Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ Է»

Մարտ 19,2007 00:00

\"\"Ասում է ԲՀԿ անդամ Սերգեյ Բագրատյանը

– Թիվ 39 ընտրատարածքում ձեր մրցակիցը Վայոց ձորի մարզպետն է, ում թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն: Վերջերս նա հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ ինքը արձակուրդում կլինի եւ իր վարչական լծակները չի օգտագործի: Եթե այդպես լինի, իրոք պայքարը նորմալ ընթացք կստանա: Որպես մրցակից՝ հավատո՞ւմ եք, որ ընտրությունների ժամանակ վարչական լծակներ չեն օգտագործվի:

– Որպեսզի լծակներ չօգտագործվեն, պետք է ոչ թե այդ մասին հայտարարել, այլ ապացուցել գործով, այսինքն՝ եթե գործող մարզպետը թեկնածություն է առաջադրում, վստահ է իր կատարած աշխատանքին եւ ժողովրդի աջակցությանը, ուրեմն, կարծում եմ, պետք է դուրս գար մարզպետությունից, այսինքն՝ ազատվեր աշխատանքից եւ ազատ, արդար պայքարում փորձեր հաղթել մրցակցին: Խոսքով ասել, որ լծակները չի օգտագործելու՝ բավականին լղոզված արտահայտություն է, որովհետեւ ո՞ւմ համար պարզ չէ, որ գործող մարզպետի՝ վարչական լծակները չօգտագործելու մասին հայտարարությունները ուղղակի լուրջ չեն: Այն մարդիկ, ովքեր ի պաշտոնե առնչվում են մարզպետի հետ եւ ենթարկվում են նրան, բնականաբար, փորձելու են իրենց աջակցությունը ցույց տալ, իսկ ես կարծում եմ, որ արդար պայքարում պետք է լինեն հավասար պայմաններ:

– Այնուամենայնիվ, ընդունեք, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, այսինքն՝ երկու իշխանական ուժերի՝ իրար դեմ մրցակիցներ դնելը նույն ընտրատարածքում զարմանալի է, ինչո՞ւ դուք առաջադրվեցիք հենց թիվ 39-ում:

– Ես 2003-ին եւս այս ընտրատարածքում եմ առաջադրվել ու ընտրվել եմ, եւ բացարձակ սուտ է, որ ես նախորդ ընտրություններում իբր պարտվել եմ Աբրահամյան Սերյոժային: Տվյալները կան ԿԸՀ-ում, 2003-ին մենք հաղթել ենք մյուս թեկնածուին, ուղղակի ձայների տարբերությունը հասավ մի կետի, որտեղ անճշտությունները ավելին էին, քան մեր առավելությունը: Իսկ ըստ «ԸՕ»-ի, այդ դեպքում պետք էր նոր ընտրություններ կազմակերպվեին: Հաշվի առնելով, որ մարզում լուրջ լարվածություն կար, հինգ օր մեր կողմնակիցները, մեր համակիրները, իմ ընտրողները տարածքը չէին լքում եւ պահանջում էին արդարություն, եւ երկրի ու մարզի կայունության մասին մտահոգվելով՝ որոշեցինք չգնալ նոր ընտրությունների: Մարդիկ իրենց վարուցանքը թողած, աջակցում էին ինձ, եւ ես պարտավորված զգացի ժողովրդին նորից չչարչարել, աշխատանքից չկտրել: Եվ այս ամենը այլ կերպ ներկայացնելն արդեն ապացուցում է, որ մեր մրցակիցը փորձում է սեւ տեխնոլոգիաներ կիրառել: Օրինակ, ասում է, որ ես հարում էի ՀԺԱՄ-ին: Այդպես չէ: Այդ ժամանակ ես ընտրություններին մասնակցել եմ որպես անկուսակցական, ինձ պաշտպանել են երեք ուժեր՝ տարածքային կառուցների մակարդակով, այսինքն՝ ոչ թե եղել են կուսակցությունների որոշումներ, այլ ընտրատարածքում մեր շահերը համընկել են:

– Ո՞ր ուժերն են կոնկրետ ձեզ աջակցել թեկուզ տարածքային մակարդակով:

– Որոշակի աջակցություն կար Դաշնակցության կողմից, ԵԿՄ-ի կողմից, քանի որ ես ԵԿՄ անդամ եմ 1995-ից, նաեւ՝ ՀԺԱՄ-ից: Այսինքն՝ ես մինչեւ այս պահը անկուսակցական եմ եղել եւ հիմա անդամակցեցի «Բարգավաճ Հայաստանին»: Առաջարկ եղավ կուսակցության ղեկավարի կողմից, մենք գտանք, որ մեր խնդիրները եւ ծրագրերը մոտ են եւ որոշեցինք միասին աշխատել: Այսօր բավականին դժվար է առանց կուսակցական կառույցների ընտրությունների ճիշտ կազմակերպում. մեր գաղափարական եւ ծրագրային ընդհանրությունից ելնելով՝ որոշեցինք համագործակցել: Վստահեցնում եմ, որ մեր ծրագրերը «Բարգավաճ Հայաստանի» հետ շարունակելու ենք մինչեւ վերջ:

– Դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում ձեր ընտրվելու հնարավորությունները, համաձայնեք, դժվար իրավիճակ է՝ երկու ուժ, նկատի ունեմ կուսակցությունները, երկուսն էլ ուժեղ:

– Ճիշտն ասած, ինձ համար տարօրինակ էր իմ մրցակցի այն հայտարարությունը, թե ինքը զարմացած է, որ ԲՀԿ-ն իր դեմ թեկնածու է առաջադրել: Ես եմ զարմացած, որ նման մտածելակերպով մարդը կարող է քաղաքական դաշտ մտնել: Քաղաքական դաշտը պայմանավորվածությունների դաշտ չէ, այլ մրցակցության դաշտ է: Եթե իմ այս մտքերի հետ իմ հարգարժան մրցակիցը համամիտ չէ, ես նրան հրավիրում եմ բաց հեռուստաբանավեճի:

Մենք պետք է ընտրության հնարավորություն տանք ժողովրդին՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ: Պատկերացնո՞ւմ եք՝ ժողովուրդը ունենա մեկ թեկնածու եւ ընտրելու հնարավորությունից զրկված լինի, վաղը մենք ժողովրդի մոտ ժողովրդավարությունից ենք խոսելու, չի՞ ասի՝ ինչո՞ւ մեզ այլընտրանք չեք թողել, եթե մեկ թեկնածու եք թողել, ի՞նչ իմաստ ունի մեր մասնակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել