Նրանք հայտարարեցին, որ գրանտների ակնկալիք չունեն, ուստի համառորեն պայքարելու են կեղծիքների դեմ:
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մամուլի ասուլիս էր հրավիրել Ընդդիմադիր երիտասարդական խորհուրդը: Ասուլիսի թեման էր՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղական դիտորդական կազմակերպությունների կատարած աշխատանքի անաչառությունը: Նշենք, որ ընդդիմադիր երիտասարդական խորհրդի կազմը, որտեղ ընդգրկված են «Հնչակյան» կուսակցության, ԱԺԴ-ի, ՀԺԿ-ի, «Հանրապետության», «Օրենքի ուժ» հ/կ-ի եւ այլ ուժերի երիտասարդները, դեռ շարունակում է ընդլայնվել:
Երեկվա ասուլիսում Ընդդիմադիր երիտասարդական խորհրդի անդամները սպառնացին, որ առաջիկա ընտրությունների ժամանակ առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու տեղական դիտորդական կազմակերպությունների կատարած աշխատանքին: Նրանք նշեցին, որ տեղական դիտորդական առաքելությունն իրականացնող կառույցների կատարած աշխատանքի մասին իրազեկելու են այն միջազգային կազմակերպություններին, որոնցից տեղական դիտորդական կազմակերպությունները գումարներ են ստացել: Երիտասարդները կարծում են, որ տեղական դիտորդական կառույցների դերը առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծ է, իսկ ընտրությունների թափանցիկությունը ինչ-որ չափով կախված է նաեւ նրանց օբյեկտիվ ու պրոֆեսիոնալ գործունեությունից:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանը փաստեց, որ որոշ տեղական դիտորդներ սուբյեկտիվ գնահատական էին տվել սահմանադրական հանրաքվեի անցկացմանն ու ուղղակիորեն խեղաթյուրել փաստերը: «Եթե տվյալ կազմակերպությունները ներկայացնող դիտորդները լինեին պրոֆեսիոնալներ եւ ունենային տվյալների այն բազան, որով հնարավոր էր գրագետ իրականացնել դիտորդական առաքելությունը, ապա գնահատականներում ավելի օբյեկտիվ կլինեին: Օրինակ, «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունն իր զեկույցում օբյեկտիվ գնահատական է տվել նախորդ ընտրություններին: Երբ 2005թ. նոյեմբերի 27-ին մեկնեցի Վարդենիսի տարածաշրջան՝ հետաքրքիր փաստերի ականատես եղա: Տեղի «Ընտրությունը քոնն է» կազմակերպության եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչները անգամ չգիտեին, թե իրենք ինչ կազմակերպություն են ներկայացնում: Նրանցից շատերը նույնիսկ իրենց բեյջերին գրվածն էին զլացել կարդալ: Պարզ էր, որ մարդկանց որոշակի գումարով բերել էին ընտրատեղամասեր՝ պարզապես դիտորդի քանակի խնդիրը լուծելու համար»,- նշեց «Սարգիս Տխրունու» ատենապետը: Ն. Գալստյանը հայտարարեց, որ Ընդդիմադիր երիտասարդների խորհրդի կազմը՝ քաղաքական կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները, անաչառ են աշխատելու, քանի որ «մենք որեւէ մեկից գրանտ ստանալու խնդիր չունենք»:
ՀԺԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի կարծիքով, ընտրություններին հետեւելն իրենց սուրբ գործն է: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սարգիս Լեւոնյանը նշեց, որ այն կուսակցությունները, որոնք ընտրությունների ժամանակ կունենան իրենց վստահված անձինք, ոչ միայն ակնդետ կհետեւեն ընտրությունների ընթացքին, այլեւ դիտորդների վարքագծին, ինչը կարձանագրվի իրենց զեկույցներում՝ միջազգային կազմակերպություններին ներկայացնելու համար: