Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուն վարժեցնելը թանկ է նստում

Մարտ 19,2007 00:00

\"\"Ոստիկանության շները լավ ուտում, խմում են, անալիզներ են հանձնում, հղիանալու դեպքում էլ «ֆիզարձակուրդ» են գնում:

Ոստիկանության պետական պահպանության վարչության վարժեցրած շներն ավելի լավ են սնվում ու ավելի բարեկեցիկ պայմաններում են ապրում, քան հայկական շատ ընտանիքներ: «Շներին ցուցաբերվում է մեծ խնամք ու հոգատարություն, նրանք սնվում են օրը երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան: Շների սննդաբաժնում պարտադիր պետք է լինի միս, բրինձ, հնդկաձավար (գրեչկա), հաճար, կարտոֆիլ, գազար եւ այլ բանջարեղեն: Շներին ցուցաբերվում է անհատական վերաբերմունք եւ եթե նրանք սննդի հանդեպ քմահաճ են եւ ինչ-որ մթերք սիրով չեն ուտում, ապա անասնաբույժի ցուցումով սնունդը փոխում են: Հղի շներին առանձնակի ուշադրություն է դարձվում եւ հատկացվում ավելի շատ սնունդ»,- «Առավոտի» հետ զրույցում իրենց շների կյանքն այսպես ներկայացրեց պահպանության վարչության հետախույզ, պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանը: Նա մեզ հետ զրույցում բացահայտեց շներին վարժեցնելու գաղտնիքներից մի քանիսը: Պարզվում է, շներին սկսում են վարժեցնել վեց ամսականից: Մինչեւ մեկ տարեկան՝ շները պարապում են վարժեցման ընդհանուր կուրսը՝ «նստի՛ր», «պառկի՛ր», «արի՛ ինձ մոտ» եւ այլն, որից հետո նրանք վարժեցվում են ըստ «մասնագիտության», կախված նրանից՝ շունը դառնալո՞ւ է հետախույզ, թե՞ թմրանյութ, զենք-զինամթերք որոնող: Շներին վարժեցնում են հիմնականում մսով: Բաժնի պետի ներկայացմամբ, սկզբնական շրջանում միսը թաքցնում են, հետո այն փնտրելու հրաման է տրվում: Նման մի քանի փորձերը կրկնելուց հետո շներին ծանոթացնում են թմրանյութի կամ զենք-զինամթերքի հոտին, այնուհետեւ մսի փոխարեն դրանք են թաքցնում, որ շունը հոտոտելով գտնի: Այն գտնելուց հետո, որպես պարգեւ, շները միս են ստանում. «Հետախույզ շներին էլ հիմնականում վարժեցնում են մսաջրով, այն քսում են վարժեցնողի կոշիկի ներբանին, նա քայլում է եւ սկզբում հետքին շունն այդպես է սովորում, հաջորդ անգամ սովորեցնում են կոշիկի հոտին եւ հետքի ուղղությամբ գնում է հենց այդ հոտով»: Պարոն Քեհեյանի խոսքերով, շներին վարժեցնելիս այնպես են անում, որ նրանց բերանը թմրանյութ չընկնի, քանի որ «թմրամոլ» շներն առավելագույնը ապրում են 6-8 ամիս, այդ ընթացքում նրանք կամ կուրանում են, կամ էլ կաթվածահար են լինում: Պրն Քեհեյանը նշեց, որ մինչեւ 1 տարեկան դառնալը շներին տեսակավորում են, թե նրանք ինչ ուղղությամբ պետք է աշխատեն, օրինակ՝ թմրանյութ որոնող շունը պետք է ավելի աշխույժ լինի, արագաշարժ: Փոխարենը պետք է դանդաղաշարժ լինեն զենք-զինամթերք որոնողները, քանի որ զենք գտնելու դեպքում պետք է ոչ մի քայլ չանել, ազդանշաններ ցույց տալուց հետո պետք է նստել տեղում: Դա նշանակում է, որ մոտակա 1-2 մետր տարածության վրա զենք կա: Քեհեյանի համոզմամբ. «Ավելի լսող, ենթարկվող ու հավատարիմ են էգ շները: Նրանք հենց առաջին հրամանից հասկանում ու ենթարկվում են, բայց որձերն այդպես չեն՝ 2-3 հրամանից հետո են միայն հրամանը կատարում»: Բավականին նախանձելի պայմաններում են կենտրոնի հղի շները: Նրանց համար շնաբուծարանում ծննդատուն է բացվել: Նախածննդաբերության ողջ շրջանում ծննդկաններն իրենց հանգիստն անցկացնում են այդտեղ, որը տեւում է 2 ամիս: Մեկ ամիս «ֆիզարձակուրդ» էլ տրվում է հետծննդաբերության շրջանում, որից հետո միայն նրանք վերադառնում են իրենց սովորական առօրյային: Շնաբուծարանն ունի նաեւ լաբորատորիա, որտեղ շներն ամեն օր ստուգվում են, անհրաժեշտության դեպքում արյան եւ մեզի հետազոտություն է կատարվում:

Ն. Քեհեյանի ներկայացմամբ, հայաստանցի շները մի քանի անգամ ավելի պատրաստված են, քան եվրոպական երկրներինը. «Ինչ-որ ծրագրով ամերիկացիները մեզ մոտ էին եկել, որպեսզի իրենց փորձը փոխանցեին, ստուգարքների ժամանակ մեր շները առաջադրանքը կատարում էին 5-7 րոպեում, իսկ իրենցը՝ 10 րոպեում: Դասընթացները պետք է տեւեին երկու ամիս, սակայն երկու շաբաթ պարապելուց հետո ամերիկացիները հրաժարվեցին դասընթացները շարունակել, պատճառաբանելով, որ դրա իմաստը չկա, քանի որ մենք իրենցից առաջ ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել