Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պռոշյանի» շշերին աչք են դրել

Մարտ 19,2007 00:00

Գործարանը մեղադրում է անբարեխիղճ մրցակցության մեջ

«Պռոշյանի կոնյակի գործարանն» օրերս դիմում-բողոք է գրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, խնդրելով պաշտպանել արդար մրցակցության իր իրավունքը: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովից, գործարանը դժգոհում է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող հուշանվերային շշեր արտադրող ընկերությունները դրանք վաճառում են նաեւ այլ ընկերությունների: Ըստ էության, եթե շշերը վաճառվում են, ապա խմիչքով կլցվեն ու կվաճառվեն: Գործարանը խնդրել է «օրենքով սահմանված կարգով կարգավորել նշված շշերի արտադրության գործընթացը, արգելելով դրանց արտադրությունն ու վաճառքը այլ կազմակերպություններին»: Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, այն գործունեությունը կամ դրա արդյունքում առաջարկվող ապրանքները, որոնք կարող են առաջացնել շփոթություն այլ տնտեսվարողների կողմից առաջարկվող ապրանքների կամ նրանց պատկանող հանրահայտ ապրանքանիշերի նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցություն: Եվ, փաստորեն, գործարանը մյուսներին պետք է որ մեղադրելիս լինի անբարեխիղճ մրցակցության մեջ:

Նկատենք, որ նախկինում եղել են դեպքեր, երբ «Պռոշյանի կոնյակի գործարանն» ինքն է անբարեխիղճ մրցակցություն թույլ տվել շուկայում գործող այլ ընկերությունների նկատմամբ: Մասնավորապես, հանձնաժողովի պաշտոնական վեբ-կայքի «Հանձնաժողովի որոշումները» բաժնում գտանք որոշումներ, որոնցով ընկերությունը տուգանվել է նման վարքագծի համար: Մասնավորապես՝ արտադրել է ռուսական մի շարք հանրահայտ ապրանքանիշերով օղիներ, որոնց սեփականության կամ օգտագործման իրավունքը չի ունեցել: Օրինակ, «Զոլոտոյե կոլցո», «Ստարայա Մոսկվա», «Ֆլագման»: Ընդ որում, մեկ անգամ էլ ընկերությունը տուգանվել է Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար:

Այս առնչությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մեկնաբանություն խնդրեցինք: Մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանի խոսքերով. «Միանգամայն նորմալ ենք գնահատում այն հանգամանքը, որ ընկերությունը իր իրավունքների՝ ազատ մրցակցության պաշտպանության նպատակով դիմել է հանձնաժողովին: Դրական է, որ ընկերությունը տեղեկացել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի պահանջներին եւ ոչ միայն նրա կողմից անբարեխիղճ մրցակցության նոր փաստ չի նկատվել, այլ նաեւ պաշտպանում է ազատ մրցակցության իր իրավունքը՝ հնարավոր ոտնձգություններից»: Բացի այդ, մամուլի քարտուղարը նաեւ հավելեց. «Վերջին շրջանում ընդհանրապես նկատելի է դիմումների հոսքի ակտիվություն, ինչը եւս միանշանակորեն դրական ենք համարում. տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող ապացույցները երբեմն որեւէ այլ կերպ հնարավոր չի լինում ձեռք բերել: Բացի այդ, նշանակում է՝ տնտեսվարող սուբյեկտները բիզնեսի ավելի քաղաքակիրթ մեթոդներն են նախընտրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել