Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇԽԱՏԱՎՈՐԸ ԻՐԱՎԱԶՈՒՐԿ Է, ԱՆՊԱՇՏՊԱՆ»

Մարտ 19,2007 00:00

\"\"«Առավոտի» հարցազրույցը ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի հետ

– Պարոն Ներսիսյանց, Ձեր ելույթներում հաճախ շեշտում եք «արդյունավետ արտադրություն եւ արդար բաշխում» նպատակը: Խնդրեմ՝ բացատրեք, ինչպե՞ս է հնարավոր հասնել այդ նպատակին:

– Առաջին հերթին, պարզ է, որ անհրաժեշտ է արդյունավետ արտադրություն, որ հնարավոր լինի իրականացնել բավարար բաշխում: Արդյունավետ արտադրությունը հնարավոր է միայն բաց շուկայական, ազատ առեւտրի եւ մեծապես մասնավոր հատվածի մրցունակ պայմաններում: Իսկ սրանց նախադրյալներն են, ինչպես հաճախ շեշտել եմ, մակրոտնտեսական կայունությունը, բավարար սոցիալական եւ ֆիզիկական ներդրումները եւ լայնատարած հիմքերով բարձր տնտեսական աճը: Մինչ այժմ արտադրության հատվածում մենք նշանակալից հաջողություններ ունենք: Ապագայում եւս կարող ենք այս հաջողությունները շարունակել, եթե մեր ներկայիս տնտեսական ռազմավարությունն ու օժանդակող քաղաքականությունները պահպանվեն եւ մրցունակության դաշտը չխախտվի: Անշուշտ՝ կհիշեք, որ փետրվարի 24-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված իմ հարցազրույցում այս խնդիրներին մանրամասն անդրադարձել էի:

– Իսկ արդար բաշխումն ինչպե՞ս եք պատկերացնում:

– Նախ անհրաժեշտ է արդյունավետ հարկում ժողովրդավարական ընթացակարգերով եւ, այսպիսով, գոյացած միջոցների ներդրում սոցիալական ենթակառուցվածքներում՝ ստեղծելով կենսունակ սոցիալական ապահովություն: Երկրորդ, արդար բաշխման համար անհրաժեշտ է աշխատավորի կազմակերպվածությունը եւ կոլեկտիվ բանակցությունների հնարավորությունը: Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք թե՛ հարկերի հավաքագրման, որի մասին բազմիցս խոսել եմ, թե՛ աշխատավորի ամրագրված իրավունքների կենսագործման մեջ: Այսօր կցանկանայի անդրադառնալ աշխատավորների հիմնախնդրին: Աշխատավորը Հայաստանում շատ խոցելի վիճակում է գտնվում, որտեղ արտադրության առյուծի բաժինը հասնում է ձեռնարկատերերին (եւ իրենց հովանավորող կամ կեղեքող պաշտոնյաներին), որոնք անգթորեն զրկում են աշխատավորին բավարար աշխատավարձից եւ, միեւնույն ժամանակ, խուսափելով հարկերից եւ սոցիալական վճարումներից, ձախողում են աշխատավորի համար ապահովագրության պայմաններ ստեղծվելը: Արդյունքում՝ աշխատավորների մի լուրջ հատված արժանապատիվ գոյատեւման միջոցներ չունի, եւ ոմանք հարկադրված ընդգրկվում են մանր կոռուպցիայի մեջ:

– Աշխատավորի վիճակը բարելավելու համար պետության դերը Դուք ինչպե՞ս եք պատկերացնում:

– Պետությունը պետք է պահպանի հավասարակշռված քաղաքականություն: Մի կողմից պահպանել տնտեսական կայունությունը եւ խրախուսել բարձր աճի ապահովումը, որ հնարավոր լինի աստիճանաբար ավելացնել աշխատատեղերը եւ նվազեցնել գործազրկությունը: Մյուս կողմից ստեղծել եւ պահպանել արդար օրենսդրական դաշտ, որ հնարավոր լինի աշխատավորին կոլեկտիվ բանակցությունների արդյունքում ապահովել բավարար աշխատավարձ եւ աշխատանքային պայմաններ: Այլ կերպ ասած, պետության դերը պետք է սահմանվի ձեռնարկատերերի եւ աշխատավորների բանակցությունների համար թափանցիկ, արդար ու հավասարակշռված մթնոլորտ ստեղծելու մեջ: Իսկ սուր եւ մեծածավալ ընդհարումների ժամանակ կատալիզատորի դեր ստանձնել վիճահարույց խնդիրների լուծման համար: Այսօրվա դրությամբ, կոլեկտիվ բանակցությունների բացակայության հետեւանքով, աշխատավորը ձեռնարկատերերի հետ բանակցություններ վարելու մեջ անտեղյակ ու միայնակ է եւ, արդյունքում, թույլ դիրքերում է գտնվում, եւ պարզապես հնարավոր չէ ապահովել բավարար աշխատավարձ ու պայմաններ այդ դիրքերից: Այս խնդրի կարգավորումը կնպաստի աշխատավորների վիճակի բարելավմանը եւ հետագայում կկանխի աշխատավոր-գործատու պայթունավտանգ բախումների ռիսկերը:

– Ներկայիս գործող «Աշխատանքային օրենսգիրքը» որքանո՞վ է հնարավորություն տալիս լուծել աշխատավորների խնդիրները:

– 2004թ. նոյեմբերի «Աշխատանքային օրենսգիրքը» հստակ սահմանում է գործատուների եւ աշխատավորների իրավունքներն ու պարտականությունները, կոլեկտիվ բանակցությունների հնարավորությունները, արհմիությունների առկայությունն ու լիազորությունները եւ ընդհանրապես գործատու-աշխատավոր վեճերի կարգավորման գործընթացը: Սակայն արհմիությունները իրականում չեն գործում, եւ աշխատավորները լիարժեք տեղեկացված չեն իրենց իրավունքների պաշտպանության եւ կոլեկտիվ բանակցությունների գործընթացների ու ձեւերի մասին: Կարճ ասած, թե՛ աշխատավորները, թե՛ արհմիությունները շատ պասիվ դեր ունեն եւ, նախկին Սովետի հոգեբանությունից ելնելով, սպասում են, որ պետությունը իրենց խնդիրները կլուծի: Իսկ ազատական քաղաքական պայմաններում արհմիությունները ունենում են շատ ավելի աշխույժ դեր եւ աշխատավորներին սատարող քաղաքական կուսակցությունների միջոցով ակտիվ մասնակցությամբ կազմակերպված պահանջներ են դնում քաղաքական դաշտ եւ, այսպիսով, լուծում խնդիրները: Այս աշխատանքային մշակույթը դեռ Հայաստանում ձեւավորված չէ:

– Պարոն Ներսիսյանց, Ձեր նկարագրած աշխատավորների իրավունքները քաղաքական ո՞ր կուսակցությունն է ներկայումս պաշտպանում:

– Ցավոք, մինչ այժմ գործնական աշխատանք որեւէ կուսակցության կողմից այս հիմնախնդրի վերաբերյալ չեմ տեսել: Եվ հենց նման խնդիրներից է, որ իմ ելույթների մեջ հաճախ սոցիալ-դեմոկրատական հակակշիռ քաղաքական ուժի անհրաժեշտություն եմ տեսնում, որն առայժմ բացակայում է: Ներկայումս ընդդիմության ձախամետ կուսակցությունները, որոնք տրամաբանորեն պետք է պաշտպանեն աշխատավորներին, անկարող են՝ շնորհիվ իրենց անբովանդակ, ծույլ, անկազմակերպ եւ արժեզրկված աշխատանքի ու համբավի: Ուստի, աշխատավորների զարթոնքի եւ մոբիլիզացման համար որեւէ աշխույժ եւ արդյունավետ աշխատանք չի տարվում: Արդյունքում՝ աշխատավորը իրավազուրկ է եւ անպաշտպան:

Վերջում շեշտեմ, հույժ կարեւոր է, որ պետության դերը հավասարակշռված լինի այս խնդրի շուրջ, քանզի մեր արտադրանքը պետք է մատչելի լինի ներքին շուկայում եւ մրցունակ՝ միջազգային շուկաներում: Ձեռնարկատերերը պետք է ունենան բավարար շահույթ՝ ապահովելու բավարար ներդրումներ եւ արդյունավետություն, եւ մյուս կողմից հմուտ, որակյալ եւ կենսուրախ աշխատավորներ՝ կենսունակ եւ կայուն պայմաններում բարձրորակ արտադրություն ապահովելու համար: Կարճ ասած, արդյունավետ արտադրություն եւ արդար բաշխում: Եվ մենք պետք է առաջնորդվենք բարեփոխումների աստիճանաբար շտկումների կարգով եւ ոչ թե թողնենք խնդիրն այնքան սրանա, որ հասարակությունը դիմի ցնցումային քանդիչ միջոցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել