Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի է, բայց կօրինականացվի՞

Մարտ 19,2007 00:00

\"\"Ապօրինի կառուցապատողին ճանաչել են բարեխիղճ քաղաքացի

Արաբկիր համայնքի Կասյան թիվ 10 շենքի բակում արդեն 6 ամիս է, ինչ ապօրինի շինություն է կառուցվել: Այս շենքի բնակիչները շինարարության հեղինակի հետ պայքարի մեջ են, սակայն պատկան մարմինները, ի պատասխան նրանց բողոքների, լղոզված ու հակասական բացատրություններ են տալիս: Օրինակ, երբ բնակիչներն առաջին անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան, պաշտոնյաները վերջիններիս հանգստացրել են, թե շինարարությունն իրականացնող առաջին հարկի բնակիչ Սերյոժա Պարտիզպանյանն ուղղակի բարեկարգման աշխատանքներ է կատարում: Հետո, երբ բնակիչները գործին ներքաշել են նաեւ նախագահի վերահսկողական ծառայությանը, քաղաքապետարանից նոր միայն խոստովանել են, որ, բացի բարեկարգման աշխատանքներից, բնակիչը բակի հաշվին ապօրինի 2,30×4,10 չափերով կցակառույց է սարքել:

Ըստ բնակիչների, Ս. Պարտիզպանյանը, շինարարական աշխատանքները կատարելիս, վնասել է շենքի ընդհանուր հիմքը, քանի որ կցակառույցի ներքեւում 3 մետր խորությամբ նկուղային նոր հարկ է փորել. «Ամբողջ ֆունդամենտը վնասել է: Նա բնակտարածքը սարքել է սանտեխնիկայի խանութ, նկուղն էլ օգտագործում է որպես ապրանքի պահեստ: Գոնե շենքի հիմքին ձեռք չտար, դրանից մեր բնակարաններն էլ են տուժում, արդեն պատերի ու առաստաղի վրա ճաքեր են առաջացել: Հին, ամուր եւ լավ կառուցված շենք է, նա իր ապօրինություններով այն դարձրել է վթարային»,- բողոքեցին բնակիչները:

Մենք պարզաբանումներ խնդրեցինք ապօրինի կառույցի տիրոջից՝ Ս. Պարտիզպանյանից: Նա, որպես արդարացում, ցույց տվեց սեփականության վկայականը, որը հաստատված էր Կադաստրի պետական կոմիտեի կողմից: Կցակառույցի համար էլ ասաց, որ ինքը մի քանի հարեւանների հետ համաձայնության է եկել, որ այդ կառույցի հաշվին վերեւի հարկի բնակիչներն էլ կարող են իրենց տները մեծացնել: «Մարտի 14-ին նախագահի վերահսկողական ծառայության կողմից ինձ կանչել էին Արաբկիրի թաղապետարան եւ չնայած այս կցակառույցը ապօրինի է՝ ինձ ճանաչեցին բարեխիղճ քաղաքացի, որը բարեկարգում է քաղաքը: Չէ՞ որ ես նորոգել եւ բարեկարգել եմ ամբողջ մուտքը, այն ժամանակ ինչո՞ւ չէին բողոքում»,- խնդիրն այսպես ներկայացրեց Սերյոժա Պարտիզպանյանը: Այս առնչությամբ Արաբկիրի թաղապետարանից մեզ տեղեկացրին, որ Պարտիզպանյանի կառույցն, իրոք, անօրինական է, սակայն հաշվառված է Կադաստրի պետական կոմիտեի կողմից, եւ կառուցապատողը սպասում է, որպեսզի այն օրինականացնի՝ ինքնակամ շինությունների օրինականացման մասին որոշումով: Հիշեցնենք, որ կառուցապատողներին եւս մի հնարավորություն է տրվել հայտ ներկայացնելու եւ անօրինական կառույցներն օրինականացնելու: Փաստորեն, անկախ նրանից, թե ապօրինի շինությունը կառուցվել է բնակիչների հաշվին եւ մեծ թվով մարդիկ են բողոքում դրա դեմ՝ շատ հնարավոր է, որ այն օրինականացվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել