Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԲԱՐՁՐԱՑԱՎ ԴՈԼԱՐԻ ԿՈՒՐՍԸ

Մարտ 15,2007 00:00

Համենայնդեպս, այս անգամ պատճառը տրանսֆերտները չեն

Վերջին երկու օրերին դոլարի փոխարժեքը մի քանի դրամով բարձրացել է: Երեկվա դրությամբ՝ փոխանակման կետերում 1 դոլարը վաճառվում էր 358 դրամով, մինչդեռ ընդամենը օրեր առաջ այդ թիվը 350 էր: Թե ինչն է փոխարժեքի նման կտրուկ փոփոխության պատճառը՝ տնտեսագետները դժվարանում են որեւէ տնտեսական գործոնով պայմանավորել՝ ավելի շատ կապելով քաղաքական դրդապատճառների հետ:

Դոլարի կուրսի հանկարծակի բարձրացումը որոշակի աժիոտաժ է ստեղծել հասարակության շրջանում, որովհետեւ նախորդ տարվա մայիսից սկսած՝ դոլարը միայն էժանանում էր ու որեւէ միտում չկար, որ մարտին կուրսն անսպասելի կբարձրանար: Ուստի մարդիկ տարակուսանքի մեջ են, չգիտեն՝ դոլարը կշարունակի՞ թանկանալ, մանրե՞լ այն, թե՞ առայժմ պահել:

Բանն այն է, որ մեր երկրում դոլարը վաղուց արդեն դադարել է դիտվել որպես համաշխարհային դրամ, այն դարձել է սովորական ապրանք, որի գնի մասին տեղյակ են միայն այդ ապրանքաշուկայի մասնակիցները: Ուստի «Առավոտի» հետ զրուցած տնտեսագետները դժվարանում էին որեւէ խորհուրդ տալ մարդկանց ու կանխատեսել՝ վաղը կամ մյուս օրը կուրսը ավելի՞ կբարձրանա, թե՞ նորից կիջնի, եթե փոխարժեքի փոփոխությունները համաշխարհային շուկայի ազդեցությամբ լինեին՝ կանխատեսում անելը, ըստ նրանց, ավելի հեշտ կլիներ: «Դոլարը դրել են ծիրանի տեղ, ցերեկը մի գին ա լինում, գիշերը՝ մեկ այլ գին, բայց դա հո խաղուպար չի, չի կարող իրական կուրսն այդքան արագ իջնել-բարձրանալ»,- մեզ հետ զրույցում բողոքեց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը:

Երեկ Կենտրոնական բանկը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ, թե ինչու է կուրսը նորից բարձրացել: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը նույնպես ձեռքերը լվաց այս խնդրից: Ընդհանրապես Հայաստանում չկա որեւէ գերատեսչություն, մարմին, որն իր վրա կվերցնի փոխարժեքի անսովոր «լողի» պատասխանատվությունը: Եթե որեւէ պաշտոնյա համաձայնում էլ էր իր կարծիքը հայտնել, թե ինչու վերջին օրերին անսպասելիորեն դոլարը թանկացավ՝ խնդրում էին չհրապարակել իրենց անունները:

Նկատենք, որ ԿԲ-ն նախկինում, երբ դոլարն սկսեց մեր երկրում էժանանալ, դա պայմանավորեց տրանսֆերտների աճով՝ բացատրելով, որ 2006-ի առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ տրանսֆերտներն աճել են 26 տոկոսով (տես «Առավոտ», 01.06.2006թ): Սակայն նկատենք, որ, ըստ ԿԲ-ի հրապարակած պաշտոնական տվյալների՝ տրանսֆերտների (մեր երկիր դրամական փոխանցումների) աճը չի դադարել, եւ այն, որ այսօր դոլարի կուրսն ավելի քան 5 դրամով բարձրացել է՝ արդեն չի կապվում տրանսֆերտների հետ: Այս անգամ դոլարի թանկացումը պաշտոնյաները պայմանավորում են զուտ շուկայական գործոնների հետ՝ ասելով, որ դոլարի նկատմամբ պահանջարկը մեծացել է եւ հենց այդ պատճառով էլ այն թանկացել է:

Ըստ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի՝ տեսականորեն հնարավոր է, որ դոլարի թանկացումը կապվի առաջարկ-պահանջարկի հետ, սակայն դա կլիներ այն դեպքում, երբ մեր երկրում փոխարժեքը պայմանավորված լիներ միայն տնտեսական գործոններով, ինչն այդպես չէ. «Մեր տնտեսությունում օրինաչափություններ չկան. տարեվերջին, երբ ամբողջ աշխարհում տոնական գնումների հետ կապված բոլոր ապրանքների գներն իջնում են, մեզ մոտ տոներին ճիշտ հակառակն է՝ գներն արհեստականորեն բարձրանում են: Հայաստանում փոխարժեքը կրում է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական գործոնների ազդեցությունը»: Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանովն էլ նախօրեին հրավիրած ասուլիսում դոլարի փոխարժեքի փոփոխությունը կապել էր ընտրությունների հետ՝ ասելով, որ «ոմանք նախկինում բավականին ցածր գնով դոլար են գնել ու հիմա կուրսը կամաց-կամաց բարձրացնում են, որ ընտրություններից առաջ լավ փող աշխատեն ու ընտրակաշառքը ձրի նստի նրանց վրա»: Թաթուլ Մանասերյանը նույնպես չբացառեց այս վարկածը՝ ասելով, որ «նախորդ խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ ընտրված պատգամավորները, բացառությամբ մեկ-երկու հոգու, օրինակ՝ ձեր խոնարհ ծառայի (նկատի ունի իրեն,- Հ. Ջ.) նախընտրական քարոզարշավի վրա մեծ փողեր են ծախսել, իսկ այդ փողերը չեն կարող ազդեցություն չունենալ կուրսի վրա: Հայաստանի տնտեսությունը խոցելի է եւ այն գումարները, որոնք Ռուսաստանի տնտեսությունում եղանակ չէին փոխի, մեր երկրում լուրջ վայրիվերումների տեղիք են տալիս»: Պարոն Մանասերյանն էլ համաձայնեց, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ դոլարի փոխարժեքի «լողերի» միջոցով հսկայական գումարներ են աշխատում եւ ըստ տնտեսագետի, հնարավոր է՝ այս անգամ էլ կուրսի նման կտրուկ փոփոխությունը հենց այդ պաշտոնյաների «խաղերով» եւ փող աշխատելու մոլուցքով պայմանավորված լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել