Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Մարտ 15,2007 00:00

Ասում է թիվ 39 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Վայոց ձորի մարզպետ Սամվել Սարգսյանը:

– Ինչո՞ւ որոշեցիք մարզպետի աթոռը փոխարինել պատգամավորական մանդատով: Արդյոք պատճառը մտավախությո՞ւնը չէր, որ ԱԺ ընտրություններից հետո առանց այդ էլ կկորցնեք այդ պաշտոնը:

– Նման մտավախություն բացարձակապե՛ս չկա, քանի որ ես ե՛ւ ժողովրդի, ե՛ւ կառավարության գնահատականով՝ շատ նորմալ եմ աշխատում: Եվ պատգամավոր առաջադրվելու որոշումս առավել կայացվեց «ներքեւում»՝ մարդկանց հետ շփումների ընթացքում: Հսկայական աշխատանք է կատարվել մարզում իմ պաշտոնավարման տարիներին, լուծվել են շատ գլոբալ խնդիրներ: Մեր մարզում կար այդ դառը փորձը՝ ինչ-որ մեկը Երեւանից գալիս, դառնում է պատգամավոր ու ընդհանրապես չի զբաղվում մեր խնդիրներով: Ուստի համաձայնություն տվեցի, որ ես լինեմ այդ մարդը, որ կշարունակի արդեն իսկ սկսված ծրագրերը: Ես եւ ընտանիքս ապրում ենք մարզում, եւ նորանշանակ մարզպետի հետ՝ անկախ նրանից, թե նա ով կլինի՝ կփորձենք լուծել առկա խնդիրները:

– Փաստորեն ընտրողները դժգո՞հ են Վայոց ձորի մարզից պատգամավորներ ընտրվածների գործունեությունից:

– Համամասնական ընտրակարգով ընտրված Աշոտ Արսենյանը ե՛ւ Ջերմուկ քաղաքի, ե՛ւ մարզի համար իրոք շատ բան է արել: Իսկ մնացած պատգամավորները, կարող եմ ասել, որ ընդհանրապես ոչինչ չեն արել, կամ էլ՝ իրենց հնարավորությունների համեմատ, շատ քիչ բան են արել: Դրա հիմնական պատճառը համարում եմ այն, որ մարզում չեն ապրում, բնականաբար՝ ավելի քիչ են շփվում ընտրողների հետ եւ ծանոթ չեն տեղական խնդիրներին: Իրենց գործունեությունը հիմնականում Երեւանում են ծավալում, ուստի ժամանակի առումով անգամ չեն հասցնում:

– Հայտնի է, որ Ձեր մրցակիցներից մեկին առաջադրել է Ձեր նախկին կուսակցությունը՝ «Օրինաց երկիրը»: Այժմ ՀՀԿ անդամ եք, եւ տեղն է, որ անդրադառնանք ՕԵԿ-ից դուրս գալու պատճառներին: Պաշտոնը նախընտրեցիք կուսակցությունի՞ց:

– Հիմնական պատճառն այն էր, որ ոչ մի ցանկություն չունեի ընդդիմություն դառնալու: 3 տարի աշխատել էի իբրեւ մարզպետ: 3 տարի աշխատել էի կառավարության եւ հանրապետության նախագահի հետ, ու ավելորդ չեմ համարում նշել, որ չի եղել մարզին առնչվող որեւէ հարց կամ հիմնախնդիր, որ ներկայացվի ու չստանա լուծում: Եվ այդ առաջընթացը պարզապես հնարավոր չէր չնկատել. մարզում իրականացան ժողովրդի նույնիսկ դարավոր երազանքները:

– Այդ ի՞նչ «դարավոր երազանքներ» են իրականացել:

– Կառուցվեցին ոռոգման հսկայական ջրագծեր, 2 տարում մոտ 15 մլն դոլարի չափով ներդրում արվեց ոռոգման համակարգում, իսկ մարզի գյուղատնտեսության համար դա շատ կարեւոր է:

Այդ աշխատանքներն ընթացքի մեջ էին, ու ես պարզապես չէի կարող դառնալ ընդդիմություն ու խաթարել մարզում իրականացվող ծրագրերը: Իսկ կառավարությունն ու վարչապետը որոշեցին, որ ես պիտի մնամ ու աշխատեմ՝ կարող էին նաեւ որոշել, որ չեմ մնալու այդ պաշտոնին: Ի դեպ, ՕԵԿ անդամ դարձել եմ 2003-ին եւ քիչ բան չեմ արել կուսակցության համար: Ու նաեւ մարզային տարածքային կառույցների ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո եկա այդ եզրակացության ու դուրս եկա կուսակցությունից:

– Ձեր մյուս մրցակցին առաջադրել է «Բարգավաճ Հայաստանը»: Այդ կուսակցության եւ ՀՀԿ-ի միջեւ կարծես ներքին պայմանավորվածություն կա՝ միմյանց չխանգարելու շուրջ, եւ շատ քիչ ընտրատարածքներում է, որ իրար դեմ մրցակցելու են այս ուժերի թեկնածուները: Ինչպե՞ս է ստացվել, որ այդ ընտրատարածքներից մեկը հենց 39-նն է, չկարողացա՞ք հասնել համաձայնության:

– Ճիշտն ասած, ինձ համար անսպասելի էր, որ «Բարգավաճ Հայաստանը» թեկնածու առաջադրեց այս ընտրատարածքում: Բայց դա առանձնակի ողբերգություն չէ: Այդ թեկնածուին («Սերգեյ գրուպ» ընկերության խորհրդի նախագահ Սերգեյ Բագրատյանն է.- Ա. Ի.) ժողովուրդը շատ լավ ճանաչում է: Նա անցած ընտրություններին էլ է մասնակցել մեծամասնական ընտրակարգով: Այն ժամանակ նա հարում էր ՀԺԱՄ-ին եւ պարտվեց պատգամավոր ընտրված Սերգեյ Աբրահամյանին:

Թող այժմ արդար պայքարում որոշվի հաղթողը: Եվ մեր մարզում նախընտրական լարվածությունն այդքան մեծ չի:

– Վստա՞հ եք, որ աստիճանաբար չի ավելանա լարվածությունը:

– Վստահ եմ, քանի որ առաջին հերթին՝ մեր հարաբերությունները թշնամական չեն: Եվ հետո՝ չեմ կարծում, թե ժողովուրդը ճիշտ ընտրություն չի անի՝ ե՛ւ կատարված աշխատանք կա, ե՛ւ մաքրություն:

– Սակայն այժմ առավել առաջին պլան են մղվել այն չափորոշիչները, թե ինչ կառաջարկվի ընտրողներին՝ ե՛ւ գումարների, ե՛ւ զանազան ծառայությունների տեսքով: Հնարավո՞ր է խուսափել նման խոստումներ տալուց:

– Ցավոք, դա կա: Բայց հուրախություն մեզ՝ մեր մարզում նման բաներն այդքան խիստ արտահայտված չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել