Հայաստանում քաղաքական նոր սեզոն է սկսվել
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն՝ դրանք տեղի կունենան մայիսի 12-ին: Եվ չնայած Հայաստանի խորհրդարանում տեղերը վիճարկում են 27 կուսակցություններ եւ մեկ դաշինք, ամենաբարձր շանսերը, թերեւս, ունեն երկու կառույցներ՝ իշխող Հանրապետական կուսակցությունը եւ վերջերս ձեւավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այն, չնայած ամպագոռգոռ հայտարարություններին, այդպես էլ չկարողացավ միավորվել եւ համաձայնության գալ քաղաքական սկզբունքային հարցերի շուրջ: Ընդդիմությունը չունի նաեւ երկրի զարգացման հստակ ծրագիր։ Այնուհանդերձ, ընդդիմությունը, առաջին հերթին՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը, արդեն ամբողջ թափով գրոհում է իշխանություններին: Նա իր գլխավոր զենքն է դարձրել, ընդ որում՝ դեռ ընտրություններից շատ առաջ, իշխանություններին ուղղված՝ ընտրությունները կեղծելու մեղադրանքը: Սա հետխորհրդային տարածքում ընդդիմության արդեն փորձված մարտավարություն է՝ միտված դեպի Արեւմուտք: Այսպես, վերջերս ԱՄՆ կատարած այցի ընթացքում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հերթական անգամ հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են կեղծիքների դիմել, եւ ընդդիմությունը պետք է պայքարի հանուն «արդար ընտրությունների»։
Սակայն, ըստ երեւույթին, Բաղդասարյանը պատրաստվում է պայքարել կամ սեփական երեւակայության պտուղների, կամ անդրօվկիանոսյան խորհրդատուների կողմից հանձնարարված «սպառնալիքների» դեմ: Այսօր Հայաստանի քաղաքական իրականությունը բոլորովին այլ է: Կեղծիքները ընտրություններում հաղթանակ ապահովելու ամենապարզունակ միջոցն են, քաղաքական տեխնոլոգիաների «բրոնզե դարը»: Մինչդեռ իշխանությունը Հայաստանում արդեն սովորել է կիրառել ավելի նուրբ քաղաքական գործիքներ, եւ «բրոնզե կացինների» կարիքը բացարձակապես չունի:
Վերցնենք, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» նախագիծը: Սա իշխանամետ կուսակցություն է, որի առաջնորդ դարձել է հանրապետությունում հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը: «Բարգավաճ Հայաստանը» արագորեն միավորներ հավաքեց՝ ապացուցելով, որ այդ նախագիծը շատ հաջող եւ արդյունավետ տեխնոլոգիա է, որը հնարավորություն ընձեռեց հավաքագրել չկողմնորոշված ընտրողներին եւ «բողոքական» ընտրազանգվածի մի մասը: Ի՞նչ իմաստ ունի կեղծել ընտրությունները, երբ ավելի գործուն միջոցներ կան: Ընտրություններում հաղթելու հիանալի հնարավորություններ ունի նաեւ իշխող Հանրապետական կուսակցությունը: Կուսակցության վարկանիշը առանց որեւէ կեղծիքների կայուն կերպով աճում է, եւ եթե աճի դինամիկան պահպանվի, հանրապետականները հանգիստ կարող են զբաղեցնել առաջին տեղը: Կեղծել ընտրությունները՝ նշանակում է ընդդիմությանը «նարնջագույն դրոշ» տրամադրել, սեփական ձեռքերով վառել հասարակական դժգոհության խարույկը: Իշխանությունը, բնականաբար, այդ քայլին չի դիմի: Իշխանության եւ անձամբ Ռոբերտ Քոչարյանի խնդիրը երկրում կայունության ապահովումն է:
Հաջորդ էական պահն այն է, որ 2008թ.-ին Հայաստանում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Ավարտվում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկրորդ ժամկետը, եւ նրա առջեւ խնդիր է դրված ապահովել լեգիտիմ, ոչ բռնի իշխանափոխություն: Այդ գործընթացի լեգիտիմության եւ ժողովդավարական լինելու կարեւորագույն պայմանը թափանցիկ ընտրություններն են: Պարզունակ կեղծիքների պես արխայիկ տեխնոլոգիաների կիրառումը ունակ է Հայաստանում անկանխատեսելի հետեւանքներով քաղաքական ճգնաժամ հրահրել: Քոչարյանը բավականաչափ պատասխանատու քաղաքական գործիչ է, որպեսզի թույլ չտա իրադարձությունների զարգացման նմանօրինակ սցենար:
Չի կարելի հաշվի չառնել նաեւ միջազգային դիտորդներին: Նախկինում, հնարավոր է, նրանք մատների արանքով են նայել իշխանությունների «չարաճճիություններին»: Եվ ոչ միայն Հայաստանում: Սակայն ժամանակները փոխվել են, եւ հայաստանյան ղեկավարությունը դա հրաշալի գիտակցում է: Վերջին տարիների ընթացքում իշխանությունը Հայաստանում ավելի է իմաստնացել, դարձել է ավելի քաղաքակիրթ, ժամանակակից: Այն արդեն անցել է երիտասարդ ժողովրդավարությունների «աճի հիվանդության» փուլը, որի միջով այս կամ այն չափով անցել են բոլոր հետխորհրդային հանրապետությունները: Մի տեղ քաղաքական մշակույթը զարգացում է ապրել, որոշ տեղերում էլ այն մնացել է նախկին մակարդակի վրա: Անցյալի դասերը օգտակար եղան: Հայաստանի ներկայիս իշխանությունը ժամանակակից է, ռացիոնալ, պրագմատիկ: Պատահական չէ, որ հայ քաղաքական գործիչների միջեւ Քոչարյանն ամենաբարձր վարկանիշն ունի:
Առասպելական կեղծիքների դեմ բողոքները, անշուշտ, կշարունակվեն: Որքան ավելի անզոր է ընդդիմությունը, այնքան ավելի բարձրաձայն է հայտարարելու այդ կեղծիքների մասին: Դա է օրինաչափությունը: Իսկ դրանից ավելին ընդդիմությունը չի կարող առաջարկել:
«Նովիե իզվեստիա», մարտի 14, 2007 թիվ Արտատպում ենք հոդվածը առանց մեկնաբանությունների՝ թողնելով ընթերցողներին դատել, թե որքանով է Հայաստանի ներկայիս իշխանությունը ժամանակակից, քաղաքակիրթ եւ իմաստուն: