Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆԱՑՆԵՐԸ ՆՈՐ ԵՆ ՔԱՂՑՐԱՆԱԼՈՒ

Մարտ 19,2007 00:00

\"\"ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն սկսել են խրամատավորվել

Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախընտրական լուռ մրցակցությունը սկսում է նոր նրբերանգներ ստանալ եւ վերածվել ավելի լուրջ դիմակայության: Բանն այն է, որ մարտի 8-ի կանանց տոնի կապակցությամբ Էրեբունի համայնքի ԲՀԿ տարածքային կառույցի անդամները ակցիա էին նախաձեռնել եւ համայնքի կանանց ծաղիկներ էին նվիրել: Դա, ըստ ամենայնի, դուր չէր եկել համայնքի «հանրապետական» հատվածին ու թաղապետարանի աշխատակիցներին, եւ մեր աղբյուրների փոխանցմամբ, երկու օր առաջ մի կողմից՝ վերջիններս, մյուս կողմից՝ ԲՀԿ ներկայացուցիչները փորձել էին միմյանց հետ հարաբերություններ պարզել: «Ռազբորկաներն» իրենց շարունակությունն էին ունեցել նաեւ մարտի 15-ին, երբ հարաբերություններ պարզելը վերածվել էր «թոխմախցի երիտասարդների» եւ ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ մեծամասշտաբ ծեծկռտուքի: Ինչպես մեր աղբյուրներն են նշում, ծեծված ԲՀԿ-ականների թվում է եղել նաեւ ԲՀԿ Էրեբունի տարածքային կառույցի ղեկավար, կուսակցության քաղխորհրդի անդամ եւ համամասնական ցուցակի 65-րդ հորիզոնականում գտնվող Հարություն Կարապողոսյանը՝ «Սնխչի Հարութ» մականունով: ՀՀ ոստիկանությունը, ի վերջո, միջամտել էր, եւ արդյունքում մարտի 15-ի գիշերը ոստիկանության բաժին բերման էին ենթարկվել նաեւ Էրեբունիի թաղապետին մոտ կանգնած շուրջ 40 հոգի, որոնց մի քանի ժամ պահելուց հետո ազատ էին արձակել:

Մենք փորձեցինք տեղի ունեցածի շուրջ մեկնաբանություններ ստանալ երկու կողմերից էլ: Էրեբունիի թաղապետարանից մեզ որեւէ բան ճշտել չհաջողվեց, բայց փոխարենը թաղապետին մոտ կանգնած մեր աղբյուրները հաստատեցին տեղի ունեցածը՝ միաժամանակ ընդհանրապես բացառելով թաղապետի եւ թաղապետարանի մասնակցությունը կատարվածին: Ըստ մեր աղբյուրի, միջադեպը հրահրել էին ԲՀԿ անդամները, ովքեր թաղապետարանի մոտ թաղապետին եւ ՀՀԿ-ին ուղղված տհաճ ռեպլիկներ էին արել: Մեր աղբյուրի մատուցմամբ՝ «էդ ո՞նց է՝ Գագիկ Ծառուկյանն իր Նոր Հաճընում կարողանում է արգելել «Կիլիկիա» գարեջուր վաճառել, իսկ Էրեբունի համայնքում, որի թաղապետը ՀՀԿ անդամ է, եկել ու որոշել է հանրապետականից ձայներ խլել եւ ԲՀԿ քարոզել»: Ավելին, ինչպես պարզվեց մեր աղբյուրի հետ զրույցից, ԲՀԿ-ականներին ծեծելու լուրը ստանալուց հետո տեղի ունեցածի մասին ոստիկանությանը միջադեպի մասին հայտնել էր հե՛նց ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը: «Տղերք են, ասենք՝ իրար մի քիչ քաշքշել են, ծեծկռտուք կամ մեծ կռիվ չի եղել, ինչի՞ ես ղզիկի պես ոստիկանություն դիմել»,- տարակուսում էր մեր զրուցակիցը, ով նաեւ հավելեց, թե միջադեպը հարթված է եւ մեծ աղմուկ բարձրացնելու իմաստ ինքը չի տեսնում:

Բայց իրականում, ինչպես փոխանցում են ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, վեճը հարթվել է ոչ թե միջադեպի մասնակից երկու կողմերի միջեւ, այլ՝ ավելի բարձր մակարդակներում: Ըստ մեր տեղեկությունների, մարտի 15-ի ուշ երեկոյան, տեղի ունեցած միջադեպից հետո, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստիպված է եղել վերադառնալ նախագահական նստավայր եւ իր մոտ հրավիրել ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին՝ տեղի ունեցածի մասին մանրամասներ եւ բացատրություններ ստանալու համար: Ըստ ամենայնի, հենց այդ հանդիպման ժամանակ էլ վեճը համարվել է հարթված, իսկ քրգործ, իհարկե, չի հարուցվել: Այդ է փաստում նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից ստացված եւ «Առավոտին» ի պատասխան փոխանցված պաշտոնական պարզաբանումը՝ «տեղյակ չենք միջադեպի մասին, նման արձանագրություն ոստիկանության ամփոփաթերթիկում չկա, եթե լիներ՝ ամփոփաթերթիկում նշված կլիներ»:

Համանման բան պնդեց նաեւ ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը: Վերջինս ասաց, թե տեղյակ չէ միջադեպի մասին, եւ հավելեց, թե ինքը երեկ հանդիպել է Հարություն Կարապողոսյանին, եւ նա ոչ միայն լիովին անվնաս է եղել, այլեւ բավականին բարձր տրամադրություն է ունեցել: Հիշեցնենք, սակայն, որ ԲՀԿ-ականների ու ՀՀԿ-ականների միջեւ անախորժ պատմություններ եւ հարաբերություններ պարզելու փաստեր եղել են նաեւ դեռ անցյալ տարի Կոտայքի եւ Արմավիրի մարզերում, որոնք համարվում են «հանրապետական» օջախներ: Այս դեպքերը եւս ոչ միայն իրավապահները, այլեւ իրենք՝ կուսակցությունները պարտակեցին:

Հիշեցնենք, որ դեռ տարեսկզբին տեղեկություններ կային, թե ՀՀ ոստիկանապետը երկրի նախագահից հանձնարարական է ստացել նախընտրական շրջանում լիակատար վերահսկողություն սահմանել ոչ միայն ընդդիմության, այլեւ հիշյալ երկու կուսակցությունների, նրանց անդամների ու համակիրների, նրանց շուրջ համախմբված կրիմինոգեն հատվածի նկատմամբ՝ հնարավոր բախումներից խույս տալու համար: Մեր տեղեկություններով, թեեւ ուժային կառույցները հրաման են ստացել որեւէ կերպ չմիջամտել ընտրություններին եւ չսպասարկել իշխանական այս կուսակցություններից որեւէ մեկին, այդուհանդերձ, գործնականում նրանք այս կամ այն կերպ աջակցություն են ցուցաբերում ե՛ւ ՀՀԿ-ին, ե՛ւ ԲՀԿ-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել