Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարտ 16,2007 00:00

\"\"Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները, որոնց մասնակցում են, համապատասխանաբար, 5 եւ 3 թիմեր: Տղամարդկանց մեջ հաղթողի կոչումը վիճարկում են հանրապետության գործող չեմպիոն «Բանկային Արքան», «Շախմատի ակադեմիան», ՖԻՄԱ-ն, «Հրազդանը» եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի հավաքականը, իսկ կանանց մեջ՝ Եվրոպայի չեմպիոն «Միկա-Երեւանը», «Գյումրին» եւ «Շախմատի ակադեմիան»:

Անկասկած, հաղթողի գլխավոր հավակնորդ համարվում են «Բանկային Արքան», որի կազմում են Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Ռաֆայել Վահանյանը եւ «Միկա-Երեւանը»՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մայա Չիբուրդանիձե, Նինո Խուրցիձե կազմով:

Երեկ տղամարդիկ անցկացրին երրորդ տուրի հանդիպումները: «Բանկային Արքան» երեկ հանգստանում էր, քանի որ մասնակից ակումբների թիվը կենտ է: Մեկնաբանելով տղամարդկանց առաջնության ընթացքը, գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Անուշավան Առաքելյանը «Առավոտին» ասաց. «Բանկային Արքան» մեկնարկային տուրում 4:2 հաշվով հաղթել է ՖԻՄԱ-ին, այնուհետեւ՝ Ագրարային համալսարանին՝ 5:1 եւ ստանձնել միանձնյա առաջատարի դերը: Հարյուր տոկոսանոց արդյունք են ցույց տվել գրոսմայստերներ Սմբատ Լպուտյանը, Ռաֆայել Վահանյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Կարեն Ասրյանը երկու տուրում վաստակել է 1,5 միավոր, Աշոտ Անաստասյանը խաղատախտակի առջեւ նստել է մեկ անգամ ու հաղթել մրցակցին, Արտաշես Մինասյանը մեկ պարտիա ավարտել է ոչ-ոքի եւ մեկում պարտվել է, իսկ ահա Տիգրան Քոթանջյանը մասնակցել է մեկ հանդիպման ու տանուլ է տվել: Այսօր, չորրորդ տուրում «Բանկային Արքան» ուժերը չափելու է «Հրազդանի» հետ»:

Կանայք պայքարը սկսեցին երեկ: Հանդիպեցին «Գյումրի» եւ «Շախմատային ակադեմիա» ակումբները: Եվրոպայի չեմպիոն «Միկա-Երեւանը» մեկնարկային տուրում ազատ էր պայքարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել