Քաղաքական կուսակցությունները գովազդային գործակալությունների առջեւ նման «ռաբիս» պահանջներ են դնում:
Նախընտրական քարոզչության այս շրջանում քաղաքական կուսակցությունները գովազդային գործակալություններին մեծաքանակ քարոզչական պաստառներ են պատվիրում: Պարզվում է՝ շատ պատվիրատու կուսակցություններ գործակալությունների առջեւ այնպիսի պահանջներ են դնում, որ վերջիններս ստիպված են լինում հրաժարվել պատվերից: Օրինակ՝ բերում են պատրաստի մի նկար կամ ինչ-որ խորհրդանիշ ու պահանջում, որ իրենց նկարը մոնտաժվի այդ տեսարանի մեջ ու հենց դա էլ լինի իրենց քարոզչական պաստառը: Պատգամավորներից շատերը նախընտրում են, որ գովազդային պաստառներում իրենց պատկերեն անպայման Մասիս սարի վրա կամ գոնե նրա ֆոնին, որ իրենց ձեռքում լինեն ցորենի հասկեր կամ նուռ, անպայման երեւան խաչքարեր, որպեսզի ընտրողներն իրենց հավատացյալի կերպարով տեսնեն:
Թեեւ «Ընտրական օրենսգրքի» համաձայն արգելվում է քարոզչական պաստառի վրա Հայաստանի Հանրապետության զինանշանը կամ դրոշը պատկերելը, բայց, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին մի քանի գովազդային գործակալություններ, շատ են լինում նաեւ այդպիսի պատվերներ, որոնցից իրենք հրաժարվում են՝ մատնանշելով օրենքի արգելքը:
Գործակալություններից մեկի տնօրենը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ հաճախ լինում են դեպքեր, երբ պատվիրատուն մի նկար է բերում ու ասում, որ ինքը հենց այդ պատկերով պաստառ է ցանկանում: Այդպիսի գովազդների գինն ավելանում է, իսկ եթե գործակալության աշխատողներն են առաջարկում իրենց ժամանակակից չափանիշներով ծառայությունները, արդեն գովազդային պաստառի արժեքը կախված է լինում թղթի որակից ու պատվերի քանակից:
«Ռաբիս» գովազդային պաստառների շատ պատվերներ այս շրջանում ստացել է, օրինակ, գովազդային «Անտարես» գործակալությունը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց գործակալության գովազդի բաժնի տնօրեն Քրիստինե Հովհաննիսյանը, հաճախորդների հետ իրենք հաճախ անհամաձայնություններ են ունենում, սակայն գրեթե միշտ իրենց հաջողվում է պատվիրատուներին համոզել, որ նրանց ուզածն անճաշակ է, նոր եւ ժամանակակից առաջարկներ են անում եւ փորձում զերծ մնալ կարծրացած չափանիշներից:
Գործակալությունների տվյալներով, նախընտրական քարոզարշավի հետ կապված՝ ամենաշատը բուկլետներ են պատվիրում: Կախված քանակից՝ 1 բուկլետի արժեքը կազմում է 60-120 դրամ: Այս օրերին այդ բուկլետները «զոռով-շառով» բաժանվում են քաղաքացիներին, օրինակ՝ Հարավ-արեւմտյան թաղամասում, դեռ քարոզարշավը չսկսած՝ արդեն որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ շրջում էին տնետուն, թակում դռներն ու ստիպում բնակիչներին վերցնել բուկլետները, եթե դուռը չէին բացում՝ փակցնում էին դռան վրա:
Որոշ գործակալություններ իրենց վրա են վերցնում ոչ միայն գովազդը պատրաստելու, այլեւ այն «ցրելու» գործը: Կուսակցությունները, քարոզչական պաստառից բացի, հավելյալ վճարում են, որպեսզի բուկլետների հետ միասին բաժանեն նաեւ կուսակցության անունով մակնշված գրիչներ, շապիկներ կամ հուշանվերներ: