Հոգեմետ դեղերի բացակայության պատճառով նրանց ստացիոնար բուժումը «ջուրն է լցվել»
Արդեն մի քանի ամիս է՝ հոգեկան հիվանդներն իրենց բուժման համար նախատեսված «օլանզապին» դեղը չեն ստանում: Այն հիվանդանոցներին պետպատվերի շրջանակներում մատակարարում է առողջապահության նախարարությունը, որն էլ շուրջ 3 ամիս ինչ-ինչ պատճառներով ուշացրել է հոգեմետ այդ դեղերի անվճար մատակարարումը: Առանց այդ դեղամիջոցի՝ հիվանդներն իրենց անհամեմատ ավելի վատ են զգում, վիճակը սրվում է: Եթե որոշ հոգեկան հիվանդներ «օլանզապինի» բացակայության դեպքում այլընտրանք ունեն եւ կարող են այլ հոգեմետ դեղեր էլ օգտագործել, կան հիվանդներ, որոնք ընդունում են միայն «օլանզապին», ուստի այս օրերին նրանց վիճակն անհամեմատ ավելի վատ է:
«Առավոտի» խմբագրություն եկած Հասմիկ Հակոբյանի աղջիկը 6 ամսից ավելի բուժվել է Ավանի հոգեբուժարանում: Նրան 2006-ի օգոստոսից մինչեւ դեկտեմբեր հիվանդանոցը ժամանակին անվճար հատկացրել է սահմանված չափաքանակով այդ դեղորայքը: Իսկ 2007-ից, դեղի բացակայության պատճառաբանությամբ, բուժման կուրսը դադարեցվել է: «Աղջիկս օրական պիտի 10 միլիգրամ «օլանզապին» ընդունի: Բժիշկն ասել էր, որ մի տարի պիտի խմի այդ դեղը ու վստահեցրել էր, որ այդ մի տարին էլ անվճար դիսպանսերից կստանանք: Երեխայիս օրգանիզմը միայն դա է լավ ընդունում»,- դժգոհեց հիվանդի մայրը: «Օլանզապինը» չափազանց թանկարժեք դեղամիջոց է՝ 0,5 միլիգրամանոց սրվակը դեղատներում վաճառում են 58 հազար 500 դրամ: Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաեւ շատ հիվանդների հարազատներ, եթե անգամ ուզենան, չեն կարող սեփական միջոցներով այդ դեղը ձեռք բերել: Հասմիկի պատմելով՝ «ես շատ քիչ եմ վաստակում, չեմ կարողանում ամեն օր այդքան գումար տալ ու «օլանզապին» գնել, ինչքան բարեկամ ու ծանոթ ունեմ՝ դռնեդուռ ընկած փող եմ ուզում, որ աղջկաս բուժումը կիսատ չմնա: Ամեն օր պարզապես հնարավոր չէ այդքան թանկ դեղ գնել: Ընդամենը 24 տարեկան է աղջիկս, հազիվ լավացել էր: Հիմա, դեղը չխմելու պատճառով, վիճակը վատացել է: Նոպաներ են սկսում, գիշերները թաքուն տնից դուրս է գալիս ու կորչում: Դեղը չընդունելու պատճառով՝ էն բուժածն էլ ջուրն է ընկնում: Էն ժամանակ գոնե մի քիչ բուժվել էր, իրեն լավ էր զգում, հանգիստ էր, ես հույս ունեի, որ հետագայում ավելի կլավանար, ընտանիք կկարողանար կազմել»:
Ավանի հոգեբուժարանի գլխավոր տնօրեն Սամվել Թորոսյանը հաստատեց, որ հիվանդանոցում իսկապես «օլանզապին» չկա. «Մենք սպասում ենք, որ նախարարությունը բերի»:
Ներկայումս Ավանի հոգեբուժարանում մոտ 150 հիվանդ կա: Նրանց հարազատներն անընդհատ գնում են հիվանդանոց, հիվանդանոցից էլ՝ նախարարություն, հետաքրքրվելու՝ դեղամիջոցը տալի՞ս են, թե՞ ոչ: Հարազատների գլխի տակ անընդհատ փափուկ բարձ են դնում, հավաստիացնում, որ վաղն անպայման դեղը կստանան եւ ուղարկում տուն. արդեն 3 ամիս է՝ դեղը չեն ստանում: 24-ամյա հիվանդի մորը՝ Հասմիկ Հակոբյանին վերջին անգամ, երբ նա այցելել է առողջապահության նախարարություն, վստահեցրել են, որ մնում է թղթաբանական խնդիրներն ավարտեն՝ հարցը կլուծվի:
Ըստ սահմանված կարգի, կառավարությունը առողջապահության նախարարությանը գումար է հատկացնում, որն էլ դեղ գնելու համար դիմում է Գնումների գործակալությանը: Գործակալությունն էլ իր հերթին մրցույթ է հայտարարում, մրցույթում հաղթած ընկերությունը նախարարության տրամադրած գումարով գնում է դեղը՝ այսպիսի երկարատեւ գործընթացներից հետո է դեղը հասնում հիվանդին: Թե ինչու ժամանակին դեղը հիվանդանոց չէր հասել՝ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը «Առավոտին» պարզաբանեց. «Մենք սպասում էինք, որ կառավարությունը գումար փոխանցեր: Գումարն արդեն փոխանցված է, ամենաուշը եկող շաբաթ հիվանդները դեղը կստանան»:
Փոխնախարարի խոսքերով՝ ոչ մի հիվանդի բուժում չի ընդհատվել. «Եթե նշված դեղը չի լինում, մենք կոմպենսացնում ենք մեկ այլ փոխարինող դեղով: Գուցե փոխարինողը 100 տոկոսանոց էֆեկտ չի տալիս, բայց գոնե 90 տոկոսով լավ արդյունք է ունենում»: Մինչդեռ հիվանդների հարազատները պնդում են, որ «օլանզապինից» հետո ուրիշ դեղամիջոց հիվանդի վրա չի ազդում, նրանք գնալով վատանում են: