Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՈԴԵԼԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԿԱՇԱՌՔ ՉԿԱ»

Մարտ 15,2007 00:00

\"\"Հավաստիացնում է այս տարվա փետրվարին Մարոկկոյում կայացած «Էլիտ մոդել լուք» մրցույթի մասնակից
Արփի Վանյանը:

2006թ. Հայաստանը եւս իրավունք ստացավ մեր երկրում անցկացնել աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը՝ «Էլիտ մոդել լուքը»: Մոդելային բիզնեսը սպասարկող «Էլիտ մոդել լուքի» գրասենյակներ կան շուրջ 35 երկրում: Հայաստանյան գործակալության գրասենյակը ղեկավարում է «Վիցե միսս Եվրոպա» Լուսինե Թովմասյանը: Հիշեցնենք, որ առաջին հայաստանյան մրցույթը կայացավ 2006թ. սեպտեմբերին եւ լավագույն մոդել ճանաչվեց Արփինե Աթոյանը, որը երկու ամիս հետո Հայաստանը պետք է ներկայացներ Թաիլանդում կայանալիք եզրափակիչոււմ: Այդ երկրում տեղի ունեցող քաղաքական բախումների պատճառով մրցույթը հետաձգվեց եւ կայացավ մեկ այլ երկրում՝ Մարոկկոյում՝ 2007թ. փետրվարի 10-ին: Մեր երկիրն էլ ներկայացրեց ոչ թե հայաստանյան մրցույթի առաջին մրցանակակիր Ա. Աթոյանը, այլ երկրորդ մրցանակակիրը՝ Արփի Վանյանը: Վերջինիս չհաջողվեց գրավել «Էլիտ մոդել լուք» մրցույթի ժյուրիի համակրանքը եւ ձեռնունայն վերադարձավ հայրենիք:

«Առավոտի» հետ զրույցում հայ մոդելը հայտնեց, որ հայաստանյան փուլի հաղթող Ա. Աթոյանը Մարոկկո չի մեկնել զուտ տարիքային պահանջներին չհամապատասխանելու պատճառով. «Եթե մրցույթը կայանար 2006թ. նոյեմբերին, ինչպես նախատեսված էր, Արփինեի 21 տարին լրացած չէր լինի: Իսկ միջազգային մրցույթում կա տարիքային սահմանափակում՝ մասնակցության իրավունք ունեն միայն 16-21 տարեկան մոդելները»: Ժամանակին BBC-ով եթեր արձակված մի ռեպորտաժում «Էլիտ մոդել լուքի» կենտրոնական գրասենյակի ղեկավարներից մեկը մեղադրվել էր մոդելների ապօրինի հավաքագրման ու սեռական շահագործման մեջ: Հայ մոդելից հետաքրքրվեցինք՝ «կասկածելի» դրսեւորումներ նկատե՞լ է մոդելների եւ «Էլիտ մոդել լուք-Մարոկկո» մրցույթի կազմակերպիչների շփումներում: Ա. Վանյանը բացասական պատասխան տվեց: «Մասնակիցներս ապրում էինք առանձին հյուրանոցում: Մրցույթի հետ չառնչվող անձինք իրավունք չունեին մուտք գործել հյուրանոց, ներկա լինել մեր պարապմունքներին: Շփումը միայն վարսահարդարների, խորեոգրաֆների եւ մյուս մասնագետների հետ էր: Մրցույթից օրեր առաջ ենք շփվել ժյուրիի անդամների հետ, սակայն չենք իմացել նրանց ով լինելը»,- հայտնեց նա: «Առավոտի» հարցին, որ մոդելային շուկան Հայաստանում դեռեւս ձեւավորման փուլում է, իսկ դա նշանակում է, որ հայ մոդելները մեր երկրում իրենց լիարժեք «իրացնելու» հնարավորություն չունեն, ուրեմն գումար վաստակելու համար ուրիշ ո՞ր ոլորտներում են աշխատում, Արփին պատասխանեց. «Երբեմն մասնակցում եմ հայաստանյան նորաձեւության ցուցադրությունների: Երկու տարվա պայմանագիր եմ կնքել «Էլիտ մոդել լուք» հայաստանյան գրասենյակի հետ, հետեւաբար յուրաքանչյուր քայլս պետք է համաձայնեցված լինի վերջինիս հետ: Ինչ վերաբերում է վարձատրությանը, ասեմ, որ համաշխարհային մոդելային շուկայում հստակ աշխատավարձ, որպես այդպիսին, գոյություն չունի: Այն կախված է ցուցադրության ոճից, փորձերի քանակից ու ներկայացվող հագուստների թվից»: Այնուամենայնիվ, որքա՞ն է հայ մոդելի ամենացածր հոնորարը: Մեր զրուցակիցն ասաց, որ այն սկսվում է 200 եվրոյից:

Դիտարկմանը, որ նման մրցույթներում ոչ միայն հաղթելու, այլեւ խայտառակվելու փորձ ունենք (օրինակ՝ 2005թ. Չինաստանում կազմակերպված «Միսս միջմայրցամաքային» մրցույթում Անուշ Գրիգորյանը Գեղեցկության միջազգային կազմակերպության կողմից պաշտոնապես որակազրկվեց, որովհետեւ ժյուրիի անդամներին «բռնացրել» էին հայ մասնակցի օգտին կաշառք վերցնելիս), այս առիթով էլ Արփի Վանյանն ասաց. «Գեղեցկուհին, ի տարբերություն մոդելի, երկիր է ներկայացնում, դրա համար էլ գեղեցկության մրցույթում չի բացառվում կաշառքը՝ հօգուտ այս կամ այն երկրի: Մոդելային մրցույթներում վիճակն այլ է, այսօր կարող ես գովազդել հայաստանյան, վաղը՝ ամերիկյան, հաջորդ անգամ էլ՝ այլ երկրի բրենդ: «Էլիտ մոդել լուքի» ժյուրիի անդամը շահագրգիռ է լավ մոդելների ընտրությամբ, որպեսզի նրանց միջոցով փող աշխատի հետագայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել