Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ»՝ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Մարտ 19,2007 00:00

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության երեկվա հերթական հանրահավաքը, որն անցավ անձրեւի տակ եւ բարձրախոսների բացակայությամբ, նախորդներից ամենասակավաթիվն էր ու ամենակարճն էր իր տեւողությամբ: Մասնակիցները դա բացատրեցին եղանակային պայմաններով եւ բարձրախոսների բացակայությամբ:

Հանրահավաքի կազմակերպիչների մատուցմամբ, բարձրախոսները միացված չէին անվտանգության նկատառումներից ելնելով: Ընդամենը երկու ելույթ հնչեց, թեեւ հավաքվածները պահանջում էին «կարճ չկապել» եւ հայտարարում, թե իրենք պատրաստ են անձրեւի տակ էլի կանգնել: Նրանք ամենաբուռն կերպով արձագանքեցին ելույթներից մեկում հնչած եւ ընդդիմադիր որոշ ուժերին հասցեագրված «ծախվածության» մեղադրանքին: Իսկ հիմնական բանախոսը երեկ «ՀԺ» օրաթերթի խմբագիր եւ «Այլընտրանքի» նախաձեռնող անդամ Նիկոլ Փաշինյանն էր, ով հայտարարեց, թե Հայաստանի առջեւ ծառացած բոլոր հարցերի պատասխանը իմպիչմենթն է, որը դեռ իրականացված չէ: Նրա ելույթի առանցքը երեկ Ղարաբաղի հիմնախնդիրն էր եւ ԱՄՆ Պետդեպի վերջերս հրապարակած տարեկան զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը շարունակում է օկուպացնել Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները:

Բանախոսի մատուցմամբ, ԱՄՆ Պետդեպի այդ ձեւակերպումը Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողման վկայությունն է, որը սկիզբ է առել 1998-ից՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց ի վեր՝ ու հատկապես այն բանից հետո, երբ 1999 թ.-ին Ռ. Քոչարյանը Ստամբուլում ստորագրեց ԵԱՀԿ գագաթաժողովի խարտիան, ուր փաստվում էր ԵԱՀԿ անդամ պետությունների տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքը: «Վարդան Օսկանյանն ասում է, թե Պետդեպի զեկույցի այդ ձեւակերպումը (օկուպացված տարածքներ – Ն. Մ.) վրիպակ է: Ինքն է վրիպակ, Ռոբերտ Քոչարյանն է վրիպակ»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Նա նաեւ վստահեցրեց, թե ստեղծված իրավիճակը հաղթահարելու առաջին քայլը իմպիչմենթն է, եւ հենց դա է «Այլընտրանքի» հիմնական նպատակը, որին նա հետեւողական է լինելու: «Իմպիչմենթ՝ նշանակում է Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության հետեւանքների վերացում, իմպիչմենթ՝ եթե մենք ուզում ենք ունենալ հեռանկարային պետություն»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

«Այլընտրանքի» հաջորդ հանրահավաքը, նախաձեռնողների հավաստմամբ, տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ արդեն «Ազատության» հրապարակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել