Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ «ՆԻԳ ԱՊԱՐԱՆԻ» ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

Մարտ 16,2007 00:00

\"\"Ասում է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության 3-րդ համարը՝ այժմ անկուսակցական, իսկ նախկինում՝ «Ազգային միաբանության» անդամ Աղասի Արշակյանը, որն առաջադրված է նաեւ 6-րդ ընտրատարածքում:

– Դո՞ւք էլ միացաք այն գործիչներին, որոնք ցուցակում հետին տեղեր գրավելու պատճառով մեկ օրում հրաժարվեցին իրենց կուսակցությունից, դավանած գաղափարախոսությունից ու ընկերներից եւ արագորեն հայտնվեցին մեկ այլ ուժի ցուցակում:

– Մի քիչ տհաճությամբ կպատասխանեմ այն հարցերին, որոնք վերաբերում է «Ազգային միաբանությունից» իմ հեռանալուն կամ ուղղակի չեմ պատասխանի, քանի որ դաստիարակությունս այդպիսին է՝ չեմ կարող պղծել այն ակունքը, որից ջուր եմ խմել: Եվ չեմ ուզում, որ ինձ համեմատեն ուրիշ գործիչների հետ. ես երբե՛ք չեմ որդեգրի նրանց վարքագիծը, ինչքան էլ իմ նկատմամբ անարդար վարված լինեն ընկերներս: Ճիշտ է, ինձ համար այս տարիքում շատ դժվար է այսպես «փաթեթով» կորցնելը ընկերներ, որոնց նվիրել ես քաղաքական կենսագրության 40 տոկոսը: Իմ կարծիքով, ես մինչեւ վերջ եմ ազնիվ եղել հարաբերությունների մեջ: «Ազգային միաբանության» շարքերն եմ ընդգրկվել կուսակցության համար դժվար օրերին: Եվ մի՞թե պակաս եմ Գառնիկ Իսագուլյանի, Հմայակի կամ մի շարք թերթերի ոտնձգություններից պաշտպանել կուսակցության հեղինակությունը՝ դա անելով իմ արժանապատվության եզրին հասնելու հաշվին:

Չունեմ պատասխանը, թե ինչպես եղավ, որ ես այդքան հետ մղվեցի (Աղասի Արշակյանը ԱՄ ցուցակում 21-րդն էր.- Ա. Ի.): Ես պարզապես մի քիչ ցավ եմ ապրել, բայց առանց չարություն պահելու, որ ցուցակը կազմելու հավաքի ժամանակ չի գտնվել մեկը, որը կտար այս հարցերը, ու նաեւ նրա համար, որ ինձ համար ճակատագրական պահին՝ սրտի ծանր վիրահատությունից հետո, 6-րդ օրը ես նոր իմացա դա: Այնտեղ մարդիկ կան, որ ցուցակում մի համար առաջ ընկնելու համար կռիվ են արել, պահանջներ ներկայացրել, վատ վիճակի մեջ դրել ԱՄ նախագահին: Ինքս երբեք տեղի համար կռիվ չեմ տվել, ու թերեւս Արտաշես Գեղամյանը հաշվի էր առել նախկինում իմ դրսեւորած համեստությունը կամ միգուցե՝ իրոք համոզված է, թե իրոք 21 պատգամավոր է ունենալու, ուստի այդ տեղն էլ է անցողիկ: Բայց ես չպիտի լինեի այդ տեղում: Խնդրեցի ընկերներիս, թե իրենց շահերից էլ դա չի բխում՝ թող ինձ ընդհանրապես հանեն այդ ցուցակից: Երեկոյան հեռուստատեսությամբ իմացա, որ նույն ձեւով են արդեն ներկայացրել, ու մյուս օրը դիմում ուղարկեցի: Ժամեր անց Մանուկ Գասպարյանը, որ չգիտես որտեղից իմացել էր՝ արեց այս առաջարկությունը: Մեր համատեղ աշխատանքն այժմ լավ է ընթանում: Ես նրանց էլ եմ հաջողություն ցանկանում՝ Աստված իրենց հետ:

– Աջափնյակի 6-րդ ընտրատարածքում, ուր առաջադրել եք Ձեր թեկնածությունը՝ բավական հետաքրքիր պատկեր է: Դուք «Նիգ Ապարան» միության խորհրդի անդամ եք, թեկնածուներից մեկը՝ Տիգրան Պետրոսյանը, «Նիգ Ապարանի» փոխնախագահն է: Սակայն ենթադրելի է, թե «Նիգ Ապարանի» խորհրդի անդամ, Աջափնյակի համայնքապետ Ռուբեն Հովսեփյանը պիտի պաշտպանի ՀՀԿ առաջադրած թեկնածուին՝ Հարություն Փամբուկյանին, քանի որ Ռուբեն Հովսեփյանը եւս ՀՀԿ ցուցակում է:

– Ես ակնկալում եմ «Նիգ Ապարանի» աջակցությունը, որի իրավունքը վաստակել եմ: Կարծում եմ, որ այդ աջակցությունն ունենալու պարագայում ես անխոս կհաղթեմ, հիմնվելով այն պատմության եւ կենսագրության վրա, որն ունի մեր միությունը: «Նիգ Ապարանը», նաեւ իմ համեստ մասնակցությամբ, մինչ այժմ աջակցել է 3 քաղաքապետի, 3 թաղապետի, ԱԺ պատգամավորության 3 թեկնածուների եւ բազմաթիվ գյուղապետերի՝ բոլորն էլ ընտրվել են: Կարծում եմ, թե առաջին հերթին հենց «Նիգ Ապարանի» շահերից է բխում ինձ պաշտպանելը: Այլապես մեր բազմաթիվ հայրենակիցներ չեն հասկանա, թե ինչպես պատահեց, որ «Նիգ Ապարանը» չի պաշտպանում Աղասի Արշակյանին ու «կանաչ լույս» է վառում Հարություն Փամբուկյանի առջեւ: Հարգելով նրան՝ ասեմ նաեւ, որ մենք ապարանցիներով նրան մի անգամ «պռախոդ» տվել ենք. 1999-ին ես եւ իմ եւս 3 հայրենակիցներ իրար դեմ մրցակցեցինք, եւ բոլորս միասին հավաքեցինք 3 անգամ ավելի շատ ձայն, քան ստացավ Հարություն Փամբուկյանը, բայց նա դարձավ պատգամավոր: 2003-ին ընտրատարածքային հանձնաժողովն ինձ խայտառակ հիմքով դուրս թողեց ընտրապայքարից, թե իբր թաքցրել եմ իմ համասեփականությունը հանդիսացող 7 քմ բնակմակերեսը, որը հորս սեփականությունն է: Հիմա ճիշտ ժամանակն է, որ այս անգամ ապահովեմ արժանապատիվ մրցակցություն: Եթե «Նիգ Ապարանն» ինձ չօգնի էլ՝ էլի՛ չեմ նեղանա: Երբ Մանուկ Գասպարյանն Աջափնյակի համայնքապետի ընտրություններում պաշտպանում էր իր կուսակից թեկնածուին՝ ողջ «Նիգ Ապարանն» այդ ժամանակ աջակցում էր մեկ այլ թեկնածուի: Եվ Մանուկ Գասպարյանի թեկնածուն հավաքեց 2,5 հազար ձայն: Մենք երկուսով, բնական է, որ կանենք ավելին:

– Դուք անընդհատ խոսում եք «Նիգ Ապարանի» աջակցության մասին: Բայց ի վերջո՝ դա հայրենակցական կազմակերպություն է, որը դե յուրե իրավասու չէ դերակատարություն ունենալ քաղաքական գործընթացներում:

– Բազմիցս ասել եմ, թե ես էլ եմ դեմ, որ հայրենակցական միությունները ներգրավվեն ակտիվ քաղաքականության մեջ: Բայց եթե հ/մ-ների մասնակցությունը դարձրել են պետական քաղաքականության մաս, եւ ասենք՝ «Վիրահայերի միասնությունը», «Ջավախք» հայրենակցական միությունը եւ մյուսները հրապարակավ անընդհատ ազդարարում են ՀՀԿ-ին իրենց աջակցելու մասին՝ «Նիգ Ապարանի» ինձ չպաշտպանելն անհասկանալի կլինի հենց մեր հայրենակցական միության անդամների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել