Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՔԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ՝ ՀՂԻՆԵՐԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՈՒՄ

Մարտ 19,2007 00:00

\"\"Ըստ առողջապահության ոլորտի պատասխանատուների, դա միանգամայն նորմալ է

Հանրապետությունում բուժհիմնարկների օպտիմալացման երկրորդ փուլն է մեկնարկել: Այս ծրագիրը հատկապես մարզերում բուժաշխատողների եւ բնակչության դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել, քանի որ վերջիններս համոզված են, որ տարբեր գործառույթներ իրականացնող հիվանդանոցների միավորումը աննպատակահարմար է: «Առավոտն» իր նախորդ համարներում արդեն անդրադարձել էր, որ Շիրակի մարզում այս օրերին բուժհիմնարկները մեկը մյուսի հետեւից օպտիմալացվում են: Շիրակցի բժիշկների մեկնաբանմամբ, այդ ծրագիրն ուղղակի աբսուրդ է. բացի այն, որ շատ բժիշկներ ու բուժքույրեր կարող են կորցնել իրենց աշխատանքը, ծրագրով նախատեսված է միավորել միանգամայն անհամատեղելի բուժհաստատություններ: Այսպես. ըստ օպտիմալացման ծրագրի, իրար կմիանան Գյումրիի մաշկավեներական դիսպանսերը, «Սամարիթեր» եւ մարզային հիվանդանոցները, ինչի արդյունքում կստեղծվի Գյումրիի թերապեւտիկ հիվանդանոց ՓԲԸ: Գյումրեցիները դժգոհում են, որ օպտիմալացման ծրագիրը կազմվել է առանց տեղանքի բնակիչների հոգեբանությունն ուսումնասիրելու: Նրանց ներկայացմամբ, մաշկավեներական դիսպանսերը մինչ այդ գտնվում էր քաղաքի ծածուկ վայրում եւ խնդիրներ ունեցող մարդիկ առանց խուսափելու, որ իրենց մատով ցույց կտան, ազատ գնացել-եկել են դիսպանսեր եւ հենց այդ առավելությամբ էլ պայմանավորված է եղել մաշկավեներականի մեծ թվով այցելու ունենալը: Իսկ օպտիմալացման արդյունքում այն տեղակայվելու է Գյումրիի կենտրոնական թղամասերից մեկում: Չնայած այսպիսի քննադատական կարծիքներին, առողջապահության ոլորտի պատասխանատուները գտնում են, որ օպտիմալացումը համակարգի համար անխուսափելի է եւ անհրաժեշտ: «Առավոտի» հետ զրույցում առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը վստահեցրեց, որ նախքան օպտիմալացման գործընթացը սկսելը, ծրագրի պատասխանատուներից կազմված աշխատանքային խումբ է մեկնել ՀՀ մարզեր՝ բուժվարչության պետերի եւ տեղի բժիշկների հետ հանդիպելու եւ նրանց առաջարկությունները լսելու. «Մասնագետների կարծիքները հիմնականում հաշվի են առնվել եւ մինչ այժմ որեւէ մարզպետ կամ բուժվարչության պետ այդ առիթով մտահոգություն չի հայտնել, բոլորն էլ այդ ծրագրի տակ ստորագրել են: Իսկ եթե այս կամ այն բժիշկը նպատակահարմար չի գտնում, ապա դա անձնավորված է: Բժիշկը չէր կարող բնակիչներին մտահոգող հարցեր բարձրացնել»: Ինչ վերաբերում է այն խնդրին, որ Գյումրիի մաշկավեներական դիսպանսերը կենտրոն տեղափոխելու դեպքում հիվանդները կխուսափեն բժշկի գնալուց, փոխնախարարն ասաց. «Գաղտնիությունը շատ ավելի լավ է պահպանվում, երբ հաճախում են բազմապրոֆիլ հիվանդանոց: Առանձին շենք գնալու դեպքում, անգամ եթե գնում ես բարեկամիդ տեսնելու կամ ծանոթ բժշկի, բուժքրոջ մոտ, մտածելու են՝ մաշկային կամ վեներական հիվանդ ես: Դա ավելի ցայտուն է, քան՝ եթե ընդհանուր հիվանդանոց գնաս: Բացի այդ, մաշկավեներական հիվանդությունների 90%-ը ստացիոնար բուժման կարիք չունի: Օրինակ, երբ օպտիմալացման ծրագրի աշխատանքային խմբով Լոռու մարզում էինք, մաշկավեներական դիսպանսերի հսկայական շենքում աշխատակիցները 25-30 հոգի էին, ձեւակերպված էր 7 հիվանդ, բայց հիվանդանոցում առկա էր ընդամենը 1 հիվանդ»: Փոխնախարարը նաեւ վստահեցրեց, որ բուժաշխատողների կադրային ջարդ չի լինելու, այլ «կրճատվելու են վարչական մասի աշխատակիցները. ենթադրենք՝ 2 հիվանդանոց միավորվում է, 2 էլեկտրիկներից մեկը կրճատվելու է, լինելու է ոչ թե 2 գլխավոր բժիշկ իր տեղակալներով, այլ մեկը եւ այլն»:

Հիշեցնենք, որ թե՛ Շիրակի եւ թե՛ Արարատի մարզերի բուժաշխատողները «Առավոտին» մտահոգություն էին հայտնել, որ Գյումրիի եւ Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսերների ծառայությունները տեղափոխվում են պոլիկլինիկաներ: Օպտիմալացման ծրագրով առաջնային բուժօգնության օղակում պետք է ստեղծվեն տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետներ: Այսինքն՝ ստացվում է՝ վարակի աղբյուր հանդիսացող հիվանդները պետք է հաճախեն նույն բուժհիմնարկ, որտեղ այցելում են հղիները, երեխաներն ու առողջ մարդիկ: Ընդ որում, պոլիկլինիկաների շենքային պայմանները դրա համար դեռեւս հարմարեցված չեն եւ փաստորեն նրանք բոլորն էլ նույն դռնից պետք է ելումուտ անեն: Այս առնչությամբ Հ. Դարբինյանը պարզաբանեց. «Դա արվում է տուբերկուլյոզի բուժծառայությունը հիվանդին մոտեցնելու համար, որպեսզի նա մարզից չգա հասնի մայրաքաղաք՝ ստուգվելու: Սանիտարական ծառայությունն ուսումնասիրել է եւ թույլատրել: Բացի այդ, նրանք բնակչության հետ չեն շփվելու եւ տարբեր մուտքերից են ելումուտ անելու: Եվ հետո վտանգավոր հիվանդները հիվանդանոցում պառկած են: Եվրոպայում բոլոր բուժծառայությունները տեղակայված են նույն շենքում»:

Փոխնախարարի տվյալներով, օպտիմալացման առաջին փուլի արդյունքում 100 հազար քմ տարածք է օտարվել, որից ստացված գումարները ներդրվել են առողջապահության համակարգի զարգացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել