Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցը՝ կռվախնձոր

Մարտ 16,2007 00:00

Դպրոցի տնօրենը դատարանով վերականգնվել է իր պաշտոնում, բայց չի կարողանում անցնել աշխատանքի:

Շիրակի մարզի Հողմիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռազմիկ Խաչատրյանը 4 ամիս է՝ չի կարողանում անցնել իր պարտականությունների կատարմանը: Նախկին տնօրեն Արմենուհի Աղեկյանը հրաժարվում է հանձնել դպրոցի կնիքն ու պաշտոնական փաստաթղթերը: «Ինձ հետ պայմանագիրը 3 տարով է կնքվել: Դրա մեջ չկա այնպիսի մի կետ, որ եթե ինչ-որ մեկը դատարանի վճռով վերականգնվի տնօրենի պաշտոնում՝ ես պիտի աշխատանքից ազատվեմ»,- ասում է Ա. Աղեկյանը: Ռ. Խաչատրյանը Հողմիկի դպրոցի տնօրեն է նշանակվել 2004թ.: Մինչ այդ, նույն պաշտոնը նա զբաղեցրել է նաեւ 1970-89թթ.: Անցյալ տարվա մարտին Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի հրամանով նա ազատվել է աշխատանքից: Հրամանն անվավեր ճանաչելու հայցով Ռ. Խաչատրյանը դիմել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, որն էլ հայցը մերժել է: Վերաքննիչ դատարանում Ռ. Խաչատրյանի բողոքը բավարարվել է: Այն իր հերթին Վճռաբեկ դատարանում բողոքարկել է մարզպետը:

Վերջինիս բողոքը վերադարձվել է՝ անհիմն լինելու եւ օրենքի պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Ուստի մարզպետը 2006թ. նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել Ա. Աղեկյանին ազատել, իսկ Ռ. Խաչատրյանին վերականգնել դպրոցի տնօրենի պաշտոնում: Ռ. Խաչատրյանը պատմում է, որ դրանից մի քանի օր անց ինքը գյուղապետի հետ գնացել է դպրոց, բայց Ա. Աղեկյանը դիրքերը չի զիջել: Այս մասին, մարզի Կրթության վարչությունից բացի, Ռ. Խաչատրյանը տեղյակ է պահել նաեւ մարզպետին, մարզի դատախազությանը եւ Դատական ակտերի հարկադիր կատարողներին (ԴԱՀԿ): «Հարկադիրներն ասում են՝ մենք մեր գործն արել ենք. դիմել ենք մարզպետին, որ որոշում կայացնի: Այնինչ՝ մարզպետը դրանից առաջ էր որոշումը կայացրել,- նշում է Ռ. Խաչատրյանն ու շարունակում,- ասում են՝ եթե կնիքը չի տալիս, դիմեք դատարան այն բռնագանձելու պահանջով: Հիմա ի՞նչ, ամեն մի փաստաթուղթ բռնագանձելու պահանջով պիտի դիմեմ դատարա՞ն: Չէ՞ որ դատարանն արդեն վճիռը կայացրել է»: «Մենք մի քանի անգամ փորձել ենք ընդունման-հանձնման գործընթացն իրականացնել, բայց մանկավարժական կոլեկտիվը դեմ է: Դպրոցի 16 ուսուցչից 15-ը ստորագրել է, թե Ռ. Խաչատրյանի հետ ոչ մի դեպքում չի աշխատի, քանի որ լավ ծանոթ է խախտումներով աշխատելու նրա ոճին»,- ասում է մարզի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Վարդան Ասլանյանը:

Արմենուհի Աղեկյանի խոսքերով՝ հարցը կնիքը հանձնել-չհանձնելու մեջ չէ: «Գերխնդիրն այն է, որ մանկավարժները չեն ուզում Ռ. Խաչատրյանի հետ աշխատել: Եվ, ի տարբերություն նրա, ես ոչ թե նշանակված, այլ ընտրված տնօրեն եմ: Ուսուցչական կոլեկտիվի կողմից միաձայն ընտրվելուց հետո է միայն մարզպետը նշանակել ինձ այս պաշտոնում: Ու մանկավարժների առջեւ ես պարտավորություններ ունեմ, չեմ կարող ոտնահարել նրանց իրավունքները»,- նշում է Ա. Աղեկյանը եւ ընդգծում, որ իր քայլերը ճիշտ են՝ եթե ոչ իրավական, ապա գոնե բարոյական տեսանկյունից:

Կրթության բաժնի պետ Վ. Ասլանյանն էլ շեշտում է, որ դատարանի վճռի եւ մարզպետի որոշման իրականացման հարցում ամենաշահագրգիռ կողմն իրենք են: Սակայն այս դեպքում, ըստ նրա, դպրոցում կխաթարվի կրթական գործընթացը, եւ առաջին հերթին կտուժեն 120 աշակերտները: «Բացի այդ, այժմյան տնօրենը Ռ. Խաչատրյանի կողմից կատարված խախտումներ, զեղծարարություններ է հայտնաբերել եւ նյութերը հանձնել է դատախազություն: Որքան գիտենք՝ քրեական գործ է հարուցվում եւ գործը մտնելու է դատարան»,- ասում է նա:

«Ինձ ուզում են մեղադրել ինչ-որ մարդկանց աշխատավարձը, թե աշխատավարձի կեսը վերցնելու մեջ, այն դեպքում, երբ ես 2005-ին 240 000 դրամ բյուջեի տնտեսում եմ կատարել, մարել եմ նախորդ տնօրենից ժառանգած՝ դպրոցի ունեցած 500 000 դրամի պարտքը,- ասում է Ռ. Խաչատրյանը եւ հավելում,- այդ մարդիկ, որոնց գումարը, իբր թե, վերցրել եմ, հասարակ գյուղացիներ են ու ոչ մի բողոք չեն ունեցել: Եթե նման բան լիներ՝ ժամանակին կդիմեին: Հիմա նրանց քառակի, հնգակի հարցաքննելով՝ փորձում են հակասություններ գտնել եւ գործին որակ հաղորդել: Բայց հո մենակ քրեական գործ հարուցելո՞վ չի. այդ ամենը պետք է ապացուցվի, չէ՞»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել