Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը

Մարտ 19,2007 00:00

Երեկ «Փաստարկ» ակումբում ենթադրեց ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը

ԱՄՆՊետքարտուղարության մարդու իրավունքների մասին 2006թ.-ի զեկույցում տեղ գտած «Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի 7 շրջանները» արտահայտությունը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ ասուլիսում դիտարկեց «պատմությունը կրկնվում է» համատեքստում: Ըստ նրա՝ հայ-ամերիկյան հանդարտ զարգացող հարաբերությունների խաղաղ երկնակամարում ժամանակ առ ժամանակ կայծակի պես ճայթում են որոշ հայտարարություններ. «Այդպիսին էին, օրինակ, Էլիզաբեթ Ջոնսի կամ Freedom house-ի հայտարարությունները»:

Արմեն Աշոտյանը, սակայն, նկատեց. «ԱՄՆ-ն քրիստոնեական երկիր է: Եվ այն հանգամանքը, որ ԱՄՆ Կոնգրեսը պետական բյուջեի առանձին տողով հատկացում է տալիս ԼՂՀ-ին, նաեւ այն, որ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ընդունվում են ԱՄՆ-ի կողմից, հակակշռում է ԱՄՆ Պետքարտուղարության այս հայտարարությունը: Եվ ինչո՞ւ ասացի քրիստոնեական, քանի որ այստեղ տիպիկ քրիստոնեական մոտեցում է՝ աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում»:

Չնայած այս ամենին՝ պատգամավորը գտնում է, թե զեկույցը առաջ է բերել որոշ կնճիռներ, որոնք պետք է հարթվեն, իսկ ԱՄՆ-ն պիտի շարունակի մնալ Հայաստանի կարեւոր ռազմավարական գործընկերը:

Արմեն Աշոտյանը խոստովանեց, թե ադրբեջանական մամուլն ընթերցելիս իր մոտ միանգամից երկու էմոցիա է առաջանում՝ անզուսպ ծիծաղ եւ անզուսպ վրդովմունք. «Ես նախընտրում եմ անզուսպ ծիծաղը, քանի որ վրդովմունքս պահում եմ իմ հայրենիքի համար»: Նրան ծիծաղելու առիթ տալիս է այն փաստը, որ ադրբեջանական պետական քարոզչությունը վերջին 8 տարիների ընթացքում անընդհատ «սեփական հասարակությանը ռազմական գործողությունները վերսկսելու կուտ է տվել», որը չի ունեցել ոչ մի ազդեցություն: «Ներքաղաքական սպառման պրոդուկտը չիրացվեց»,- հայտարարեց նա՝ վկայակոչելով «ծՏՉՏրՑՌ ԸջպՐոՈռՊՋՈվՈ»-ի կատարած հարցումները, որոնց համաձայն՝ ադրբեջանցիների միայն 12 տոկոսն է հավատում պատերազմի վերսկսմանը:

Մի անդրադարձ էլ կատարեց Իլհամ Ալիեւի հայտարարություններին՝ նշելով, թե նա անընդհատ հույսը դնում է նավթային խողովակի վրա: Եվ հիշեցրեց «Ա-ն ու Բ-ն նստած էին խողովակի վրա» մանկական հանելուկը. «Այս պարագայում շատ դիպուկ բռնում է, Ա-ն Ալիեւն է, Բ-ն՝ «Բրիթիշ Պետրոլիումը», սիդելի նա տռուբե: Ա ուպալո, քանի որ, բնականաբար, չի մնալու մինչեւ վերջ, «Բրիթիշ Պետրոլիումը» պոսլե էտոգո պրապալո: Ա չտո աստալոս նա տռուբե՝ կարծում եմ, բոլորին հասկանալի է, որ ոչինչ չի մնացել»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական դաշտում վրդովմունքի պատճառներին՝ Արմեն Աշոտյանը նախընտրեց դրանց մասին խոսել պաշտոնական քարոզարշավի սկսվելուց հետո միայն. «Ես որոշակի իմպուլսներ եմ ստանում ազդեցիկ քաղաքական ուժերի կողմից: Եթե պաշտոնական քարոզարշավի ժամանակ դրանք հաստատվեն՝ ես էքսքլյուզիվ հանդես կգամ»: Իսկ մինչ այդ՝ ՀՀԿ խմբակցության անդամին մտահոգում է մի փաստ. «Հայրենի ընդդիմության ներկայացուցիչները երբ գնում են արեւմտյան ինստիտուտներում հանդիպումների՝ ի՞նչ են խոսում Ղարաբաղի հարցի վերաբերյալ, եւ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել