Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ները կհամախմբվեն ընդհանուր գաղափարի շուրջ

Մարտ 15,2007 00:00

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Ժուռնալիստական էթիկան որպես որակյալ լրատվամիջոցների հիմք» խորագրով սեմինարը, որ կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը:

Միջոցառմանը մասնակցում էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինը, ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի ավագ խորհրդատու Ալեքսանդր Բոլդիրեւը, ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը եւ այլք:

Սեմինարի ընթացքում, որը վարում էր ՀԺՄ նախագահ Աստղիկ Գեււորգյանը, արտահայտվեցին ԶԼՄ-ների պատասխանատվության, ինքնակարգավորման եւ այլնի մասին կարծիքներ: Վ. Պրյախինը ողջունեց Դիտորդ մարմնի ստեղծումն ու նրանում ընդգրկված ԶԼՄ-ներին եւ կազմակերպություններին, որոնք զբաղվելու են լրագրողական Վարքականոնի խախտումներին առնչվող դիմում-բողոքների քննարկմամբ ու համապատասխան եզրակացություն կայացնելով: Իսկ Ա. Բոլդիրեւը նշեց, որ ինքնակարգավորումը ժուռնալիստական էթիկայում անհրաժեշտ է ոչ միայն լրագրողի, այլեւ հասարակության ու ընթերցողի համար. «Լրագրողը պետք է զգոն լինի: Անկախ նրանից, թե ինչ ոլորտի հոդված կամ սյուժե է պատրաստվել, նա պետք է պահպանի էթիկայի նորմերը»: Նա նաեւ հավելեց. «Գոյություն ունեն ինքնակարգավորման մասին տարբեր տեսակետներ, նայած լրագրողը հատկապես ինչն է համարում ինքնակարգավորում»: ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրեն Վ. Պրյախինը նշեց, որ լրագրողական սխալներն ընդունելն էլ է ինքնակարգավորման մի ձեւ: ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանն էլ փաստեց, որ վերջին շրջանում մոդայիկ է դարձել մամուլում կոռուպցիայի մասին խոսելը. «Չէի ցանկանա, որ այդ ֆոնի վրա որոշ ԶԼՄ-ներ, ինչ-ինչ նպատակներ հետապնդելով, տգետին՝ խելացի կամ սեւը՝ սպիտակ ներկայացնեն»:

«Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն ասաց, որ մամուլի ինքնակառավարման հարցերով սկսել են զբաղվել դեռեււս 1990-ականների վերջերից. «Բազմաթիվ քննարկումներ են եղել, բայց այդ տարիներին մենք վախենում էինք քայլ անել»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը բողոքեց, թե չի հավատում հայաստանյան ԶԼՄ-ների՝ միեւնույն գաղափարի շուրջը համախմբվելուն. «Ես մեր ԶԼՄ-ների վաղվա օրվան չեմ հավատում, որովհետեւ ոչ մեկին էլ ձեռնտու չէ ընդհանուր խաղի կանոններին հետեւելը: Հայաստանյան ԶԼՄ-ները քաղաքականացված են, էթիկայի նորմերը՝ անտեսված»: Նա օրինակ բերելով մեր թերթը, ասաց. «Այսօրվա «Առավոտն» ունի Էթիկայի կանոնագիրք, ինչը բացակայում էր նախկին «Առավոտում»: Եթե նախկինը համեմատենք այժմյանի հետ, մեծ տարբերություն կզգանք»: Պրն Անանյանը, սակայն, չմանրամասնեց, թե որոնք են այդ տարբերությունները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031