Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տվեք լծակ, եւ Սարգիս Ասատրյանը կշրջի երկրագունդը

Մարտ 19,2007 00:00

Երեկ Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) նախագահ Սարգիս Ասատրյանը լրագրողներին ներկայացրեց ՀԵԿ-ի հետագա ծրագրերը:

Կուսակցության նախագահը նշեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են ե՛ւ համամասնական, ե՛ւ մեծամասնական ընտրակարգով: Համամասնական ընտրակարգով կուսակցությունը 22 թեկնածու է առաջադրել, որոնց միջին տարիքը 30 է, եւ բոլորն ունեն բարձրագույն կրթություն: Նա ավելացրեց, որ դեռ 2 օր առաջ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի 6 թեկնածու էին ներկայացրել: «4-րդ ընտրատարածքում առաջադրված մեր թեկնածուն՝ Տիգրան Նալբանդյանը, հանել է իր թեկնածությունը, որովհետեւ մենք կողմնակից ենք, որ խորհրդարան գնան ավելի գրագետ, բանիմաց, զարգացած ու պատրաստակամ քաղաքական գործիչներ: Այդ ընտրատարածքում մենք տեսանք մի անձնավորության, որը ունի լուրջ կրթություն»,- ավելացրեց ՀԵԿ նախագահը:

Ս. Ասատրյանը անդրադարձավ նաեւ կուսակցության մինչ այժմ չհրապարակված կարգախոսին՝ «Մայիսի 12, սերնդափոխություն, Հայաստանի երիտասարդական կուսակցություն»: Նա լրագրողներին մի քանի նախընտրական խոստում էլ տվեց, օրինակ՝ Քրեադատավարական օրենսգրքում փոփոխություններ են մտցնելու. թմրանյութ օգտագործողներին առաջարկելու են ոչ թե կալանավորվել, այլ բուժել պետպատվերի շրջանակներում, 10 գրամից ավելի թմրանյութ վաճառողներին ցմահ բանտարկելու են եւ այլն:

ՀԵԿ-ը համաձայն է, որ Հայաստանը սերտորեն համագործակցի Ռուսաստանի հետ՝ ընդհուպ մինչեւ Հայաստան-Ռուսաստան միության ստեղծումը: «Առաջարկելու ենք, որ ռուբլու գոտի ստեղծվի, իսկ դոլարային հաշվարկները փոխվեն եվրոյի»,- հայտարարեց Ս. Ասատրյանը: Երիտասարդ լիդերի նախընտրական խոստումներից մեկն էլ վերաբերում էր կենսաթոշակներին, դրանք հասցվելու են 56 հազար դրամի:

ՀԵԿ-ի նախագահի ամենամեծ խոստումը Հայաստանում ֆինանսական քաղաքի ստեղծումն է (՞): «Ես Մոսկվայում հանդիպել եմ EBRD-ի (Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման բանկ) կենտրոնական գրասենյակի ղեկավարության հետ եւ նրանց առաջարկել 20000 հեկտար հողատարածքում ստեղծել նոր ֆինանսական քաղաք»: ՀԵԿ-ը նույնիսկ 3248 էջից բաղկացած նախագիծ է կազմել. «Այս տարածքում մենք EBRD-ի տրամադրած հիպոթեքային միջոցներով կառուցելու ենք երիտասարդական քաղաք՝ 25000 բնակարանով: Իսկ հիպոթեքային վարկերը 15 տարով են տրամադրվելու, հավանաբար տարեկան 2.5 տոկոս տոկոսադրույքով: Միայն բիզնես-ծրագրի համար հատկացվելու է 12 միլիոն դոլար, իսկ ընդհանուր ծրագիրն արժենալու է 8-9 միլիարդ եվրո: Մենք արդեն գումարի աղբյուրն ունենք»,- ասաց կուսակցության նախագահը՝ առանց կոնկրետ անուններ հրապարակելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել