիչ անվանումը գտնել, եւ եթե ես չանեմ, ուրիշներն ու մանավանդ գրականագետները դա չեն անի, որովհետեւ իրենց ուսումնասիրության ու հետազոտության առարկաները վաղուց հայտնի ժանրերն են, ու չնայած Դանիկն իր ստեղծած էս անանուն ու աննախադեպ ժանրի հիմնադիրն ու վարպետն է, այդուհանդերձ, էդ առավոտ ինքն էլ էր ապշած ու շփոթված եւ երբ տեսավ, որ ներկաներս առանձնապես ոգեւորված չենք, խեղճացած նայեց մեզ ու աղջկերքին, գլուխը կախեց ու հարցրեց՝ «երեւի չափն անցա, հա՞», եւ տիկին Սեդան թարս-թարս նայեց Դանիկին ու ասաց՝ «դու ե՞րբ ես չափդ ճանաչել, որ էսօր ճանաչեիր», եւ խեղճացած Դանիկն ասաց՝ «լեզվիցս պատահական թռավ», եւ տիկին Սեդան ասաց՝ «էսօր քեզ լրի՛վ տվիր անցար», եւ երբ կարմրած ու ամոթահար Դանիկը գլուխը նորից կախեց, Սյուզին, բոլորիս համար անսպասելի, հանկարծ փաթաթվեց Դանիկին ու լացակումած ասաց. «Չե՜նք նեղացել, Դանի՜կ ձյաձյա. մենք քեզ շա՜տ ենք սիռում»:

Ես բնավ մտադրություն չունեի էս պատմության էս հատվածին հասնել եւ մտադիր էի Դանիկի առավոտվա հայհոյանքով իր ու բոլորիս համար եզրափակել ու ավարտել էս պատմությունը, որովհետեւ չէի էլ հիշում Դանիկի ուշունցից մի քանի րոպե անց Սյուզիի էս ասածն ու հետագա խոսակցությունները, բայց քանի որ վճռականությունս չհերիքեց Դանիկի լեզվից թռածը բառ առ բառ ձեզ մատուցել, շարունակությունն ու Սյուզիի էդ ասածը հիմա հանկարծակի ու պայծառամտորեն հիշեցի ու գրի առա, ու հիմա արդեն մտածում եմ՝ էս «պայծառամտորեն» բառը գոյություն ունե՞ր, թե՞ հենց նոր հնարեցի, ու հիմա նաեւ մտածում եմ, որ եթե էս բառը չկար ու հնարել եմ, միգուցե Դանիկի արվեստի ու ժանրի անվանումն է՛լ փորձեմ հնարել, ու հենց էս պահին մտքովս անցավ, որ «պայծառամտություն» բառն է՛լ է Դանիկի ժանրին չափազանց հարիր ու սազական, կամ, ասենք, «պայծառախոսություն» բառը, թեկուզեւ էդ բառերն ինձանից առաջ ուրիշներն ստեղծած լինեն, ու հիմա, երբ Սյուզիի էդ սրտաճմլիկ ու հոգեցունց տեսարանն արդեն հիշել ու գրել եմ, սկսում եմ հիշել նաեւ, որ երբ Սյուզին ասաց՝ «չե՜նք նեղացել, Դանի՜կ ձյաձյա. մենք քեզ շա՜տ ենք սիռում», տիկին Սեդան զարմացած նայեց Սյուզիին ու հարցրեց՝ «ա՛յ բալա, իսկականից չեք նեղացե՞լ», եւ երբ Դանիկին փաթաթված Սյուզին Դանիկին բաց թողեց ու ասաց՝ «իսկականից չենք նեղացել, Սեդա ծյոծյա», եւ երբ տիկին Սեդան ապշահար նայեց Սյուզիին եւ ասաց՝ «ձեր իրավունքն ա», Դանիկը Սյուզիի մեծահոգությունից ու ներողամտությունից ոգեւորված ասաց՝ «ա՛յ Սեդա, խի՞ ես ուզում, որ նեղանան», եւ տիկին Սեդան ձեռքը թափ տվեց ու ասաց՝ «իրանց գործն ա» եւ ավելացրեց՝ «գիտեմ. վերջը ե՛ս եմ վատամարդ դուս գալու», եւ երբ Եվգենյան է՛լ Սյուզիի ասածը կրկնեց՝ «չենք նեղացել, Սեդա ծյոծյա», Դանիկը հաղթական ժպտաց եւ հաղթական ժպտալով՝ նախ Եվգենյային նայեց, հետո Սյուզիին ժպտաց ու հարցրեց՝ «այսինքն, համաձա՞յն եք» եւ երբ ապշահար Սյուզին հարցրեց՝ «ինչի՞ն ենք համաձայն», տիկին Սեդան Սյուզիին բացատրեց ու ասաց՝ «իրա էդ ուշունցի իմաստով ա հարցնում», եւ մինչ Սյուզին ու Եվգենյան կմտածեին, կհասկանային ու մինչեւ ականջների ծայրերը կկարմրեին, տիկին Սեդան հաղթական նայեց կոնսերվատորիայի աղջկերքին, քմծիծաղ տվեց ու ասաց. «Հիմի կերա՞ք. դե հիմի ինչքան կարաք՝ մի՛ նեղացեք»։

Էդ ասելով՝ տիկին Սեդան նախ փռթկացրեց, այնուհետեւ սկսեց բարձրաձայն ծիծաղել, եւ իր էդ ծիծաղն էնքան վարակիչ էր, որ շուտով ես ու Ռոլանդն է՛լ սկսեցինք քրքջալ, ու մեզնից հետո մեր քրքջոցին միացան նաեւ Դանիկն ու աղջկերքը. եւ ամենից հնչեղը հենց աղջիկների՛ քրքիջն էր, եւ բոլորս չափազանց ուրախ էինք, որ Դանիկի ուշունցից հետո առաջացած էդ ամբողջ անհարմարությունն էդքան թեթեւ ու էդքան հաջող հաղթահարվեց։

Նախքան Դանիկի հայհոյանքն ու նախքան էդ հայհոյանքի ծանր տպավորության հաջող հաղթահարումը, մենք առավոտ շուտ զարթնել ու լվացվելու հերթ էինք կանգնել իրենց ծիրանենու բնին մեխված լվացարանի մոտ, եւ մինչ Սյուզին ու Եվգենյան կլվացվեին, ես արտասանեցի՝ «դուք ծանո՞թ եք Աշնակ գյուղին, ուր լվացարան է աճում ճյուղին», եւ երբ Ռոլանդն արտասանությանս վրա սկսեց ծիծաղել, Դանիկն ասաց՝ «միթոմ ի՞նչ ասեց, որ հռհռոցդ դրիր, ա՛յ Լոլիկ», եւ երբ Ռոլանդը հորը հարցրեց՝ «պա՛պ, Գեւորգ Էմինի «Սասունցիների պարը» չես հիշո՞ւմ», Դանիկն արհամարհանքով նայեց Ռոլանդին ու ասաց՝ «էդ ոտանավորն առաջի դասարան վախտդ քեզի ծեծելով եմ սորվցրե», եւ Ռոլանդը ծիծաղեց ու ասաց՝ «ինձ ես ծեծելով սովորացրել, բայց Արմո՛ն ա անգիր հիշում», եւ Դանիկը ժպտաց ու ասաց՝ «ծեծելով սովրածը վերջառաջ մոռացվում ա, ա՛յ բալա», հետո մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «ավելի լավ ա մոռանաս, քան թե՝ Արմոյի վարիանտով հիշես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել