Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՔԱՐՈԶԵԼԸ

Մարտ 19,2007 00:00

\"\"Այլապես ինչի՞ համար է «Ընտրական օրենսգրքով» մեկ ամիս սահմանված նախընտրական քարոզչության համար:

Կարծում եմ՝ որեւէ մեկը չի առարկի, թե նախընտրական քարոզչությունը ոչ պաշտոնապես արդեն վաղուց սկսված է՝ փողոցները հեղեղված են «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀՀԿ-ի պաստառներով, ՀՅԴ-ն ինչ-որ բուկլետներ է բաժանում, իսկ հեռուստաընկերություններն էլ ակնհայտ գովազդային նյութեր են հեռարձակում բացառապես իշխանական կուսակցությունների մասին: Սակայն եթե «փողոցային» քաղաքական գովազդի դեպքում չկա օրենքի որեւէ դրույթ, որը հստակ մատնանշելով՝ կարելի էր ասել, թե այն այժմ խախտվում է՝ հեռուստատեսային վաղաժամ սկսված քարոզչության համար կա նման մի ձեւակերպում: Սա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11 հոդվածն է, ըստ որի՝ «Հանրաքվեների եւ ընտրությունների քարոզչությանը նախորդող ու դրանց անցկացման ժամանակաշրջանում հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են ընտրությունների ու հանրաքվեների մասին օրենսդրությանը համապատասխան։ Նշված ժամանակահատվածում արգելվում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակել քաղաքական կամ այլ քարոզչական նյութ՝ տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով։ Նման հաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով՝ «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում»։

Ահա այս՝ «ընտրությունների քարոզչությանը նախորդող» ժամանակաշրջանի վերաբերյալ ձեւակերպումն էլ առիթ էր դարձել «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» կազմակերպության ղեկավար Ռուբեն Թորոսյանի համար, որ նա դիմի դատարան՝ «ՀՌԱՀ օրենքին հակասող անգործության վիճարկման մասին» դիմումներով: Այսինքն, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պիտի տույժերի ենթարկեր հեռուստաընկերություններին՝ քարոզչության համար չսահմանված ժամանակահատվածում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, ԺԿ-ի եւ այլոց քարոզչությունն անելու համար: Նրա դիմումները վարույթ չընդունվեցին, սակայն ՀՌԱՀ-ը հետեւյալ պատասխանն ուղարկեց Ռուբեն Թորոսյանին՝ դատարան ներկայացրած նրա դիմումների կապակցությամբ. «Այդ տրամաբանությամբ, 1997թ. ցանկացած հրապարակային քաղաքական ելույթ պետք է համարել 2007-ի մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակաշրջանում իրականացված նախընտրական քարոզչություն»:

ՀՌԱՀ-ն օգտագործել էր օրենսդրական բացը. «նախորդող ժամանակաշրջան» հասկացությունն իրոք հստակեցված չէ որեւէ դրույթով: Հավելենք, որ ընդհանրապես որեւէ օրենքով սահմանված չէ, թե ինչ է «քարոզչությունը», եւ կարգավորում չկա նաեւ քաղաքական գովազդի առումով:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հեղինակներից մեկը՝ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն ասաց. «Մենք ելնում էինք նրանից, որ այն, ինչ վերաբերում է նախընտրական քարոզչությանը եւ նույնիսկ դրան նախորդող փուլերին՝ պետք է կարգավորվի «Ընտրական օրենսգրքով», որը պիտի մանրամասն բացեր այդ դրույթները: Սա էր մոտեցումը, բայց, ցավոք՝ «Ընտրական օրենսգիրքը» դա չի արել»:

Իսկ Գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի մեկնաբանությունից դատելով՝ թերեւս հստակեցման կարիք այնքան էլ չկա: Ըստ նրա՝ հստակ է, որ նախընտրական քարոզչությունը սահմանված է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 5-րդ կետով. «Նախընտրական քարոզչությունը սկսվում է թեկնածուների եւ կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը եւ վերջանում է քվեարկությունից 1 օր առաջ»: Հրանուշ Հակոբյանը նաեւ գտնում է, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11 հոդվածի առաջին նախադասության «ձեւակերպումը միարժեք չէ, եւ կարելի է տարբեր ձեւով մեկնաբանել: Սակայն իմաստը հետեւյալն է՝ «ընտրությունների քարոզչությանը նախորդող ժամանակահատված» ասելով՝ պետք է հասկանալ հենց նախընտրական քարոզչության 1 ամիսը, եւ ոչ թե դրանից առաջ ընկած ժամանակաշրջանը, քանի որ նախընտրական քարոզչությունից առաջ ընկած ժամանակաշրջանը կարող է տեւել ամբողջ 4 տարի: Իսկ «ընտրությունների եւ հանրաքվեների անցկացման ժամանակաշրջան» արտահայտությունը վերաբերում է հենց քվեարկության օրվան: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ առաջիկայում Ազգային ժողովը պետք է անպայման անդրադառնա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքին, եւ 11 հոդվածի 1-ին մասը ձեւակերպի շատ ավելի հստակ: Ձեւակերպումը հստակ չէ, եւ կարող է առիթ տալ տարընթերցման»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նույնպես նկատեց, թե «քարոզարշավին նախորդող ժամանակաշրջան» եզրը գոյություն ունի միայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում, եւ «Ընտրական օրենսգրքում» պարզաբանված չէ. «Այս խնդիրն արծարծվել է նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ, քանի որ օգտագործվում է մի հասկացություն, որը գործնականում ձեւակերպված չէ: Եվ 2003-ի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո մենք առաջարկեցինք հստակեցնել այդ ձեւակերպումը ու սահմանել, որ «քարոզարշավին նախորդող ժամանակաշրջան» համարվում է ընտրությունների օրը նշանակելու մասին նախագահի հրամանագրից՝ մինչեւ քարոզարշավի պաշտոնական սկիզբն ընկած ժամանակաշրջանը: Այսինքն, կոնկրետ այս ընտրարշավի դեպքում դա կլիներ փետրվարի 5-ից մինչեւ ապրիլի 8-ը: Եվ այս ժամանակաշրջանի վրա եւս պիտի տարածվեր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համապատասխան դրույթը: Բանավոր կերպով՝ մեր առաջարկները համարվեցին խելամիտ եւ տրամաբանական: Բայց մեզ մոտ ընտրություններից հետո սովորաբար մոռանում են ընտրությունների մասին՝ մինչեւ հաջորդ ընտրություններ: Այդ առաջարկը, փաստորեն, մոռացվեց: Եվ հիմա եւս տեսնում ենք, որ կար դրա արդիականությունը: Սակայն եթե ժամանակին ընդունվեին այդ փոփոխություններն օրենսդրության մեջ, մենք չէինք ունենա շատ խնդիրներ, որ ունենք հիմա»:

Մնում է հուսալ, որ գոնե այս ընտրություններից հետո չեն մոռանա մեր այժմյան «նախորդող ժամանակաշրջանի» փորձի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել