Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՆԻՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՎԵՐԱԾՆՎԻ

Մարտ 15,2007 00:00

 \"\"Վստահեցնում է հանրապետության թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը

– Պարոն Փամբուկյան, մրցաշրջան 2007-ը նախորդներից էականորեն տարբերվելու է թե՛ անցկացվելիք մրցումների քանակի եւ թե՛ մակարդակի առումով: Ի՞նչ է նախատեսվում եւ այդ աշխուժացումն ինչո՞վ է բացատրվում:

– Իսկապես: 2007-ին կազմակերպվելիք զանազան մրցաշարերը թենիսի ֆեդերացիայի առօրյան դարձնելու են անհամեմատ հագեցած: Ավանդական մրցումներին, որ անցկացվում են ամեն տարի, ավելանում են նորերը, որոնք առաջին անգամ են կազմակերպվելու Հայաստանում: Դրանցից են միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվելիք տղամարդկանց եւ կանանց վարկանիշային մրցաշարերը, որի մրցանակային ֆոնդը $40 հազար է, օգոստոսին Երեւանում կայանալիք Դեւիսի գավաթի միջփնջային մրցաշարը, որը համարվում է աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն: Հայաստանում այդ պատվավոր մրցանակի համար կպայքարեն Մալթայի, Անդորրայի, Ուգանդայի, Ռուանդայի, Ադրբեջանի եւ այլ երկրների հավաքականներ: Ընդհանուր առմամբ Հայաստան կժամանեն 11 երկրների լավագույն թենիսիստներ: Առայժմ հայտնի չէ՝ Ադրբեջանը կգա՞, թե՞ ոչ, բայց մենք պատրաստվում ենք բոլորին էլ պատշաճ մակարդակով հյուրընկալել: Այնպես որ, սկսած մայիս ամսից մինչեւ տարեվերջ՝ մրցումները հաջորդելու են միմյանց: Նման բան երբեք չի եղել: Կարծում եմ, որ այդ մրցումները շատ մեծ դեր կխաղան մարզաձեւը հանրապետությունում ավելի մասսայականացնելու առումով: Իսկ միջազգային մրցումների թվաքանակի ավելացումը Հայաստանում հնարավոր դարձավ «Master Class» ակումբում ժամանակակից միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող մարզաբազան շահագործելով:

– Որքան տեղյակ եմ, «Master Class» ակումբի բազան դուք ձեր անձնական միջոցներով եք հիմնանորոգել: Եթե գաղտնիք չէ՝ որքա՞ն գումար է ծախսվել:

– Աշխատանքները դեռ չեն ավարտվել: Բայց առայսօր ծախսվել է մի քանի միլիոն դոլար:

– Ցանկացած մարզաձեւ զարգանում է նախ եւ առաջ համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայության դեպքում: «Master Class»-ի բացօթյա եւ ծածկած կորտերը շարք մտնելուց հետո թենիսով զբաղվել ցանկացողների հոսքի աճ կա՞:

– Անշուշտ: Եթե անցած տարվա ապրիլին այս մարզաբազայում մարզվում էր 60 երեխա, տարեվերջին նրանց թիվը հասել էր 450-ի: Որքան տեղյակ եմ, ակումբի ղեկավարությունը մտադիր է այդ թիվը հասցնել 800-ի: Դրանից ավելի՝ բազան ֆիզիկապես ի վիճակի չէ: Բայց, կրկնում եմ, այս թվերը վերաբերում են միայն մշտապես մարզվող երեխաներին:

– Բայց, միեւնույն է, մասսայականությունն այն չէ:

– Ամբողջ Հայաստանում այսօրվա դրությամբ գործում են միայն «Master Class» եւ «Արարատ» թենիսի ակումբները: Փորձում ենք վերակենդանացնել Ֆիզիկայի ինստիտուտի ակումբը, որը երկար տարիներ չի գործում: Բայց խնդիրն այն է, որ այս երեքն էլ գտնվում են Երեւանում: Թենիսը, որպես մարզաձեւ, մայրաքաղաքից դուրս, ըստ էության, գոյություն չունի: Անհրաժեշտ է, որպեսզի մյուս քաղաքներում ու մարզերում էլ տեղական ինքնակառավարման մարմինները հոգատար լինեն այս գեղեցիկ մարզաձեւի հանդեպ, գտնվեն գործարար մարդիկ, ովքեր միջոցներ ներդնելով՝ կնպաստեն մարզաձեւի տարածմանն ու զարգացմանը: Փոխհատուցում անպայման կլինի:

– Կարծում եմ, մարզաձեւի պատշաճ պրոպագանդան է պակաս եղել: Եվ ուրախալի է, որ ֆեդերացիայի մամուլի նորանշանակ խոսնակ Արեւիկ Ուդումյանը այդ բացը լրացնելու քայլեր է ձեռնարկում:

– Թերեւս ճիշտ եք: Ես կարեւորություն չեմ տվել իմ եւ ֆեդերացիայի կատարած աշխատանքները լրատվամիջոցների միջոցով հասարակությանը ներկայացնելուն: Բավարարվել եմ միայն արվածից հաճույք ստանալով: Բայց, երեւում է, դա ճիշտ չէ: ԶԼՄ-ները, իրոք, շատ մեծ դեր են կատարում ցանկացած մարզաձեւի տարածման ու զարգացման գործում: Եվ հաշվի առնելով, որ 2007 թվականը մեզ համար բավականաչափ լուրջ ու պատասխանատու տարի է, նպատակ ունենք այդ բացը լրացնել: Օրերս լրագրողների համար կազմակերպված թենիսի անվճար դասընթացն էլ այդ ուղղությամբ կատարված առաջին քայլը համարեք: Հույս ունենք՝ ձեր մեծ բանակն ավելի սիրեց մեր մարզաձեւը, իսկ մի մասը, դառնալով թենիսի նվիրյալ, մեր միջոցառումներն ավելի հաճախակի լուսաբանելով կնպաստի ազգաբնակչությանը, հատկապես պատանիներին ու երիտասարդներին, մարզաձեւում ներգրավելուն: Դա եւ առողջություն է, եւ վարպետության բարձրացման նախապայման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել