Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրիդ. «Պետք չէ վտանգել թրքահայերին»

Մարտ 19,2007 00:00

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագիծը երկու օր առաջ ներկայացվել է ԱՄՆ Սենատ: Ինչպես եւ կարելի էր սպասել, նախագծի ներկայացումից անմիջապես հետո Սպիտակ տունն ու Պենտագոնը եռապատկել են դրա ընդունման դեմ ուղղված ջանքերը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նախօրեին նախագծի դեմ հանդես են եկել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը եւ Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Դենիել Ֆատան:

ԱՄՆ վարչակազմը «երբեք չի ժխտել, հարցականի տակ չի դրել եւ չի նվազեցրել հայերի զանգվածային սպանությունների եւ էթնիկական զտման պատմական փաստերը»,- ասել է Ֆրիդը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարցերի կոմիտեում՝ «Ամերիկա-թուրքական հարաբերությունները եւ գալիք մարտահրավերները» թեմայով լսումների ժամանակ: Ֆրիդը, մասնավորաբար, հավելել է. «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին՝ Հայերի հիշատակի օրը, ԱՄՆ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ: Մեր նպատակն է խթանել թուրք հասարակության կողմից այդ սարսափելի դեպքերի անկեղծ ուսումնասիրությունը, որպեսզի օգնենք Թուրքիային հաշտվել իր անցյալի եւ Հայաստանի հետ: Դա հեշտ չէ: Միացյալ Նահանգների համար նույնպես հեշտ չի եղել ընդունել իր պատմության մութ էջերը: Սակայն երկար լռությունից հետո Թուրքիան առաջընթաց է դրսեւորում այդ ուղղությամբ: Այս տարի ավելի քան 100 հազար Թուրքիայի քաղաքացիներ դուրս եկան ցույցի՝ Հրանտ Դինքի հուղարկավորության օրը: Մենք նաեւ տեսնում ենք կոչերը, այդ թվում՝ Թուրքիայի վարչապետի եւ ԱԳՆ ղեկավարի, Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածի փոփոխության մասին: Մենք ողջունում ենք թուրք ղեկավարների առաջարկները 301 հոդվածի փոփոխության կամ վերացման վերաբերյալ: Կարծում ենք, որ Ներկայացուցիչների պալատի կողմից 106 բանաձեւի ընդունումը կխոչընդոտի Թուրքիայում հնչող ձայներին, որոնք կոչ են անում անկեղծորեն ուսումնասիրել անցյալը՝ Թուրքիային իր պատմության եւ Հայաստանի հետ հաշտեցնելու նպատակով: Թուրքիայի 60-70 հազարանոց հայ համայնքի անդամները մեզ ասում են, որ նման բանաձեւերը կճնշեն երկխոսությունը, որին նրանք ձգտում են, եւ կարող են առաջացնել ազգային հույզերի այնպիսի մի ալիք, որը կսպառնա իրենց անվտանգությանը: Մեր նպատակն է բացել Թուրքիայի հոգին եւ սիրտը՝ արդար, թեկուզ ցավալի ինքնաճանաչման ճանապարհով»:

ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Դենիել Ֆատան, իր հերթին, հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը «ազգայնական եւ հակաամերիկյան տրամադրություններ կառաջացնի թուրք հասարակությունում, որն առանց այն էլ բարձր կարծիքի չէ ԱՄՆ-ի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել