Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԿԱՊ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ԿԱԽՈՒՄ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ»

Մարտ 14,2007 00:00

\"\"Կամերային երաժշտական թատրոնի նախկին տնօրեն Լեւոն Աբրահամյանը ԱՄՆ-ում ուսանելուց հետո մտադիր է Երեւանում իր թատրոնը հիմնել:

Անցյալ տարի մշակույթի նախարարությունը աշխատանքից ազատել էր Երաժշտական կամերային թատրոնի տնօրեն Լեւոն Աբրահամյանին, որն էլ իր հերթին ազատել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար, բոլոր տնօրենների հետ մշտապես խնդիրներ ունեցող Արմեն Մելիքսեթյանին: Նախարարությանը դատի տված Լ. Աբրահամյանն այժմ գտնվում է ԱՄՆ-ում: Նա «Առավոտին» տեղեկացրեց, որ արթ-մենեջմենթ է ուսումնասիրում Լոս Անջելեսի լավագույն կրթական հաստատություններից մեկում:

– Հնարավո՞ր է ԱՄՆ-ից վերադառնալուց հետո նոր թատրոն հիմնեք:

– Այո, նման մտահղացում վաղուց ունեի: Բայց դրանից առաջ նախ պետք է 1-2 տարի սովորեմ, լուրջ մասնագետների հետ շփվեմ: Արդեն հասցրել եմ ծանոթանալ Հոլիվուդի որոշ պրոդյուսերների ու կոմպոզիտորների հետ, ուզում եմ ոչ միայն թատրոնի, այլեւ կինոյի ասպարեզում քայլեր անել: Հենց վերադառնամ՝ բացելու եմ իմ սեփական թատրոնը, որը ոչ մեկից, այդ թվում՝ անկապ ու անիմաստ նախարարներից, կախում չի ունենա: Հայաստանում բազմաթիվ շնորհալի երիտասարդ ռեժիսորներ եւ դերասաններ կան, որոնց ճանապարհը դիտմամբ փակում են, խանգարում աշխատել: Ես միայն նոր սերնդի հետ եմ աշխատելու, որ ասելիքն էլ նոր լինի: Եթե հիշում եք՝ անցյալ տարվա վերջին փորձում էինք նոր ներկայացում անել՝ նոր ռեժիսորով (խոսքը Մոսկվայում սովորած եւ արտերկրում ուսումնական պրակտիկա անցած Նաիրե Ստեփանյանի մասին է, ով պատրաստվում էր բեմադրել Ռոբերտ Ամիրխանյանի «Ատամնաբույժն արեւելյան» մյուզիքլը՝ ըստ Հակոբ Պարոնյանի համանուն երկի- Գ. Հ), շատ լավ բան կստացվեր, ափսոս՝ չթողեցին աշխատել…

– Լեւոն Աբրահամյան-մշակույթի նախարարություն դատը շարունակվում է, սակայն դուք Հայաստանում չեք…

– Մշակույթի նախարարությունն արդեն 3 անգամ այն հետաձգել է ինչ-ինչ պատճառներով: Ես հասկանում եմ, որ շանսեր չունեմ այդ դատը շահելու, քանի որ գրիչն էլ է իրենց ձեռքին, թուղթն էլ: Ինչ ուզենան՝ կանեն: Ուղղակի ցավում եմ, որ ոչ կոլեկտիվը, ոչ նախարարությունը հաշվի չառան իմ աշխատանքը, հազարավոր դոլարների ներդրումներս թատրոնում: Միայն «Կարինեի» ու «Լիլիթի» վրա իմ գրպանից 1մլն 100 հազար դրամ եմ ծախսել: Նախարարն ասում էր՝ փողդ հետ կտամ, դե թող վերադարձնի, թե չէ՝ մեծ-մեծ խոսում է: Ստուգողներ էլ բերեցին վրաս, ոչ մի բան չգտան: Հիմա զրո տնօրեն են նշանակել, որն ի վիճակի չէ աշխատել: 4 ամսվա մեջ ոչ մի ներկայացում չեն բեմադրել: Գուցե ինքը շատ լավ մարդ է (նկատի ունի Կամերային երաժշտական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանին- Գ. Հ.), բայց հաստատ՝ ոչ լավ տնօրեն:

– Տեղյա՞կ եք, որ Դավիթ Հակոբյանը ցանկանում է աշխատել նախկին գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանի հետ: Ձեր կարծիքով՝ նրանց համագործակցությունը կստացվի՞:

– Տեղյակ չեմ, չի էլ հետաքրքրում…Լսել եմ միայն, որ վերջերս մի լավ ծեծել են իրար:

– Ասուլիսներից մեկի ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարծիք էր հայտնել, թե Մյուզիքլի թատրոնը Հայաստանում ապագա չունի, նրա գոյությունն արդարացված չէ: Համամի՞տ եք ասվածին:

– Իհարկե, մշակույթի «հզոր» նախարարն այդպես կասի, կասի՝ թատրոն պետք չէ, շենքն էլ պետք չէ, որ սեփականաշնորհեն- ուտեն: Խոսքը հատկապես թատրոնի վարչական մասին է վերաբերում, որը գտնվում է կենտրոնում: 600 քառակուսի տարածքը բազմապատկեք 2000 դոլարով, տեսեք ինչ թիվ կստանաք… Տնօրեն եղածս ժամանակ 5 նամակ եմ գրել Կենտրոնի թաղապետարան, որ պայմանագիր կնքեն մեզ հետ՝ տարածքն օրինական զբաղեցնելու մասին, ոչ մի պատասխան չեմ ստացել: Պարզ չէ՞, թե ինչու:

– Ձեր հեռանալը որեւէ կապ ունի՞ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:

– Չէ, բայց մյուս կողմից էլ լավ է, որ այս շրջանում Հայաստանում չեմ լինելու: Եթե էդտեղ լինեի, ստիպված պիտի ներքաշվեի այդ ամենի մեջ, իսկ ինձ դա 1000 տարի պետք չէ, թող որքան ուզում են իրար միս ուտեն, տրաքացնեն, ես որոշել եմ հանգիստ ու խաղաղ ապրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել