Ոչ մի գերատեսչություն այդ սարքերի համար պահանջվող ծախսերն իր վրա չի վերցնում:
«Այս տարի ծիրանի ռեկորդային բերք է սպասվում»,- 2007-ի բերքատվության մասին այսպես են հավաստիացնում գյուղնախարարության մասնագետները՝ վստահեցնելով, որ այս տարի առատ բերքատվություն է լինելու եւ հատկապես դեղձից, սալորից, կեռասից, տանձից ու խնձորից շուկայում տեղ ու դադար չի լինելու: Ամեն տարի այս խոստումները նախարարությունը տալիս է, բայց դրանք այդպես էլ չեն իրականանում, որովհետեւ անսպասելի եղանակային պայմանները, ինչպիսին էր, օրինակ, 2006-ի երաշտը, տհաճ անակնկալներ են մատուցում գյուղացիներին: Որքան էլ որ հոռետեսական է հնչում, այս տարի առավել եւս գյուղնախարարության պաշտոնյաների խոստումները դժվար թե իրականանան. շուտով կարկուտների սեզոնն է սկսվում, ինչպես «Առավոտին» տեղեկացրին Հայպետհիդրոմետից, ապրիլի սկզբից մինչեւ հունիսի վերջ ամեն տարի ուժեղ կարկուտներ են լինում: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի գյուղատնտեսությունը կարկտահարությունից տարեկան մինչեւ 11-12 մլրդ դրամի վնաս է կրում: Այս տարի մեր երկիրն ընդհանրապես պատրաստ չէ կարկուտներին դիմակայելու: Բանն այն է, որ անցյալ տարվանից հանրապետության վտանգավոր գոտիներում տեղադրվել են հակակարկտային սարքավորումներ: 15 հակակարկտային նման կայանք մեր կառավարությունը ձեռք էր բերել արգենտինական «Սապորո» ընկերությունից՝ վճարելով ավելի քան 22 մլն դրամ: 2006-ի օգոստոսին, երբ այդ սարքերն սկսեցին առաջին անգամ շահագործել, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ հայտարարել էր, որ գյուղացիներն այլեւս կարկուտներից վնասներ չեն կրի, որ հակակարկտային համակարգը Աշտարակի, Ապարանի եւ Արագածի շրջանները, որտեղ ամենաշատն են կարկուտներ լինում, լիովին կպաշտպանի ավերածություններից: Սակայն այսօր արդեն պարզվում է՝ հակակարկտային այդ սարքերն էլ գյուղացուն չեն ապահովագրում վնասներից, քանի որ գյուղնախարարությունը միջոցներ չունի դրանք աշխատեցնելու համար:
Այդ սարքերը գործում են ացետիլենի գազով, որով կարկտաբեր ամպերը գնդակոծվում են եւ կարկուտ չի տեղում: Ացետիլենի գազի պաշարներն արդեն գրեթե սպառվել են, իսկ նոր խմբաքանակը դեռ գնված չէ: «Պատճառն այն է, որ գյուղնախարարությունը գումարները ժամանակին չի տրամադրում»,- «Առավոտին» իր մտահոգությունը հայտնեց Հայաստանի մթնոլորտային գործընթացների վրա ակտիվ ներգործության պետական ծառայության տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը: Անցյալ տարի ացետիլենի գազ ձեռք բերելու համար գումար տրամադրել է հենց այդ նախարարությունը: Ռուսաստանից ձեռք է բերվել ընդհանուր առմամբ 180 գազի բալոն՝ 18 միլիոն դրամով: Իսկ այս տարի գյուղնախարարության բյուջեով ընդհանրապես նախատեսված չէ կարկուտների համար փող տրամադրել: Ինչպես պարզաբանեց նախարարության տնտեսական հաշվառման վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը՝ գազը պետք է գնի Արտակարգ իրավիճակների վարչությունը, քանի որ հակակարկտային սարքերն իրենց հսկողության տակ են եւ նրանք էլ պետք է լուծեն իրենց խնդիրները: Սակայն ԱԻՎ-ից ասացին, որ իրենց բյուջեում այդքան փող չկա, ուստի գյուղնախարարությունը պետք է դրա մասին հոգ տանի: ԱԻՎ-ի ենթակայությամբ գործող Հայաստանի մթնոլորտային գործընթացների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Ռոբերտ Հովսեփյանն ինքն էլ էր գտնում, որ այս տարի մեր հանրապետության ամբողջ տարածքի բերքը կտուժի, իսկ դա կանխելու համար գյուղնախարարությունը, ուզի թե չուզի, պետք է գումար հատկացնի՝ գազ գնելու համար:
Նշենք, որ մեր երկիրը ացետիլենի գազը ներկրում է Ռուսաստանից եւ եթե նույնիսկ գյուղնախարարությունը հենց հիմա էլ համաձայնի իր վրա վերցնել գազ գնելու պարտավորությունն ու գումարներ հատկացնի՝ մինչեւ գազի բալոնները Ռուսաստանում գնվեն, բերվեն Հայաստան, տեղադրվեն սարքերի մեջ՝ կարկուտները վաղուց արդեն իրենց գործն արած կլինեն, քանի որ գազի ներկրման գործընթացն առնվազն ամիս է պահանջում: Ռոբերտ Հովսեփյանը տեղեկացրեց, որ այդ գազն արտադրվում է նաեւ մեր երկրում՝ «Նաիրիտ» գործարանում, սակայն գործարանից հրաժարվել են սպասարկել՝ պատճառաբանելով, որ գազի բալոնները լիցքավորելու համապատասխան խողովակ առայժմ չունեն: