Շիրակցի գյուղապետերը համայնքի բյուջեի ու ավագանու որոշումները տրամադրելու փոխարեն՝ պատրաստ են գառ պատիվ տալով պրծնել:
Մոտ մեկ ամիս առաջ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դատի էր տվել այն գյուղապետերին, ովքեր խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը՝ հրաժարվել էին «Ասպարեզին» տրամադրել 2005-2006թթ. ավագանու որոշումներն ու 2006թ. բյուջեի մասին տեղեկատվություն: Օրերս «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ ամփոփելով դատական պրոցեսի արդյունքները, հավաստիացրեց, որ մեղադրյալի աթոռին հայտնվելն անգամ դաս չի եղել գյուղապետերի մեծ մասի համար: Մարզի 119 համայնքներից 36-ի գյուղապետերն ընդհանրապես չեն արձագանքել «Ասպարեզի» հարցումներին, իսկ տեղեկատվություն չտրամադրելու համար արդեն դատված երկու՝ Ողջիի ու Ամասիայի գյուղապետերն անտեսել են անգամ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռները: Որոշ գյուղապետեր էլ, ինչպես պատմում էր Լեւոն Բարսեղյանը, իրեն շշպռել են, թե «ամոթ է, ամոթ, մի գառ չէր եղածը՝ կգայիք կուտեիք- կպրծնեիք, դատի տալս ո՞րն էր»:
Դատված գյուղապետերից մեկն էլ, ընդհանրապես մոռանալով իրենից պահանջվող փաստաթղթերի գոյության մասին, 24 հազար դրամ պետական տուրքը մուծել է՝ կարծելով, որ «Ասպարեզի» բերանը սրանով կփակի: «Ձեզանից պրծանք, չէ՞»,- ինքն իրենից գոհ հարցրել է նա: «Պատկերացնու՞մ եք, մարդը դեռ չի հասկացել, թե ինչի՞ համար է ինքը դատվել»,- զարմացած է «Ասպարեզի» նախագահը: Որոշ գյուղապետեր էլ, օրինակ՝ Ամասիայի, Լուսաղբյուրի, մինչեւ հիմա էլ համոզված են, որ ոչ ոք, բացի գյուղապետարանի աշխատողներից, իրավունք չունի ավագանու որոշումներին ծանոթանալ: Լուսաղբյուրի գյուղապետ Սամսոն Բարսեղյանն անգամ դատարանում հայտարարել է, որ «այդ փաստաթղթերը գյուղապետարանից դուրս հանելու մասին կառավարությունից թույլտվություն չունի»: Այսինքն՝ նման տարրական տեղեկատվություն տրամադրելու համար գյուղապետերը սպասում են կառավարության «դաբրոյին»:
Թեեւ դատարանում այնպիսի տպավորություն էր, որ շիրակցի գյուղապետերն ընդհանրապես գաղափար չունեն իրենց պարտավորություններից ու օրենքներից, դրա համար էլ տեղեկատվություն չեն տրամադրել, սակայն, ըստ Լ. Բարսեղյանի՝ «Սա այն դեպքը չէ: Ես կարծում եմ, որ երկու պատճառ կա. կամ ավագանու որոշումները չկան՝ այն պարզ պատճառով, որ նիստեր չեն գումարվել, մի նիստը գումարվել է փետրվարին, հաջորդն էլ՝ հոկտեմբերին, կամ էլ գյուղապետերը մտահոգված են, որ այդ որոշումների մեջ այնպիսի մտքեր կան, որոնք հետագայում կարող են, այսպես ասած, իրենց դեմ աշխատել»:
Նկատենք, որ Շիրակի մարզպետարանն իր գյուղապետերի հետ կապված այս խնդրին ընդհանրապես չի խառնվում՝ մնալով «չեզոք» դիրքում: