«Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 20-ին կկայանա ռուսաստանցի ճանաչված ջութակահար Կարեն Շահգալդյանի մենահամերգը:
– 1990-ականների վերջերին հայաստանյան հյուրախաղերի ժամանակ երաժշտասեր հասարակայնությունն առաջին անգամ Ձեզ նկատեց Վլադիմիր Սպիվակովի «Մոսկովյան վիրտուոզներում» իբրեւ նվագախմբի արտիստ, իսկ 2004-ից հանդես եք գալիս որպես մենակատար: Դա՞ էր «Վիրտուոզներից» դուրս գալու հիմնական պատճառը:
– Դեռ Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Վիկտոր Տրետյակովի դասարանում սովորելու տարիներին, Վլադիմիր Սպիվակովից հրավեր ստացա եւ 1998-2002 թթ. աշխատեցի իր ղեկավարած նվագախմբում: Դա մի մեծ դպրոց էր ինձ համար: Սպիվակովը հայերիս մեծ բարեկամն է: Հավատացնում եմ, որ հենց նրա շնորհիվ ծանոթացա աշխարհում հայտնի հայազգի երաժիշտների հետ: Կոնսերվատորիան ավարտելուց հետո ընդունվեցի ասպիրանտուրա եւ այժմ էլ ուսանում եմ Մայա Գլեզարովայի ղեկավարությամբ: Իսկ «Վիրտուոզներից» հեռանալու միակ պատճառը սոլո կարիերաս էր, որը անհնար էր համատեղել նվագախմբի բուռն ստեղծագործական ու համերգային կյանքի հետ:
– Շարունակո՞ւմ եք համագործակցել հայաստանյան «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հետ, որը 2004-ին կազմակերպել էր Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմի հետ Երեւանում եւ Հայաստանի մարզերում ունեցած ձեր մենահամերգները: Եվ արդյո՞ք հավաստի են այն տեղեկությունները, թե ձեր համերգների կազմակերպմամբ արդեն ձեր մայրն է զբաղվում:
– 2004-ին համերգներս կազմակերպել էին հայաստանյան «Օվացիա» եւ մոսկովյան «Բրավիսիմո» պրոդյուսերական կենտրոնները: Մայրս՝ Օլգան, կազմակերպում է իմ ռուսաստանյան ելույթները, իսկ «Բրավիսիմոն»՝ արտերկրյա: «Օվացիայի» հետ պահպանվում են մեր բարեկամական կապերը, օրինակ, այս աշնանը Երեւանում նրանց եւ մոսկովյան կենտրոնի ջանքերով կանցկացվի միջազգային փառատոն: Բացի երաժշտարվեստից, որոշված է ներգրավել թատրոնները, օրինակ՝ Տոբակովի թատրոնը: Կհանդիպեք Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Մարկ Գորենշտեյնին, եւս մեկ անգամ հնարավորություն կունենաք տեսնել ռուս դասական ու ժամանակակից նկարիչների գործերը եւ այլն:
– Ժամանակին նվագում էիք Ռուսաստանի դասական երաժշտական գործիքների հավաքածուի Ստրադիվարիուսի ջութակով, որի դիմաց վճարել եք տարեկան 25 հազար դոլար…
– Այո, երեք տարի նվագել եմ այդ ջութակով եւ վճարել ձեր նշած գումարը: Միայն վերջերս որոշում եղավ Ռուսաստանի կառավարության կողմից՝ հավաքածու վերադարձնել երաժիշտների մոտ գտնվող «ստրադիվարիուսները» եւ թույլ տալ այդ ջութակներից օգտվել միայն բացառիկ դեպքերում: Այսօր իմ ձեռքին է 20-րդ դարասկզբի հայտնի վարպետներից Մարտինիի ջութակը, որը մեկ այլ հայտնի իտալացի վարպետի՝ Գվարներիի ջութակի պատճենն է:
– Ամուսնացել եք հայաստանցի հայուհու հետ եւ արդեն ունեք աղջիկ, հնարավոր համարո՞ւմ եք հետագայում ձեր հաստատվելը Հայաստանում:
– Հայաստանում մեծ թվով բարեկամներ ունեմ: Աղջիկս դեռ 9 ամսական է ու չգիտեմ էլ առաջին բառն ինչ լեզվով կասի: Կյանքը մեծ անակնկալներ է մատուցում: Այս պահին չգիտեմ, կտեղափոխվե՞մ հայրենիք, թե՞ ոչ: